ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ «Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում տեղի է ունեցել աննախադեպ բացօթյա համերգ:
Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպսիսկոպոս Աջապահյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Երևանի և Գյումրու կրթական ու մշակութային հաստատությունների տնօրեններ, աշխատակիցներ, սպենդիարյանական արվեստի երկրպագուներ:
Փառատոնի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջույնի խոսքում նախ իր խոնարհումն է բերել վերջերս երկրային կյանքին հրաժեշտ տված կոմպոզիտոր, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն Վլադիլեն Բալյանի լուսավոր հիշատակին։
«Այսպիսի մշակութային միջոցառումները հանրային ինքնահաղթահարման ակցիաներ են, դրանով մենք գիտակցում ենք կյանքի շարունակականության անհրաժեշտությունը և պատասխանատվությունը մեր երեխաների ու միջավայրի առջև։ Հոբելյանը մշակութային արժեքի հռչակում է, առավել ևս Ալեքսանդր Սպենդիարյանի դեպքում, քանի որ դրա միջոցով եվրոպական դասական չափանիշները մուտք գործեցին Հայաստան և հիմք դարձան հայ դասական սիմֆոնիկ երաժշտության: Ավելին՝ Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում և ապացույցը, որ եվրոպականը և արևելյանը, ազգայինը և միջազգայինը համակեցության մեջ են ու անհակասականորեն գոյակցող արժեքներ են»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Համերգին մասնակցել են անվանի երաժիշտներ՝ դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանը, Հայկ Մելիքյանը, օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանը, Մագդա Մկրտչյանը (նվագակցող՝ Վալերի Այվազյան), համաշխարհային բեմեր նվաճած պատանի երաժիշտներ Աիդա Ավանեսյանը (Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սան), Արտյոմ Իոնիսյանը, Արթուր Գրիգորյանը, Էլեն Խաչիկյանը, Անդրեյ Կուրբետը, Պոլինա Շարաֆյանը, Դավիթ Բաբայանը («Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամներ, գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Բաբախանյան):
Համերգային ծրագրում հնչել են կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները: Ի դեպ, կայացել են պրեմիերաներ․ Սպենդիարյանի երկու ստեղծագործություն՝ «Գուշակուհին»՝ քառաձեռն դաշնամուրի համար, և «Ալմաստ» օպերայից «Ալմաստի պարը»՝ Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրմամբ, որոնք հնչել են համերգային առաջին կատարմամբ:
Համերգի ավարտին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը խորին շնորհակալություն է հայտնել համերգի մասնակից բոլոր երաժիշտներին, համերգի իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց ու կառույցներին:
«Թեպետ աշխարհի և Հայաստանի համար ծանրագույն այս ժամանակաշրջանում կազմակերպիչների համար հոգեբանորեն դժվար էր իրականացնել այս ծրագիրը, սակայն փառատոնի մարդաշատությունը, Հայաստանի տարբեր քաղաքներից համերգին մասնակցելու ժամանած մեր հայրենակիցները փաստում են, որ մեր ազգային իրական արժեքները կարևորելու, պահպանելու և արժանապատվորեն կրելու գիտակցություն կա, և այդ գիտակցությունը կարոտ է մեծանալու ու ծավալվելու»,- նշել է Մարինե Օթարյանը:
Նշենք, որ 2021 թվականի նոյեմբերի 1-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150–ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ Հոբելյանական միջոցառումներն իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Հայաստանում հոբելյանական պետական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ Հայաստանում և արտերկրում: Միջոցառումների համակարգման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնում է կոմպոզիտորի տուն-թանգարանը:
Հոբելյանական տարվա շրջանակում սեպտեմբերի 4-5-ին Գյումրիում անցկացվել է «Ալեքսանդր Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնը. սեպտեմբերի 4-ին ԵՊԿ Գյումրու մասնաճյուղում կայացել է հանդիպում՝ «Սպենդիարյանը Հայաստանում» խորագրով: Ստորագրվել է համագործակցության հուշագիր Սպենդիարյանի տուն-թանգարանի և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի միջև: Ներկայացվել է դասախոսություն, որի բանախոսները Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանն էին: Ցուցադրվել է տուն-թանգարանի գիտաշխատողներ Ինեսա Խաչատրյանի և Տաթևիկ Տանանյանի հեղինակած «Իրականացված երազանք» տեսաֆիլմը, որում պատմվում և բացառիկ նյութեր են ցուցադրվում Սպենդիարյանի և նրա ուսուցիչ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործական փոխհարաբերությունների մասին: Հանդիպումը եզրափակվել է համերգով՝ ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի ուսանողների մասնակցությամբ: Փառատոնի գործընկերն է «Ֆորմիկա Արթ Պրոդաքշնը» ընկերությունը (պրոդյուսեր՝ Շահեն Նազարենկո):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…