Դեկտեմբերի 3-ին ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Մոսկվայի «Հայորդյաց տունը» տոնեց հիմնադրման տասնամյակը, որին ներկա հրավիրյալ հյուրերի շարքերում էին թեմի և կրթօջախի բարերարներ, դեսպանության և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ։ Երեկոն նշանավորվեց ոչ միայն տոնական համերգով, այլև կրթօջախի ուսուցիչների՝ թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԿԳՆ կողմից պարգևատրմամբ։ Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է «Հայորդյաց տան» տեղեկատվական կենտրոնից:
2006թ․-ին թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ջանքերով և անձնվիրությամբ, ազգանվեր բարերարների աջակցությամբ Մոսկվայի կենտրոնում գտնվող կիսախարխուլ շենքը վերանորոգվել, կահավորվել և արդեն տասը տարի փոքրիկ Հայաստան և կրթական, հայեցի դաստիարակության կենտրոն է դարձել մոսկվաբնակ հայորդիների և հայերեն սովորել ցանկացող օտարազգիների համար։ Իսկ «Հայորդյաց տան» սաներն ուսումնառության ընթացքում հասել են հայերենի, ՀԱԵ և հայոց պատմության իմացության այնպիսի մակարդակի, որ հայաստանան տարբեր նախարարությւնների կողմից կազմակերպված օլիմպիադաներում վստահորեն մրցում են հայաստանաբնակ իրենց հասակակիցների հետ և վերադառնում հաղթանակած։ Նույնօրինակ հաջողություններ են գրանցվում նաև գեղարվեստական մասում․«Հայորդյաց տան» «Գավիթ» թատրոնը, «Հայասա», «Վարդավառ» պարային համույթները, «Ովսաննա», «Շողեր», «Նորահրաշ», «Կտակ» երգչախմբերը, ժողգործիքների «Ակունք», քանոնահարուհիների «Զատիկ», դհոլահարների «Կոչնակ», դուդուկահարների «Ծիրանի» համույթները, նկարչության, սպորտային խմբակներն ավելի քան հարյուր գրան-պրիների, դափնեկրի դիպլոմների, պատվոգրերի են արժանացել՝ հայ մշակույթն ըստ արժանվույն ներկայացնելով ոչ միայն օտար, այլև հայաստանաբնակ հանդիսատեսին։
Հոբելյանական միջոցառման ավարտին «Հայորդյաց տան» ուսուցիչներ Սվետլանա Միքայելյանը, Սիլվա Գյուլիշյանը, Աննա Թումանյանը, Ջեմմա Կիրակոսյանը, Դավիթ Բեկնազարյանը, Համլետ Ղալեչյանը, Երանուհի Ղազարյանը, Ալվինա Հովհաննիսյանը, Լենա Բեգլարյանը, Արփինե Ամիրյանն արժանացան Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնության և գնահատանքի գրին, իսկ թեմակալ առաջնորդի շնորհավորական խոսքում ասվում էր․ «Դուք, իբրև ազնիվ և երախտարժան մանկավարժ, իբրև բարի սերմնացան ու մշակ, հանձն եք առել սիրով ու հավատքով սնել Ձեզ վստահված մանուկների միտքն ու հոգին, ցանել բարի հունդեր, որոնք պիտի պտղաբերեն, օրհնյալ ու բարեշեն դարձնեն իրենց կյանքն ու հայրենիքը։ ․․․Մեր բարձր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում Ձեր ամբողջանվեր ու նվիրական ծառայության համար»։
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձն ընթերցեց Կարեն Շագալյանը։ Ուղերձում ասվում էր․ «Ուրախությամբ և մեծ սիրով շնորհավորում եմ Մոսկվայի «Հայորդյաց տան» տասնամյա հոբելյանը։ Չնայած գործունեության ոչ շատ մեծ շրջանին` կրթօջախն իրականցում է մեծ աշ[ատանք՝ հայի ձևավորման, երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության, հոգևոր-մշակութային արժեքների պահպանման և զարգացման ուղղությամբ։ Լիահույս եմ, որ կենտրոնը նույն պատվով ու նախանձախնդրությամբ կշարունակի իր գործը»։
ՌԴ-ում ՀՀ արտակարգ դեսպանորդ, լիազոր նախարար Վարդան Հակոբյանը՝ շնորավորելով հոբելյանի առթիվ՝ ասաց․ «Բոլորս չափազանց տպավորված ենք այն ամենով, ինչ տեսանք բեմում։ Այդ ամենը շատ հուզիչ էր, իսկ նման երիտասարդների գոյությունը հպարտությամբ է լցնում մեր սրտերը։ Անգնահատելի է «Հայորդյաց տան» անձնակազմի, մանկավարժների աշխատանքը, որի պտուղը ծառայելու էմեր ազգին և հայրենիքին։ Իմ շնորհակալությունը թեմակալ առաջնորդին իր ազգանվեր գործունեության համար։ Մենք սովոր ենք հաջողությամբ ավարտված տեսնել ցանկացած նախաձեռնություն, որն իրականացվում է Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի ջանքերով, իսկ «Հայորդյաց տունը» եկավ մեկ անգամ ևս վերահաստատելու այս համոզմունքը»։
Վարդան Հակոբյանի խոսքին հաջորդեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներով պարգևատրումը, որին արժանացան «Հայորդյաց տան» հոգևոր տեսուչ Տեր Առաքել քահանա Ամիրյանը, տնօրեն Հմայակ Գևորգյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Երանուհի Ղազարյանը։
Սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում ներդրած ավանդի, մայրենիի պահպանման և տարածման, երիտասարդներին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու համար Սփյուռքի նախարարության պատվոգրերով պարգևատրվեցին «Հայորդյաց տան» ուսուցչուհիներ Սվետլանա Միքայելյանը, Ալվինա Հովհաննիսյանը, Լենա Բեգլարյանը, Աննա Թումանյանը, Ջեմմա Կիրակոսյանը, Արմինե Իջյանը։
Հայ երիտասարդներին հայեցի և ազգային ոգով դաստիարակելու գործում ներդրած ավանդի համար Տեր Առաքել քահանա Ամիրյանը և տնօրեն Հմայակ Գևորգյանը պարգևատրվեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվոգրերով։
Հայաստանի հետ բարեկամության ռուսաստանյան կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Վիկտոր Կրիվոպուսկովի կողմից Տեր Առաքել քահանա Ամիրյանն ու Հմայակ Գևորգյանը պարգևատրվեցին ռուս-հայկական՝ հումանիտար և մշակութային կապերի զարգացման համար Բրյուսովի անվան մեդալով։
Տոնական համերգի նպատակը «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնի գործունեությունը հնարավորինս ամբողջական ներկայացնելն ու տասնամյակի ընթացքում ունեցած ձեռքբերումներին անդրադառնալն էր։ Տեսաֆիլմերի, երաժշտական և պարային համարների միջոցով կրթօջախի գեղարվեստական ղեկավար Շուշանիկ Գևորգյանը ներկայացրեց ազգապահպանման գործում Հայ Առաքելական Եկեղեցու անուրանալի ավանդն ու ներդրումը, ապա՝ «Հայորդյաց տան» առաքելությունը։ Մինչ համերգի մեկնարկը հյուրերը մասնակցեցին կրթօջախի պատմությունը ներկայացնող ֆոտոցուցահանդեսին և հետևեցին «Հայորդյաց տան» փոքրիկ նկարիչների կողմից հայոց այբուբենի «ստեղծմանը», որը համերգի ընթացքում ամբողջապես հավաքվելուց հետո նվիրվեց թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին, իսկ «Վարդավառ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Մարգարիտա Գրիգորյանը ներկաներին շնորհավորեց իր հեղինակած «Ձոն «Հայորդյաց տանը»» նոր պարով։
Նյութի աղբյուրը. Հայերն այսօր
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…