Կարևորելով կրթական բարեփոխումների վերաբերյալ ուսումնական հաստատությունների աշխատակիցների առաջարկությունները և մտահոգությունները՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային քննարկում է ունեցել Հրազդանի Հովսեփ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոցում:
ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնած հանդիպմանը մասնակցել են Կոտայքի մարզի նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 170 աշխատակիցներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Խաչատրյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընդգծել է հատկապես մարզերում նմանօրինակ հանդիպումների, կարծիքներ փոխանակելու և ըստ այդմ՝ աշխատանքն առավել թիրախային ու արդյունավետ դարձնելու կարևորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության ոլորտի քաղաքականությունը, բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները և դրանց շրջանակում մշակվող իրավական փոփոխությունները:
Անդրադառնալով առարկայական նոր չափորոշիչներին ու ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 1-ից դրանք փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ փորձարկվելու է նաև ֆինանսավորման կարգը. «Փոփոխելով գնահատման ձևերը և տարրական մակարդակում հրաժարվելով միավորային գնահատումից՝ անհրաժեշտություն է առաջանում վերանայելու ուսուցիչների աշխատանքի կառուցվածքը, դրույքաչափը: Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա առարկայական նոր ծրագրերի փորձարկման ժամանակ կփորձարկվի նաև ֆինանսական բաղադրիչը: Տարրական դասարաններում, որտեղ ոչ միավորային գնահատում է, առաջարկում ենք ուսուցչի աշխատաժամանակի հետևյալ կառուցվածքը՝ շաբաթական 18 դասաժամ և 4 ժամ գնահատման համար, որը վճարվելու է, իսկ միջին և ավագ դպրոցում, որտեղ լինելու է միավորային գնահատում՝ 20 դասաժամ և 2 ժամ գնահատման համար: Բացի դրանից՝ դպրոցները ֆինանսավորվելու են առավելագույն ժամաքանակով, որն ուսումնական հաստատությանը թույլ կտա ֆինանսավորել նաև խմբակները, այդ թվում՝ առողջ ապրելակերպի, մասնագիտական կողմնորոշման»:
Խոսելով համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման մասին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կան դժվարություններ, որոնց լուծման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են ընթանում:
«Այո՛, անցել ենք ներառական կրթության, սակայն դրանով խնդիրները չեն լուծվել: Բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք: Ակտիվ աշխատում ենք Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ, որը մեր հիմնական մասնագիտացված կենտրոնն է: Առաջիկայում ունենալու ենք քննարկումներ՝ ՏՄԱԿ-ների, ռեսուրս կենտրոնների աշխատանքային մոդելը հասկանալու, հատուկ դասընթացների, վերապատրաստումների կազմակերպման և եղած միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով: Դիտարկվում են նաև դեռևս գործող հատուկ դպրոցները ռեսուրս կենտրոնների վերածելու տարբերակը և իրենց կողմից վերապատրաստման դասերի անցկացումը: Ցավոք, այս պահին ոլորտում առկա խնդիրներին 100% լուծում չկա: Սա գործընթաց է, որի միջով անցնում և այդ ընթացքում սովորում ու լուծումներ ենք գտնում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման արդյունքում իրավական դաշտում ևս լուրջ փոփոխությունների կարիք է առաջացել:
Ներկաները հետաքրքրվել են, թե նոր ուսումնական տարում ինչպես է կազմակերպվելու դասապրոցեսը:
«ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումն է՝ դասապրոցեսը կազմակերպել ինչպես մինչ համավարակն էր՝ հրաժարվելով դասարանները խմբերի կիսելու քաղաքականությունից, բայց և խստիվ պահելով հակահամաճարակային կանոնները: Թեմայի շուրջ առաջիկայում քննարկումներ կլինեն Առողջապահության նախարարության հետ: Պետք է հասկանանք նաև ԱՆ-ի դիրքորոշումը և դրա հնարավոր անդրադարձը կրթական համակարգի վրա: Ցանկացած պարագայում կրթական գործընթացի շահերն ու առաջնահերթությունները չպետք է տուժեն: Այսինքն՝ պետք է փոխշահավետ լուծում, երբ և՛ առողջապահական իրավիճակն է հաշվի առնվում, և՛ կրթական գործընթացի տրամաբանությունն ու որակը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և տեղեկացրել, որ այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում միջազգային գործընկերների հետ՝ դպրոցներին անհրաժեշտ հակահամաճարակային միջոցներով ապահովելու նպատակով:
Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման թեմայի շուրջ եղած ապատեղեկատվական հոսքերից և դրանք կանխելու կարևորությունից. «Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված նոր պայմաններում և ընդունենք, որ ամբողջ աշխարհում համավարակի հաղթահարման արդյունավետ միջոցը պատվաստվելն է: Կրթելու գործառույթը ենթադրում է հանրային պատասխանատվություն, ուստի կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչ է տարածում՝ ապատեղեկատվությո՞ւն, տագնա՞պ»:
Անդրադառնալով կամավոր ատեստավորման և վերապատրաստումների թեմային՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բոլոր գործընթացները կազմակերպվում են՝ ի շահ ուսուցիչների:
«Կամավոր ատեստավորման հետ կապված ուսուցիչների շրջանում որոշակի անորոշություն կա, անգամ մտահոգություններ են հնչում, որ գործընթացը կարող է հանգեցնել կրճատումների: Վստահեցնում եմ, որ նման բան չկա, մեր նպատակը լավ արդյունքներ գրանցող ուսուցիչներին խրախուսելն է: Միևնույն ժամանակ այն ուսուցիչները, որոնք կտեսնեն՝ մասնագիտական զարգացման կարիք ունեն, կմասնակցեն համապատասխան ծրագրերի»,- փաստել է ԿԳՄՍ փոխնախարարը և հավելել՝ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգումը, և ոչ ավելի ուշ, քան նոյեմբերից ուսուցիչները կստանան հավելավճարներ:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ շուտով ներկայացվելու է հանրակրթության ոլորտի վերապատրաստումների նոր ծրագիրը: Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ վերապատրաստումները պետք է լինեն տարբերակված, քանի որ ուսումնական հաստատություններով, ուսուցչի փորձառությամբ և այլ գործոններով պայմանավորված՝ մեկ ծրագիրը չի կարող բոլորի համար նույնքան արդյունավետ լինել:
«Այս տարի հերթական ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստման համար երաշխավորվել է 50 կազմակերպություն: Վերապատրաստումներից հետո ուսուցիչներից կստանանք արձագանք, կգնահատենք իրավիճակը, որակը և ըստ այդմ՝ կորոշենք հաջորդ քայլերը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Ներկաները քննարկել են նաև ուսումնական հաստատությունների՝ սեյսմիկ անվտանգության չափանիշներին համապատասխանությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ դիտարկվում է առաջնահերթ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող 300 դպրոցի ցանկ: Փոխնախարարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները դիտարկվում են ամբողջության մեջ. «Դպրոցը միայն անվտանգ շենքը չէ: Անհրաժեշտ է նաև լաբորատոր հագեցվածություն: Երեխաները պետք է հաճախեն պատշաճ պայմաններով ուսումնական հաստատություններ: Պետք է ապահովենք լավագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունների աշխատակիցներին սոցիալական փաթեթ հատկացնելուն, ՏՄԱԿ-ների գործունեության արդյունավետությանը, ուսուցիչների օգնականների գործառույթներին, մեթոդական պատրաստվածությանը, նախադպոցական հաստատությունների լիցենզավորմանը, հաստիքացուցակներին վերաբերող և այլ հարցեր:
Ամփոփելով հարցուպատասխանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը խոսել է անկաշկանդ քննարկումների և համագործակցային միջավայր ունենալու անհրաժեշտության մասին. «Բոլորս մեկ գործ ենք անում: Մեկս մյուսին պետք է օգնի, քանի որ այն գիտելիքները և փորձը, որ դուք ունեք, չունենք մենք: Դուք եք ամեն օր աշխատում երեխաների հետ, ուստի խնդիրների լուծման համար շատ կարևոր է մեր համագործակցությունը: Մենք բոլոր ծրագրերը, բարեփոխումները պետք է կազմակերպենք ձեր առաջարկությունների և մտահոգությունների հիման վրա: Այդ գործընթացում շատ կարևոր է փոխադարձ վստահությունը և խնդիրները բարձրաձայնելու ազնվությունը: Բոլորս ցանկանում ենք մեր երեխաներին տալ լավագույն կրթությունը, բայց և տեսնում ենք, որ այդ ճանապարհին բազում խնդիրներ կան: Եթե պատրաստ ենք բարձրաձայնել դրանք, նշանակում է՝ պատրաստ ենք փոփոխությունների: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նախորդ՝ շատ ծանր ուսումնական տարին պատվով անցկացնելու համար: Կրթական համակարգն այս շրջանում հերոսաբար դրսևորեց իրեն: Շնորհակալ եմ ձեզ այդ աշխատանքի համար»:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան