ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Դեկտեմբերի 4, 2019
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանրային քննարկումների շարք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջին հանդիպումն այսօր տեղի է ունեցել կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և նախաձեռնությունների, ինչպես նաև կրթության փորձագետների հետ:

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս ընթացքում նման հարթակներ շատ են լինելու՝ ընդհուպ մինչև ԱԺ լսումներ, քանի որ նախագծի վերաբերյալ առկա է մեծ հետաքրքրություն:

«Այս քննարկումները կարևոր են մեզ համար՝ փորձարկելու նախագիծը, լսելու առաջարկություններ և դիտողություններ, ինչպես նաև ներգրավելու նոր գաղափարներ: Բացի այդ, գոյություն ունեն մի քանի առցանց հարթակներ, որտեղ ևս մենք առաջարկներ ենք ստանում»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկվել է բուհերի և ռեկտորների խորհրդի հետ, ստացվել են բազմաթիվ առաջարկներ. դրանց մեծ մասն արդեն տեղ է գտել նախագծում:  «Քննարկումները շարունակվելու են ինչպես բուհերի, այնպես էլ տարբեր շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկումների ձևաչափով՝ հավաքագրելու նորանոր առաջարկներ»,-ընդգծել է նախարար Արայիկ Հարությունյանը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի  հիմնական շեշտադրումները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը: Մասնավորապես, նա ներկայացրել է օրենքի նախագծի հիմնական նորամուծությունները, որոնք են՝ բարձրագույն կրթության և գիտության համակարգերի ինտեգրում, անցում գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգին և բարձրագույն կրթության եռաստիճան համակարգի լիարժեք ներմուծում, «առկա կամ հեռակա» ուսուցման համակարգի փոխարինում «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» համակարգով, օտար լեզուներով կրթական ծրագրերի կամ առանձին դասընթացների իրականացում, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի կառավարման ապաքաղաքականացում, ֆինանսավորման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդնում, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարություն, ակադեմիական ազատություններ և հաշվետվողականություն, վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացման խթանում և այլն։

Զեկույցին հաջորդել են մասնակիցների հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների և ուսանողների համամասնությանը բուհերի կառավարման խորհուրդներում, ներառականության ապահովմանը, բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը, ոչ ֆորմալ կրթությանը, նախագծի մշակման աշխատանքներում ուսանողների ներգրավվածությանը, հեռավար կրթությանը և այլն:

Հանդիպման ավարտին նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ շահագրգիռ քննարկման համար.

«Եղան հետաքրքիր դիտարկումներ, որոնցում ներառված էին կարևոր առաջնահերթություններ, հետևաբար դրանք կարող են տեղ գտնել նախագծում: Մենք կշարունակենք աշխատել բոլորի հետ, որպեսզի ունենանք թերություններից առավելագույնս զերծ օրենք և համընդհանուր համաձայնությամբ այն ներկայացնենք Ազգային ժողով»,-նշել է նախարարը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: