ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջիկա օրերին հայ ծանրորդները կստանան նոր մարզագույք

Հուլիսի 8, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերի համար նախատեսված 1 մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը (10-ական՝ տղամարդկանց և կանանց համար) առաջիկա օրերին կլինեն Հայաստանում:

Այդ մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նրա խոսքով՝ այդպիսով հայ ծանրորդները կմարզվեն ժամանակակից չափանիշներին համապատասխանող մարզագույքով:

Այսպես, Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան խաղերի մեկնարկը որոշակի ժամանակահատված կհասցնեն մարզվել IWF-ի կողմից Տոկիո-2020-ի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով:

Հիշեցնենք, որ գործադիրի նախորդ նիստում որոշում էր կայացվել հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծանրամարտի հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի մարզումները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու նպատակով: Նախատեսված էր ձեռք բերել ծանրաձողերի 7 լրակազմ, սակայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ` որոշման նախագծում կատարվել է փոփոխություն, ինչի արդյունքում ծանրորդները կստանան 1 մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար:

Նշենք նաև, որ ներկայում հայ ծանրորդները մարզվում են համեմատաբար հին և միջազգային չափանիշներին չհամապատասխանող մարզագույքով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն