ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Որոշել ենք Հայաստանում զարգացնել 4 առաջատար տեխնոլոգիական ուղղություն. Հակոբ Արշակյան

Օգոստոսի 2, 2018
Հարցազրույցներ, ելույթներ

2000-ականների սկզբին,  երբ Հայաստանում ՏՏ ոլորտը համարվեց գերակա ոլորտ,  Կառավարությունը  խոստացավ մեծաքանակ  ռեսուրսներն ուղղել դեպի այդ ոլորտի զարգացմանը։ Բոլորը սրտատրոփ սպասում էին, որ IT ոլորտի զարգացման հետ կզարգանա նաև Հայաստանի տնտեսությունը և այս ոլորտի կդառնա տնտեսության զարգացման խթանիչ ու կարևոր ուժը:

2000-ականների սկզբից  մինչ այսօր ոլորտը Կառավարության   ծրագրերում համարվում է գերակա ճյուղ, բայց անասելի մեծ զարգացում, որպես այդպիսին, չի ապրել. զարգանում է հստակ քայլերով, բայց` իր հունով: Պատճառը մեկն է՝ չկար պետական պատշաճ աջակցություն, իսկ աջակցության դեպքում օգնությունը երբեմն բաշխվում էր անհավասար:

Վերջին ամիսներին, երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ ու երկրի կառավարման ղեկն իր ձեռքը վերցրեց   այլ քաղաքական գործիչներից կազմված խումբը, ոլորտը շարունակեց մնալ բոլորի ուշադրության կենտրոնում: ittrend.am-ը զրուցել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանիհետ և պարզել, թե ինչ քաղաքականություն է նախարարությունը մշակել ոլորտի համար և ի՞նչ է պատրաստվում անել ոլորտը անվանը համապատասխան` գերակա դարձնելու համար:

-Պարոն Արշակյա՛ն, ինչպիսի՞ն է նախարարության որդեգրած քաղաքականությունը:

– Ընդհանրապես զարգացումը ինչպես է լինում, սա ընդունված ձևաչափ է՝ բերում, կենտրոնացնում են մի բանի շուրջ, քաղաքկանությունն ու ուղղություններն որոշում են ու հաջորդ փուլում ապակենտրոնացնում են, գուցե, դրան հաջորդող փուլում նորից են կենտրոնացնում: Ոլորտը պետք է շնչող ու դինամիկ զարգացող լինի  բոլոր տեսանկյուններից, պետք է ունենա տրամաբանություն, տեսլական ու դա պետք է լինի ոչ թե մեկ կամ երկու տարիների համար, այլ և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժակմետ: Խոսքերի, կենացների մասին չէ խոսքը, այլ` հստակ ծրագրերի:

-Ո՞րն է ոլորտի գլխավոր խնդիրը:

-Խնդիրը հետևյալն է՝ մենք ունենք տաղանդ, բայց իրենք շատ չեն: Ունենք քիչ մասնագետներ, որոնք  աշխարհի մասշտաբով, կարող եմ հավաստիացնել, որ անասելի տաղանդավոր մարդիկ են՝ և՛ մաթեմատիկական գիտելիքներով, և՛ մտքի ճկունությամբ, և՛ ինֆորմացիան ընկալելու և այն մշակելու տեսանկյունից: Ինտելեկտը բարձր մակարդակի վրա է և դա բազմացիս ապացուցվել է: Մեր խնդիրը հետևյալն է՝ շուկան ունի մեծ պահանջարկ, բայց այդ մեծ  պահանջարկի մեջ պետությունը դեռևս չի ընդգծել այն ուղղությունները, որտեղ պետական շահն է առաջնայինը, որպեսզի  զարգանանք: Օրինակ՝ երկրորդ կուրսից ընկերությունները մտնում են համալսարան, վերցնում են մարդկանց աշխատանքի: Եթե իրենց ու իրենց ընտանիքներին հարցնեք՝ իդեալական է, շատ լավ է: Ընկերություններին հարցնում եք՝ շատ լավ է, քիչ է անգամ: Պետության տեսանկյունից խնդիրը սա է՝ եթե երեխային երկրորդ կուրսից տանում են աշխատանքի, ինքը տեսնում է՝ իր պրոֆեսորներից ու ծնողներից մի 10 անգամ ավել աշխատավարձ է ստանում, սկսում է սովորել դրան: Չեմ ասում՝ բոլոր դեպքերում, բայց հիմնականում այդ աշխատանքը, այնպիսին է, որ մեծ տաղանդ չի պահանջում, սա այն դեպքում, երբ կարող է անգամ բարդ աշխատանք  լինել: Աշխարհում այդպիսի աշխատանքը շատ է, մանսագետները՝ նույնպես.  դա մեր մրցունակության ոլորտը չէ: Շատ դեպքերում այդ ուսանողները կորցնում են հետաքրքրությունը համալսարանական կրթության նկատմամբ։ Շատերը մեղադրում են համալսարանին և այլն: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառն այն է, որ մենք այդպես էլ չենք ընդգծել, թե  ինչ ենք ուզում՝ մեր ուսանողը դառնա և որտեղ է այդ հաջողության բանալին: Պարզապես ցույց չենք տվել իրենց, չենք որոշել՝ որտեղ Հայաստանը պետք է աշխարհում առաջատար լինի: Ե՛վ աշխարհը չգիտի դրա մասին, և՛ մենք:

-Նշեցիք  բուհ-ուսանող-աշխատող կապի մասին: Ենթադրում եմ՝ սերտ համագործակցություն է լինելու Կրթության նախարարության հետ: Գրեթե բոլոր գործատուները ոլորտից շեշտում են, որ բուհն ավարտած ուսանողն այն չէ, ինչ իրենց պետք է և հաճախ վերապատրաստման կարիք  է լինում: Ենթադրվո՞ւմ է նաև փոփոխություններ բուհական համակարգում՝ տեխնոբուհերում՝ Պոլիտեխնիկում, ԵՊՀ-ի ֆիթիկամաթեմատիկական բաժիններում:

-Իմ նշանակման հենց առաջին օրը մենք Կրթության և Գիտության նախարարի հետ ունեցել ենք քննարկում` շահագրգիռ կողմերի հետ։ Որոշել ենք, որ այս պահից սկսած Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանի հետ կապված բոլոր հարցերով միասին ենք զբաղվելու, որպեսզի ինդուստրիայի պահանջարկը և ԿԳ նախարարության առաջարկը համահունչ լինեն։ Օրինակ բերեմ` նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպում ենք ունեցել ու որոշել ենք, որ այդ հանդիպումները պետք է պարբերական բնույթ կրեն։ Մենք ուղղակի մասնակցություն ենք ունենալու Պոլիտեխնիկի մոտակա  և շատ կտրուկ զարգացման մեջ։ Այս մասով, ուզում եմ հավաստիացնել, որ ամենօրյա աշխատանք է տարվում։ Արդյունքը շուտով կերևա։

-Այսպիսի պատկեր ունենալով՝ ո՞ր վեկտորներով եք պատրաստվում զարգացնել ոլորտը:

-Որոշել ենք զարգացնել   4 ուղղությամբ՝ արհեստական բանականությունը, բլոկչեյն տեխնոլոգիաները, կիսահաղորդչային տեխնոլոգիաները և կիբերանվտանգությունը: Այս 4 տեխնոլոգիաները աշխարհում այս պահին ամենապահանջված և չլրացված ուղղություններն են: Այլ կերպ ասած՝ ապագայի տեխնոլոգիաներն են, որոնց կիրառությունները բազմազան են՝ մեքենաշինության բնագավառում ինքնավար մեքենաներն են, բժշկության բնագավառում դրանք մարդու ծնունդից մինչև  մահ ուղեկցվող պատմությունն է ու դրա կիրառությունը: Այսինքն՝ մեկի կյանքը` մյուսից կախված չլինելու հանգամանքն  է այստեղ: Հիմա շատ է կախված՝ բժիշկը պրոֆեսիոնալ մոտեցում ցույց կտա, թե՝ ոչ: Եթե այս ամենը կարելի է ավտոմատացնել, բժիշկի սխալվելու գործոնն այստեղ կբացակայի: 5G տեխնոլոգիաների պարագայում,  ամեն մարդ ու իր կպած է լինելու ինտերնետին ու առաջ է գալու  ինտերնետի ու տեխնոլոգիաների մեծ պահանջ: Այս ամենի մեջ կիրառվում են իմ նշած 4 տեխնոլոգիաները: Սա է աշխարհի ապագան և 10-20 տարուց դա իրականություն կդառնա: Եվ մենք Հայաստանը տեսնում ենք ապագայում, որովհետև ունենք խիստ տաղադավոր ինժեներներ ու ուզում ենք այդ տաղանդն օգտագործել ի շահ պետության ու առհասարակ՝ մարդկության: Մեր ամբիցիաները պետք է լինեն համամարդկային և, եթե ուզում ենք որպես պետություն գոյատևել, ապա պետք է աշխարհին  ինչ-որ բան տալ: Իմ կարծիքով, այդ ինչ-որ բանը նորագույն տեխնոլոգիաների  ոլորտում այդ 4 բարդ տեխնոլոգիաների յուրացումն է:

–Պետություն և մասնավոր համագործակցությունը։ Գիտենք, որ պետությունը ստարտափների որոշակի հարկային արտոնություններ է շնորհում։ Ըստ Ձեզ, աշխատո՞ղ տարբերակ է սա, շարունակելո՞ւ եք այն կիրառել, թե այլ լուծումներ են պետք այստեղ։

–Հարցը լավ հարց է, բայց դժվարանում եմ պատասխանել։ Ասեմ` ինչու։ Այն արտոնությունների օրենքը, որը մշակվել է, արդյունավետ չի գործել մինչև հիմա ու դրա համար պատճառներ կան։ Եթե թույլ կտաք, այս հարցազրույցին դրան չանդրադառնանք` հիմա ուսումնասիրում ենք։ Ասեմ, որ արտոնությունները պետք է շարունակվեն. դրանք նպաստում են նրան, որ   շուկա մտած նոր ընկերություններն ավելի շատ շահույթ են ստանում  և ներդնում են ստարտափի զարգացման մեջ։ Ես այդպիսի բազմաթիվ օրինակներ գիտեմ, այդ օրինակների մեջ վատերն էլ կան, որոնց շուրջ ուսումնասիրություններ են կատարվում։ Թույլ տվեք, դրա մասին չխոսել։ Ասեմ, որ արտոնությունների վերաբերյալ նոր օրենքը պետք է ունենա ավելի լուրջ լծակներ` չարաշահումներից խուսափելու համար։ Եթե խոսենք տրված օգուտների մասին, անկեղծ լինեմ, հիմիկվա թվերը միայն շրջանառության և աշխատողների թվի տեսքով են երևում։

–Հաջորդ  հարցազրույցի թեմա կպահենք։ ՏՏ–ն` մարզերում, ի՞նչ եք պատրաստվում անել այստեղ, ի՞նչ ծրագրեր կան։

–Նախ պետք է ասեմ, որ և՛ Գյումրու, և՛ Վանաձորի տեխնոպարկերը մասամբ գտնվում են պետական հոգածության տակ` մենք ֆինանսավորում ենք դրանց գործունեությունը։ Կցանկանայի նշել, Վանաձորի տեխնոպարկի Ինժեներական ֆորումին եմ մասնակցել ԿԳ նախարարի ու այլ հյուրերի հետ։ Հարցրի, այդո՞ա ովքեր են ներկաներից Վանաձորից։ Ներկաների 70%–ը ձեռք բարձրացրեց։ Ուսանողական տարիքի վանաձորցիներ էին։ Այդպես չէր նախորդ տարի, երևի 30% էլ չէին կազմի ու այնպես չէր, որ մեխ ոգևորությամբ էին եկել։ Hitech–ն ընդհանրապես ունի ձգող հատկություն` մանավանդ մեզ համար, որովհետև բոլոր ինովացիաները, աշխարհը փոխող ուղղությունները Hitech–ում են։ Աշխարհը տանող ուժերը այստեղ են` կյանքի բոլոր ուղղություններով։ Դրա համար է ձգող։ Ինչո՞ւ ենք ասում, որ մեզ համար առաջնահերթություն է, որովհետև մենք նպատակ ունենք  5 միլիոն մարդ բնակչություն ունենալ 2050 թվականին։ Այս նույն հաջողությամբ նաև աշխարհի մասշտաբով է ձգում։ Եթե մի քանի լուրջ ինովացիոն ուղղություններ կարողանանք այստեղ զարգացնել, մենք աշխարհի տաղանդը կարող ենք բերել այստեղ` սկսելով մեր հայրենակիցներից, ավարտելով օտարազգիներով։ Վառ օրինակ` Սիլիկոնյան հովտի բնակչությունը 1 մլն–ից դարձել է  5 մլն։ Նույն Հայաստանում կար այս բանը` 60–90–ականներին Հայաստանի բնակչությունը եռապատկվել է։ Ինչի՞ց է, որովհետև այստեղ եղել է Մերգելյան ինստիտուտ, Տրանզիստորների գործարան, Կապի ինստիտուտ, ԳԱԱ, Պոլիտեխնիկ։ Այս ինովացիոն մշակույթը մարդկանց տաղանդի ներհոսք է ապահովում։ Իսկ մեկ տաղանդավոր մարդ իր հետ բերում է 20–30 աշխատատեղ առնվազն ու չեմ ասում դեռ ինչքան նոր տաղանդներ է բերում իր հետ։ Մենք ուզում ենք Հայաստանում այդպես լինի։ Մարզից գալիս են Երևան, որովհետև շարժումը այստեղ է։ Մենք այդ շարժումը տանում ենք Գյումրի, Վանաձոր, Կապան, Ստեփանակերտ ու մարդիկ սկսում են զարգանալ իրենց մարզկենտրոնի շուրջը։ Գյուղեր էլ է գնալու, մենք փորձելու ենք այդ շարժումները Երևանից ապակենտրոնացնել, որ այդ ձգող ուժը  չբերի բոլորին Երևան։ Միտումը զգացվում է արդեն։ Մինչ այս էլ հաջողվել է սա, սրանից հետո էլ պետք է դրա վրա շեշտադրում կատարենք։

Հարցազրույցը` Սյուզան Թոսունյանի

Նյութի աղբյուրը. it trend

  • Ձայնային ալիք

    Հետաքրքիր նյութեր ձայնային ալիքների մասին:

  • «Կլիմայական արկղիկ»

    Կլիմայի փոփոխության մասին այժմ գրեթե բոլորն են խոսում՝ գիտնականները, քաղաքական գործիչները, գործարարները: Կլիմայական փոփոխությունների պատճառների վերաբերյալ վարկածները շատ են. որոշ հետազոտողներ մատնանշում են, որ դրանք պայմանավորված են մոլորակի վրա տիեզերական գործընթացների ազդեցությամբ (արևային ակտիվության մեծացում, երկրագնդի առանցքի թեքության փոփոխություն), մյուսներն էլ պնդում են, որ հենց մարդն է իր գործունեությամբ դարձել կլիմայական աղետների պատճառ: Դասընթացի նպատակն է պարզել, թե ինչպես է մարդու գործունեությունը ազդում կլիմայի փոփոխության վրա, ինչպես նաև բացահայտել վերջինիս բացասական անդրադարձը մարդու և բնության վրա:

  • Թվականի ուսուցումը 7-րդ դասարանում

  • Գծային ֆունկցիա և նրա հատկությունները

    Այս դասընթացը կօգնի ավելի լավ ծանոթանալ գծային ֆ-ի և նրա հատկությունների հետ։

  • Հայաստան՝ երկիր հայրենի

  • Պայքարի ուրույն ձևը, ապրելու իր բանաձևը

    Դասընթացը միտված է ավագ դպրոցի աշակերտներին ծանոթացնել Մահարու գրական կյանքին ու գրական ստեղծագործություններին:

  • Տեղստային խմբագրիչ

  • Մեխանիկական ալիքներ: Ձայն

    Ավելի պատկերավոր և մանրամասն պատկերացում են կազմում  մեխանիկական ալիքների  և սեյսմական ալիքների մասին:

  • Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ

    Առանց տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ), մեր օրերում աներևակայելի է առաջընթացը պետական և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում: Համապատասխան ենթակառուցվածքի զարգացումը, տեղեկատվական հասարակության ստեղծումը և  համաշխարհային տեղեկատվական ոլորտում ակտիվորեն ներգրավվելը մեր երկրի առաջնային խնդիրն է համարվում: Այս խնդրի հաջող լուծմանը վճռորոշ նշանակություն է շնորհվում՝ այնպիսի ռազմավարական նպատակների հասնելու համար, ինչպիսիք են ժողովրդավարական, ազատ և իրավական պետության ստեղծումը, քաղաքացիական հասարակության զարգացումը, երկրի անվտանգությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ահաբեկչության դեմ պայքարը: Վճռորոշ նշանակություն ունի այն, որ ինֆորմատիկա  առարկան պետք է ոչ միայն տեխնիկական կարողություններ ու հմտություններ տա աշակերտին, այլև պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի ազգային և համամարդկային արժեքներ կրող, ազատ անհատի ձևավորման համար:

  • Բառապաշարի հարստացումը մայրենիի դասերին

    Այս դասընթացը նախատեսված է տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչների և մայրենին ուսումնասիրողների համար: