ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորում. մամուլի ասուլիս

Մայիսի 10, 2021
Հարցազրույցներ, ելույթներ

Մայիսի 3-ից մեկնարկել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումների ընդունման գործընթացը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է կամավոր ատեստավորման գործընթացին և ժամկետներին, ինչպես նաև հանրությանը ևս մեկ անգամ իրազեկել կամավոր և պարտադիր ատեստավորման տարբերությունների մասին:

Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորում

Փոխնախարարը տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորման նպատակը մասնագիտական զարգացման բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին խրախուսելն է և նրանց հավելյալ վարձատրելը: Այս տարի կամավոր ատեստավորման գործընթացը վերաբերելու է 7-12 դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներին: Նա փաստել է, որ կամավոր ատեստավորումը ենթադրում է փուլային ներդրում, և կախված առաջին փուլի արդյունքներից՝ հետագայում կքննարկվեն դրա հնարավոր լրամշակումը և որոշ խմբերի ուսուցիչների համար այն պարտադիր դիտարկելու հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կամավոր ատեստավորման մասնակցելու գործընթացը հնարավորինս պարզեցվել է. ավելորդ որևէ փաստաթուղթ չի պահանջվում՝ ԿԳՄՍ նախարարի անունով դիմում, դպրոցից տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը և գտնվելու վայրը, ինչպես նաև բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը: Բանախոսը մանրամասնել է, որ մինչև մայիսի 31-ը հավակնորդները կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն ինչպես առձեռն, այնպես էլ էլեկտրոնային փոստով: Մինչև օգոստոսի 20-ը ԳԹԿ-ի միջոցով կհրապարակվի ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգման ժամանակացույցը: Կախված դիմումների քանակից՝ որոշում կկայացվի Երևանում, գուցե նաև մարզերում գիտելիքների ստուգման կենտրոններ ունենալու վերաբերյալ, որպեսզի հենց տեղերում գործընթացը կազմակերպվի: Սեպտեմբերին կկազմակերպվի գիտելիքների ստուգման բուն գործընթացը, որի արդյունքներով 90 տոկոս և ավելի միավոր ստացած ուսուցիչները կստանան 50 տոկոս, իսկ 80-89 տոկոս միավոր հավաքածները՝ 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա:

«Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի, սակայն նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց, որպեսզի հավաստիանանք՝ արդյոք այդ ընթացքում նա աշխատել է իր վերապատրաստման ուղղությամբ և նվազագույն մակարդակ ապահովել: Եթե դրանից հետո էլ արդյունքը բավարար չլինի, հնարավոր է որոշում կայացվի՝ այդ ուսուցչի հետագա պաշտոնավարման վերաբերյալ: Մեր նախնական գնահատականով՝ ակնկալում ենք 2000-ից ավելի դիմումներ, որոնցից 1500-ից ավելի ուսուցիչներ կկարողանան անցնել ատեստավորումը և մինչև տարեվերջ ստանալ հավելավճար: Ամեն օր ստանում ենք շուրջ 10 դիմում. կարծում եմ, որ վերջին օրերին ակտիվությունն ավելի կմեծանա»,- նշել է փոխնախարարը:

Ժաննա Անդրեասյանը պատասխանել է գործընթացի վերաբերյալ ուսուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի, մասնավորապես, արդյոք լինելու է ձևանմուշ, որպեսզի ուսուցիչները պատկերացնեն իրենց ներկայացվող պահանջները: Ըստ փոխնախարարի՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում ԳԹԿ-ն կհրապարակի կոնկրետ առարկաների գծով գրականության ցանկերը. կլինեն նաև որոշակի ուղեցույցներ, որոնք պատկերացում կտան՝ ինչպիսի հարցեր և պատասխաններ է ենթադրում գիտելիքների ստուգման գործընթացը:

Ուսուցիչներին հետաքրքրող մյուս հարցն է, թե արդյոք փոխարինող ուսուցիչը կարող է մասնակցել կամավոր ատեստավորմանը. «Իհարկե, նա կարող է մասնակցել, ուղղակի պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ ժամանակավոր է իրականացնում այդ գործընթացը և, բնականաբար, հավելավճար կստանա միայն փոխարինման ժամանակահատվածի համար: Հարցնում են նաև համատեղությամբ աշխատող ուսուցիչների դիմելու հնարավորության մասին: Եթե ուսուցիչը դասավանդում է նաև բուհում, ապա նա կկարողանա դիմել, քանի որ հանդիսանում է դպրոցի ուսուցիչ և, հետևաբար, ծրագրի շահառու է: Ինչ վերաբերում է մի քանի դպրոցում համատեղ աշխատանքին, ապա ուսուցիչը կկարողանա դիմել իր հիմնական աշխատատեղ հանդիսացող դպրոցից, իսկ եթե ուսուցիչը դասավանդում է մի քանի առարկա, ապա նա կմասնակցի ընդամենը մեկ առարկայի ատեստավորմանը՝ իր ընտրությամբ»:

Ժաննա Անդրեասյանը նաև շեշտել է, որ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները կներառվեն մեկ թեստում, իսկ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները կթեստավորվեն միայն «Հայոց լեզու» առարկայից՝ հաշվի առնելով գնահատման օբյեկտիվությունը պահպանելու անհրաժեշտությունը, քանի որ գրականության պարագայում, ըստ փոխնախարարի, այն ենթադրում է ավելի բարդ ընթացակարգ, և գիտելիքի ստուգումը հայեցողական որոշումների տեղ է թողնում:

Կամավոր ատեստավորումը չի ենթադրում վերապատրաստում. ըստ փոխնախարարի՝ գիտելիքների ստուգման ժամանակացույցը կազմվել է այնպես, որ ուսուցիչը պատրաստվելու բավարար ժամանակ ունենա: Ժաննա Անդրեասյանը նաև շեշտել է, որ նախարարությունն ապահովելու է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների արձանագրած արդյունքների գաղտնիությունը. «Նախարարությունը չի հրապարակելու այդ արդյունքները. յուրաքանչյուր ուսուցչի որոշումն է՝ կիսե՞լ այդ տեղեկատվությունը, օրինակ, իր գործընկերների հետ, թե՞ ոչ: Բոլորս պետք է ուշադիր լինենք անձնական տվյալների պաշտպանության մասով, և մենք մեր կողմից պահպանելու ենք այդ մոտեցումը»:

Պարտադիր ատեստավորում

«Հանրակրթության մասին» օրենքով պահանջ է սահմանված առ այն, որ զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացվում է հերթական պարտադիր ատեստավորում: Այն չի ենթադրում գիտելիքների ստուգում. ուսուցիչը դպրոցի միջոցով ներկայացնում է փաստաթղթեր, և տարածքային կամ հանրապետական հանձնաժողովները դրանց դիտարկման արդյունքում որոշում են կայացնում զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանության վերաբերյալ:

«Այս գործընթացը վերջին երկու տարվա ընթացքում չի իրականացվել, քանի որ դրա համար պատասխանատու հիմնական մարմինը՝ Կրթության ազգային ինստիտուտը, լուծարվել էր: Ներկայում մենք վերսկսում ենք գործընթացը. կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, որն այս գործընթացի նորամուծություններից է, դպրոցները նշում են ատեստավորման ենթակա ուսուցիչների տվյալները, որի հիման վրա ձևավորվում է համապատասխան ցանկ: Պարտադիր ատեստավորման դեպքում պարտադիր է նաև վերապատրաստումը, որն իրականացվում է պետբյուջեի հատկացումներով: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ մենք ապահովել ենք մրցակցային դաշտ. կընտրվեն երաշխավորված տարբեր կազմակերպություններ, և ուսուցիչն ընտրության հնարավորություն կստանա: Արդեն ստացել ենք մի քանի տասնյակ դիմումներ, որոնց թվում են և՛ դպրոցներ, և՛ ուսուցչական կազմակերպություններ, և՛ բուհեր»,-նշել է բանախոսը և հավելել, որ դիմողների թվում շատ են նաև մարզային կազմակերպությունները:

Փոխնախարարի խոսքով՝ պարտադիր ատեստավորման կարևոր փոփոխություններից է նաև այն, որ հետայսու ուսուցիչները հնարավորություն կստանան դասընթացների միջոցով ինքնուրույն կուտակել կրեդիտներ, որոնք նույնպես երաշխավորվելու են. «Եթե նույնիսկ ատեստավորումից առաջ մեկ տարվա ընթացքում ուսուցիչը երաշխավորված ցանկի որևէ դասընթաց է անցել, ապա նա կարող է դրա համար ստանալ համապատասխան կրեդիտներ: Հետևաբար, այն ուսուցիչները, որոնք ակտիվ են, նախաձեռնող և ինքնուրույն հավաքել են ատեստավորման համար անհրաժեշտ առնվազն 9 կրեդիտ, կարող են ավտոմատ ատեստավորվել»:

Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ՝ ներդրվելու են նաև մոնիթորինգի և գնահատման հստակ մեխանիզմներ՝ որոշելու, թե իրականացված վերապատրաստումներն ինչ արձագանք են ստացել, որի արդյունքներով էլ որոշում կկայացվի գործընթացում թողնել միայն բարեխիղճ և որակյալ կազմակերպություններին:

Ուսուցիչներին միտված քաղաքականության վերանայում

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ շուտով շրջանառության մեջ կդրվեն «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որտեղ մեծ տեղ է հատկացվելու ուսուցիչներին միտված քաղաքականության վերանայմանը: Ըստ փոխնախարարի՝ փորձարկվող ծրագրերին զուգահեռ՝ այդ փոփոխությունները համակարգի զարգացման վերջնական պատկերը ստանալու հնարավորություն կընձեռեն:

«Համակարգի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ չնայած ունենք ուսուցիչների տարբեր խմբեր՝ սկսնակներ, փորձառու, բազմահամակազմ դասարաններում աշխատող և այլն, սակայն պետական քաղաքականության մակարդակում այդ խմբերին ուղղված քաղաքականությունը տարբերակված չի եղել: Չէ՞ որ այս ուսուցիչների խնդիրներն ու մասնագիտական զարգացման հարցերը և պետության կողմից նրանց փորձառության ճանաչման ու աջակցման ծրագրերը պետք է հաշվի առնեն իրավիճակների տարբերությունները: Օրինակ՝ պարտադիր ատեստավորումը վերաբերում է վերոնշյալ բոլոր խմբերի ուսուցիչներին, այնինչ հետագայում՝ օրենսդրական համապատասխան փոփոխություններից հետո, պետք է հստակ կողմնորոշվենք, թե որ խմբի համար է կիրառելի գիտելիքների ստուգումը, իսկ որ խմբի համար՝ մասնագիտական զարգացման բոլորովին այլ քաղաքականությունը»,-փաստել է նախարարի տեղակալը՝ այդ համատեքստում հավելելով, որ Բրիտանական խորհրդի և Շեֆիլդի համալսարանի հետ իրականացված աշխատանքների արդյունքում այս տարի ԿԳՄՍ նախարարությունը կունենա մասնագիտական զարգացման հայեցակարգ, որը, համադրելով արդեն իսկ կիրառված գործիքների հետ, կձևավորի ոլորտի զարգացման վերջնական պատկերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…