ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պիտի խմած լինես ամբողջ կուլտուրան, որ արվեստագետ լինես

Դեկտեմբերի 1, 2016
Դպրոցական անցուդարձ

Ազգասիրությունը բազմահանգույց կոնցեպցիա է: Ամեն մի հայ և, առավել ևս ամեն մի պատասխանատու գործի մարդ պիտի իր ճիշտ ներդրումն ունենա անսահման կարևոր այդ գործընթացին:

Գիտակցական նման վերաբերմունքով հանդես գալով` Վանաձորի թիվ 23 հիմնական  դպրոցի  ուսուցիչ Հայկուշ Լոռյանը  նոյեմբերի 29-ին կազմակերպեց մի հիանալի բաց դաս` նվիրված հայ մեծ արվեստագետ` նկարիչ-գոբելենագործ, հասարակական գործիչ Գրիգոր Խանջյանի ծննդյան 90-ամյակին: Չթաքցնելով իր անձնական մեծ հետաքրքրությունը ուսուցչուհին կարողացել էր պրպտել և գտնել հետաքրքրաշարժ փաստեր մեծ նկարչի կյանքից:

Միջոցառման շրջանակում քսաներեքերրորդցիները նոյեմբերի 25-ին  այցելեցին նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Խանջյան»  ցուցասրահ  ու մեծ հետաքրքրությամբ  ուսումնասիրեցին վարպետի ինքնատիպ գործերը, որոնք մշտապես ողողված են լույսի ու ստվերի հակադրությամբ: Դասապրոցեսի նորույթը նշանակալի էր. դասը հեռավար էր: Արդի տեխնիկայի թույլատրելի սահմաններում անմիջական  կապ հաստատվեց Խանջյանի ամենամեծ ստեղծագործության` նրա որդու` Արա Խանջյանի հետ: Անթաքույց որդիական հուզմունք կար նրա  խոսքերում: Արա Խանջյանը անչափ համեստորեն ներկայացրեց  հոր լայն ճանաչում ունեցող գործունեությունը և հետո սպառիչ պատասխաններ տվեց աշակերտների  հարցերին: Ուսուցչի զուսպ, բայց անչափ հետաքրքիր ու ինքնատիպ մոտեցման շնորհիվ դասի գեղարվեստական մասը ապահովեցին վառվող մոմերը և ջութակի կենդանի նվագակցությունը:

VIIա  դասարանի աշակերտ Վրեժ Հովսեփյանը այդ կարճ ժամանակահատվածում նկարեց մեծ նկարչի դիմանկարը, որը Ա. Խանջյանի և ներկաների հիացական գնահատականին արժանացավ: Շնորհավորանքի խոսքեր հնչեցին տնօրեն Տ. Հովսեփյանի և ներկա ուսուցիչների կողմից՝ նման  ուսանելի դաս միջոցառման համար:

Արվեստն է, որ  պիտի արտահայտի արվեստագետի հոգին, իրերի հոգին, մարդու հոգին, նա պիտի մեկնաբանի պատկերներով` մեր ներաշխարհը, նա պիտի թարգմանի բնությունը: Նա պետք է տա ո՛չ թե իրականությունը, այլ նրա զգայությունը, զգացումը և պատրանքը: Ո՛չ թե, օրինակ, նկարի մեջ երկաթուղու արագությունը տա, կամ հողմի, կամ գետի, այլ նրա զգայությունը, այսինքն` զգանք մենք արագությունը: Իր այս խոսքերով ավարտեց դասը ուսուցիչը խոստանալով, որ նման  հետաքրքիր դասերը կլինեն շարունակական: