ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի արդյունքները․ ամփոփիչ համաժողով

Հունիսի 11, 2021

Աղվերանում հունիսի 10-11-ը տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովը։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցության շրջանակում՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի, Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի Գյուղատնտեսության, անտառային և պարենային գիտությունների դպրոցի (HAFL) կողմից՝ Շվեյցարիայի եկեղեցու օգնություն կազմակերպության (HEKS/EPER) ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի արդյունքում Սյունիքի մարզի երկու քոլեջներում՝ Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) Սիսիանի մասնաճյուղում, որտեղ իրականացվում է նաև միջին մասնագիտական կրթական ծրագիր, վերանայվել և ներդրվել են «Անասնապահություն» ու «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտությունները։ Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և խորհրդատվական ծառայությունների զարգացմանը և հասանելի դարձնել աշխատաշուկային միտված գործնական կրթությունը՝ անասնաբուժության, կաթի վերամշակման և ֆերմերներին խորհրդատվական ծառայությունների մատուցման ոլորտներում:

Հնգամյա ծրագրի իրագործման շնորհիվ գյուղատնտեսության ոլորտի վերոնշյալ երկու մասնագիտությունների համար մշակվել և ներդրվել են կրթական նոր չափորոշիչներ ու մոդուլներ, մշակվել և տպագրվել են ուսումնական ձեռնարկներ, կազմակերպվել են դասավանդող մասնագետների վերապատրաստումներ, ուսումնական հաստատությունները համալրվել են տեխնիկապես հագեցած ուսումնական լաբորատորիաներով, ընդլայնվել է գործատու-ՄԿՈՒ հաստատություններ համագործակցությունը՝ տարբեր մասնավոր տնտեսվարողների հետ գործնական կապերի հաստատմամբ։

Ծրագրի ամփոփիչ համաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների, ԿԳՄՍ նախարարության, գործատուների և սոցիալական գործընկերների ներկայացուցիչներ։ Քննարկմանը հեռավար եղանակով միացել են նաև Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) գլխամասային գրասենյակի Եվրոպայի և Ասիայի բաժնի վարիչ Մարկ Զոսը, Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, համագործակցող միջազգային կառույցների այլ ներկայացուցիչներ։

Աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ներդրում

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային և տեղական գործընկերներին՝ շեշտելով, որ Հայաստանի համար տնտեսության մեջ հավելյալ արդյունքի ստեղծման առումով գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունների զարգացումն ունի ռազմավարական կարևորություն։

«Ձեռք բերված արդյունքներն ու գրանցված հաջողությունները ցույց են տալիս, որ ստեղծվել է կայուն գործընկերություն, որը մեզ հնարավորություն է տվել «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի շրջանակում մշակված կրթական չափորոշիչներն ու մոդուլները ներդնել նաև այլ ՄԿՈՒ հաստատություններում։ Ծրագրի շրջանակում ստեղծված ուսումնական ձեռնարկներն իրենց բնույթով եզակի են և համապատասխան մասնագիտությամբ ՄԿՈՒ հաստատությունների սովորողների և դասավանդողների համար ունեն կարևոր նշանակություն։ Սա տարբեր ծրագրերի համատեղմամբ սիներգետիկ էֆեկտ ստանալու լավագույն օրինակներից մեկն է։ Մասնավորապես Եվրոպական միության աջակցության ծրագրով այժմ զուգահեռաբար ընթացքի մեջ է գյուղատնտեսական մասնագիտությունների և ՄԿՈՒ ոլորտի զարգացման հայեցակարգի մշակումը։ Միաժամանակ ՀՀ պետական բյուջեի առաջիկա ծրագրում արդեն ներառված է Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի վերակառուցումն ու տեխնիկական վերազինումը»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը նպաստել է նաև ՄԿՈՒ ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՀՈՒ) մոդելի ներդրմանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ քննարկվում է ԱՀՈՒ մոդելի ներդրման օրենսդրական փաթեթը։

«Համոզված ենք, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցումը կտա զարգացման ավելի լայն հնարավորություններ՝ բարձրացնելով քոլեջների և ուսումնարանների գործունեության ինքնուրույնությունը և արդյունավետությունը»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է միջազգային գործընկերների արդեն կատարած ներդրումը և հաջորդ փուլի համար պատրաստակամ է քննարկել համագործակցության շարունակությունը։

Նոր մոդուլներ, վերանայված չափորոշիչ, ուսումնական նոր ձեռնարկներ

ԿԳՄՍ նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ արդեն չորրորդ տարին է, ինչ ՀՀ մի քանի ՄԿՈՒ հաստատություններում դուալ համակարգի և աշխատանքի վրա հիմնված ուսուցման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել՝ նաև այլ դոնոր միջազգային կազմակերպությունների և տեղական սոցիալական գործընկերների աջակցությամբ։

«Սյունիքի մարզի ՄԿՈՒ հաստատություններում փորձարկված ծրագիրը տարածվել է նաև այլ մարզերում, մասնավորապես Լոռիում, Շիրակում՝ առայժմ ոչ ֆորմալ կրթության ձևով։ Մասնավորապես մշակվել են չորս տեսակի պանիրների արտադրության կարճաժամկետ ծրագրեր։ Մեր առաջնային նպատակներից մեկը ծրագրի աշխարհագրության ընդլայնումն է, որի ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում»,- նշել է վարչության պետը։

ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրեն Տաթևիկ Գասպարյանի խոսքով՝ ծրագրի հաջողվածությանը մեծապես նպաստել է համապարփակությունը, քանի որ այն ներառել է կրթական ծրագրի բոլոր հիմնական բաղադրիչները․ «Ծրագիրը սկսվել է կրթական երկու չափորոշիչների և մոդուլների վերանայումից՝ հիմք ընդունելով շվեյցարական փորձը։ Վերապատրաստվել են շուրջ մեկուկես տասնյակ դասախոսներ, և ներդրվել է ֆորմալ կրթական ծրագիր, մշակվել և հրապարակվել են ուսումնական ձեռնարկներ, որոնք հասանելի են ՄԿՈՒԶԱԿ-ի կայքում։ Մշակվել է 4 կարճաժամկետ կրթական ծրագիր, բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ, կատարվել են վերապատրաստումներ»։

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ներկայացնելով գործակալության վերջին 4-5 տարիների գործունեությունը, նշել է, որ դրանում առանձնակի կարևորվել է տարածքային համաչափ զարգացումը։

«Մեծ ուշադրություն է հատկացվել հեռավոր մարզերի զարգացման ծրագրերին, և այդ նպատակով աշխատանքներ են տարվել տարածքային կառավարման և կրթության ոլորտների կառավարման մարմինների հետ»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այդ համատեքստում է իրականացվել նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրը։

Միջազգային գործընկերները գոհ են

Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) գլխամասային գրասենյակի Եվրոպայի և Ասիայի բաժնի վարիչ Մարկ Զոսն էլ կարևորել է Սյունիքի մարզում իրականացված ծրագրի արդյունավետությունը․ «Մեր ծրագրի նպատակն էր համակողմանիորեն աջակցել քաղաքացիական հասարակությանը, պետական կառավարմանը, ՄԿՈՒ հաստատություններին։ Կարող ենք արձանագրել, որ ծրագրի ավարտին ունենք շոշափելի արդյունքներ, որոնք համագործակցությունը շարունակելու ոգևորիչ նախադրյալներ են։ Կարևոր է, որ ծրագրի փորձարկումը խթանել է ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների արդյունավետությունը»։

Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC) տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը ևս շեշտել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ կարևորելով կուտակված լավագույն փորձի վերարտադրությունը նաև Հայաստանի մյուս մարզերում․ «Մեր առաջնահերթ նպատակը մեր առաջիկա գործընկերության քննարկումն է։ Ուրախ եմ տեղեկացնել, որ Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC) առաջիկա ծրագրերի քննարկման ընթացքում Հարավային Կովկասի տարածաշրջանային նախագծերում մեծ տեղ է տրվել նաև ՀՀ-ի հետ համագործակցությանը»։

Աշխատաժողովի ընթացքում «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է ծրագրի զարգացման ընթացքը և արդյունքները։

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Նունե Ավետիսյանն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցն էլ ներկայացրել են իրենց ուսումնական հաստատությունների զարգացման փորձը՝ ներդրված կրթական ծրագրերի արդյունքներով պայմանավորված։

Երկօրյա աշխատաժողովը շարունակվել է խմբային քննարկումների ձևաչափով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Մենախոսություն և երկխոսություն

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ ԱՎ

    Մենախոսություն և երկխոսություն Կիրառելի և հետաքրքիր դասեր են, Անուշ ջան, տեսական նյութերն ուղեկցվում են գործնական աշխատանքներով, որոնք շատ կարևոր են ուսուցման գործընթացում:

  • Մենախոսություն և երկխոսություն

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ ԱՎ

    Մենախոսություն և երկխոսություն Կիրառելի և հետաքրքիր դասեր են, Անուշ ջան, տեսական նյութերն ուղեկցվում են գործնական աշխատանքներով, որոնք շատ կարևոր են ուսուցման գործընթացում:

  • ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

    Թեմայի հեղինակ՝ LusineJS

    երկխոսությունն ու մենախոսությունը հունական ծագում ունեցող բառեր են, որոնք բնորոշում են տեքստի տեսակը՝ կախված նրանից, թե քանի մարդ է ներգրավված խոսքում: Մեր դասի նպատակն է

  • ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՀԱՆՐԱՀԱՇՎԻ ԴԱՍԱԺԱՄԻՆ

    Թեմայի հեղինակ՝ movsisyan.karine

    Հանրահաշվի դպրոցական ծրագրերում ընդգրկված համարյա բոլոր գաղափարները այս կամ այն կերպ առնչվում են ֆունկցիայի հասկացության հետ: Դպրոցականների ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի

  • ԳԻՏԵԼԻ՞Ք,թե՞ ՀՄՏՈՒԹՅՈՒՆ...3-ՐԴ ՄԱՍ

    Թեմայի հեղինակ՝ gohar66

    Թեմայի այս բաժնում ձեզ եմ ներկայացնում տարբեր հնարներ և մեթոդներ,որոնք կնպաստեն և՞գիտելիքների,և՞ հմտությունների զարգացմանը....շարունակելի