ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տարվա լավագույն մանկավարժները պարգևատրվել են շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով

Փետրվարի 26, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչված մանկավարժներն այսօր պարգևատրվել են դյուրակիր համակարգիչներով և շնորհակալագրերով։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է հասարակության կյանքում ուսուցչի անփոխարինելի դերը: «Մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի ոչ միայն խոսքով, այլև գործով բոլորը հասկանան, որ ուսուցիչը գերագույն արժեք է: Խոնարհվում եմ բոլոր ուսուցիչների առջև: Ձեզ նման ուսուցիչների որակը պետք է տարածվի ամբողջ հանրապետությունում. բոլորը պետք է ձգտեն նմանվել ձեզ, ունենալ այդ ձգտումը՝ լինել լավը, լինել իրական ուսուցիչ: Վստահեցնում եմ, որ արվում է առավելագույնը՝ ապագա սերունդներին որակյալ կրթություն փոխանցելու համար»,- դիմելով ներկա ուսուցիչներին՝ նշել է նախարարը և նրանց մաղթել նորանոր հաջողություններ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է մրցույթի կարգը և արդյունքները: «Նախորդ տարի փոխվել է մրցույթի ձևաչափը, որպեսզի խրախուսվեն ոչ միայն այն մանկավարժները, որոնք արդեն վաստակ ունեն, այլև նրանց գաղափարները: Այսպիսով, մրցույթը դարձել է նորարարական ծրագրերի ներկայացման և գնահատման գործընթաց»,- փաստել է փոխնախարարը՝ տեղեկացնելով, որ մրցույթին ներկայացվել է 53 հայտ, 35-ը` անհատական, իսկ 18-ը՝ խմբային։

Խմբային հայտերի մեջ եղել են ծրագրեր, որոնք ներկայացրել են հանրապետության տարբեր մարզերի տարբեր ուսհաստատությունների մանկավարժներ: Ըստ նախարարի տեղակալի՝ դա նշանակում է, որ կրթության ոլորտում համագործակցության ներուժը մեծ է:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև մրցույթի պարգևատրման կարգին՝ տեղեկացնելով, որ այն կարող է լինել նյութական կամ դրամական տեսքով. «Որոշել ենք, որ այս տարի մանկավարժները կստանան դյուրակիր համակարգիչներ: Կարծում եմ, որ մեր օրերում, հատկապես համավարակի պայմաններում, երբ կրթության շարունակականության ապահովման խնդիր է դրված, և տեղեկատվական տեխնոլոգիաները դարձել են ամենակարևոր գործիքը, ուսուցիչներն արդյունավետ կօգտագործեն այս պարգևները»:

Փոխնախարարի խոսքով՝ հանձնաժողովը բաղկացած է եղել 9 անդամից, որում ընդգրկված են եղել ԿԳՄՍ նախարարության, մանկավարժական բուհերի մասնագետներ, ուսուցչական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի 2 անդամ:

Նշենք, որ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում ներկայացվել է 42, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 7, «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1, «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 1 ծրագիր։ «Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում որևէ հայտ չի ներկայացվել։ Ներկայացված ծրագրային առաջարկների գնահատման արդյունքում հանձնաժողովի որոշմամբ սահմանված նվազագույն 50 միավորի շեմը հաղթահարել է 41 ծրագրային առաջարկ, որից 27-ը՝ անհատական, իսկ 14-ը՝ խմբային։

Ըստ այդմ՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 33, «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 2, «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում՝ 5 և «Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում՝ 1 ծրագիր: «Նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգում ներկայացված 1 ծրագրային առաջարկը չի հաղթահարել նվազագույն միավորային շեմը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…