ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային հիմնահարցերին, ներկայացրել իր սկզբունքները՝ հանրակրթության ոլորտի ապաքաղաքականացման, կոռուպցիոն ռիսկերի և բովանդակային խնդիրների վերաբերյալ: Իր ելույթում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, և դպրոցներն ու դրանց ղեկավարներն այլևս աշխատելու են նոր իրողության պայմաններում. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին և տնօրեններին, ովքեր այս տարիների ընթացքում զերծ են պահել համակարգն ու դպրոցը քաղաքական տարբեր ազդեցություններից: Այդ մարդկանց գործը նշանակալի է: Սակայն բազմաթիվ դպրոցներ քաղաքական ազդեցություններից զերծ չեն մնացել, և դա անթույլատրելի է: Դպրոցից դուրս ցանկացած ուսուցիչ և տնօրեն իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, յուրաքանչյուր ոք կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ: Այդ իրավունքը ձեզանից չեն վերցնում, բայց քաղաքական ազդեցությունը որևէ կերպ պետք է չարտահայտվի դպրոցի ներսում: Ինքս կուսակցական եմ, սակայն վստահեցնում եմ, որ որևէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը: Այսուհետ որևէ տնօրեն և ուսուցիչ դպրոցում չի կարող զբաղվել որևէ իշխանավորի, օլիգարխի, պատգամավորի և քաղաքական գործչի քարոզչությամբ: Այս երևույթը կանխվելու և պատժվելու է օրենքի ուժով»,- հայտարարել է ԿԳ նախարարը:
Խստորեն դատապարտվելու և կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսևորումները
Նախարարը շեշտել է, որ խստորեն դատապարտվելու և կանխվելու են բոլոր կոռուպցիոն դրսևորումները. «Մենք գիտենք, որ բազմաթիվ ուսուցիչներ, նաև տնօրեններ ունեն սոցիալական խնդիրներ: Այս ուղությամբ տարվում են աշխատանքներ, արդեն ունենք լուծումներ, որոնք առաջիկայում կներկայացվեն: Այսքանով հանդերձ՝ սոցիալական խնդիրների առկայությունը չի կարող արդարացնել դպրոցներում կոռուպցիայի առկայությունը: Նաև անթույլատրելի է, որ սոցիալական խոցելի վիճակը առիթ դառնա, որպեսզի քաղաքական ազդեցությունները ներթափանցեն դպրոց: Գիտեք, որ դպրոցների դրամահավաքների դեմն առնելու նպատակով իմ կողմից իրականացվել են որոշակի գործողություններ: Տեղյակ եմ, որ որոշ տնօրեններ լուրջ աշխատանք են տարել` դրամահավաքն արգելելու ուղղությամբ, եղել են դեպքեր, երբ հավաքված գումարները վերադարձվել են, բայց երևույթը դեռ կա»,-նշել է նախարարը և հավելել, որ մի շարք դեպքեր այժմ ուսումնասիրվում են օրինապահ կառույցների կողմից: Նրա խոսքով` ԿԳ նախարարությունը լինելու է դպրոցի, մանկավարժի և տնօրենի գործընկերը` դրսևորելով անկախ արբիտրի կեցվածք. «Ոլորտում կան լավ մասնագետներ, ովքեր կարող են նաև արդյունավետ քաղաքականություն իրականացնել, սակայն քանի որ չի եղել քաղաքական կամք, հնարավոր չի եղել այդ ներուժը լավագույնս կիրառել: Ավելին՝ Կրթության և գիտության նախարարության նշանակությունը հետևողականորեն նվազեցվել է: Վստահեցնում եմ, որ նախարարությունն ամբողջովին կատարելու է իրեն վերապահված գործառույթները և չի պատրաստվում իր լիազորություններն առանձին դեպքերում փոխանցել կամ պատվիրակել այլ կառույցների կամ մասնավոր անձանց»,-ասել է Ա. Հարությունյանը և հավելել, որ նախկինում ԿԳ նախարարության որոշակի լիազորություններ իրենց վրա են վերցրել այլ գերատեսչություններ և բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդականներ, որն այլևս չի կարող շարունակվել: Անդրադառնալով Վերջին դասի միջոցառումներին` ԿԳ նախարարն ընդգծել է, որ դրամահավաքն արգելվում է, սակայն դա չի նշանակում, թե միջոցառումներն արգելված են: Այդ միջոցառումները, ինչպես Արայիկ Հարությունյանն է ընդգծել, կարող են կազմակերպվել համեստ միջոցներով:
Պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպել պատշաճ մակարդակով
Նա հորդորել է ներկաներին առաջիկա պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպել պատշաճ մակարդակով՝ վստահության մթնոլորտում. «Լավագույնները պետք է ստանան բարձր գնահատականներ, իսկ ովքեր չեն տիրապետում առարկային, պետք է փորձեն հաջորդ տարի: Մարդիկ պետք է հստակ իմանան, որ խնամի-ծանոթ-բարեկամի միջոցով գնահատական ստանալու սկզբունքն այլևս չի աշխատելու: Դա ամենադատապարտելի երևույթն է»,- հայտարարել է ԿԳ նախարարը:
Խոսելով հանրային շրջանակներից հաճախ հնչող այն հարցադրման մասին, թե արդյոք արդարացվա՞ծ է 12-ամյա կրթության, մասնավորապես ավագ դպրոցի համակարգը, Արայիկ Հարությունյանը նշել է. «Ավագ դպրոցի ուսումնառության տարիների կրճատման կամ դրա վերացման մտահոգություն իսկապես կա: Եվ միասին պետք է լուծումներ գտնենք: 12-ամյա կրթական համակարգը, իմ կարծիքով, արդյունավետ է, սակայն անհրաժեշտ է ճիշտ բովանդակություն դնել դրա մեջ: Օրինակ, բուհերի որոշ առարկաներ կարող են դասավանդվել ավագ դպրոցում, կան նաև այլ տարբերակներ»,-ասել է նախարարը: Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը պատասխանել է տնօրենների հարցերին, որոնք առավելապես վերաբերվել են դպրոցների ֆինանսավորմանը: Մասնավորապես, բազմաթիվ տնօրենների դիտարկմամբ՝ ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևն արդարացված և արդյունավետ մոտեցում չէ:
Անդրադառնալով դպրոցներում Արարարատյան բակալավրիատի համակարգի ներդրման՝ արդեն մեկնարկած ծրագրի շարունակականության հարցին` Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դպրոցների էլիտարացման որևէ մոդել անընդունելի է, քանի որ այն չի ծառայում ոլորտի ամբողջական բարելավմանը. «Ես գիտեմ նաև, որ այս ծրագրում կա կուտակված դրական փորձ, որը սխալ կլինի զրոյացնել: Մենք պետք է մտածենք այդ փորձը հնարավորինս արդյունավետ օգտագործելու մասին, թե ինչ ձևաչափով` պետք է մտածել և գտնել»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հանձնարարված է ֆինանսական աուդիտ իրականացնել Արարարատյան բակալավրիատի ծրագրում:
Արայիկ Հարությունյանն ընդունելի է համարել տնօրեններից մեկի առաջարկը` նախարարին կից տնօրենների խորհուրդ ստեղծելու վերաբերյալ: Նա նաև տեղեկացրել է, որ նախարարին կից ստեղծվելու է փորձագետների խորհուրդ, որի նպատակը կուտակված փորձի օգտագործումն է կրթական քաղաքականության մեջ: Նախարարն անդրադարձել է նաև ուսուցիչների ատեստավորմանը՝ նշելով, որ նախկինում գործող համակարգն արդյունավետ չէ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ այս տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ դեպք, երբ ուսուցիչը չի հանձնել ատեստավորման քննությունը. «Ատեստավորման նոր համակարգ կիրառելու՝ նախկինից մշակված նախագիծ կա, որին ես հավանություն եմ տվել: Դա ենթադրում է մասնագիտական գիտելիքների վերաբերյալ ստուգումների համակարգի կիրառում, որը նրանց նաև որոշակի առավելություն, ինչպես նաև հավելավճար կապահովի»,-նշել է Ա. Հարությունյանը և հավելել, որ տարակարգերի գործող համակարգի արդյունավետությունը ևս կարող է դառնալ քննարկման թեմա:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների և ուսուցիչների գործունեությանն առնչվող բազմաթիվ այլ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․
Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…
1. Մեդիագրագիտություն · Ի՞նչ է նշանակում լինել մեդիագրագետ: Ինչպես ստանալ, սպառել և տարածել տեղեկատվությունը: Ինչպես զատել արժանահավատ և սուտ տեղեկությունները: Ինչու է անհրաժեշտ կասկածել ցանկացած տեսակի տեղեկատվության հավաստիությանը: Ինչպես չդառնալ…
Հարգելի ուսուցիչներ և ծնողներ, սիրելի երեխաներ․ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ համատեղ Հայաստանում անցկացնում է Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր: Ծրագրի շրջանակներում ստեղծված «Համացանցի ռեսուրսների անվտանգ…
«Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)» թեմայով դասընթաց: Դասընթացավար՝ Լուսինե Մանուկյան (lusine@ktak.am) Մեկնարկ՝ 01.05.23 ավարտ՝ 07.05.2023թ Դասընթացին միանալու և նյութերին ծանոթանալու համար՝ https://dlc.armedu.am/course/view.php?id=84 (https://dlc.armedu.am/course/view.php?id=84&fbclid=IwAR2O
ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց: Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցը հանդիսանում է ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված վերապատրաստող կազմակերպություն։ Վերապատրաստումների անցկացման ընթացքում ձեռք բերված փորձը հուշեց գրել այս ծրագիրը, որը հիմք կհանդիսանա ուսուցիչների ինքնագնահատման գործիքների ստեղծման համար։ Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատումը նախատեսվում է իրականացնել ուսուցչի ինքնագնահատման, ինչպես նաև ուսումնական հաստատության տնօրենի, տնօրենի տեղակալի, առարկայական մեթոդական միավորման նախագահի դիտարկումների և դասալսումների միջոցով: Գնահատումն իրականացվելու է ամեն տարի՝ սեպտեմբեր-հունվար ամիսներին: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման ենթակա են տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության ընթացիկ ուստարում հերթական ատեստավորման ենթակա բոլոր ուսուցիչները: Դպրոցի տնօրինությունը չունի գործընթացը լիարժեք վերահսկելու և կարիքների վերհանման գործուն մեխանիզմներ, իսկ ուսուցիչը՝ ինքնագնահատման գործիքներ, որը կառաջացնի որոշակի խուճապ ուսուցիչների մոտ։ Ելնելով վերոհիշյալից ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից առաջարկվող ինքնագնահատման հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է ապահովել ուսուցիչների մասնագիտական կարիքների վերհանման անկողմնակալ, միջանկյալ մեխանիզմ։ Ստեղծել ՈԻԿՀ (Ուսումնական կառավարման համակարգ) հարթակներից որևէ մեկի ՝ MS Teams, Google Classroom, Moodle միջոցով հարցերի բանկ, որն իր մեջ կընդգրկի շարունակական լրացվող հարցեր այն բոլոր բաղադրիչներից, որոնք ուսումնասիրվում են պարտադիր ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման ընթացքում։ Հարցաշարերը կկազմվեն Google Forms կամ MS Forms գործիքներով: Միջանկյալ գործիքները հնարավորություն կընձեռեն ուսուցիչներին մինչև տնօրինության կողմից հարցաթերթիկի լրացումը բացահայտել իրենց կարիքները և լինել ավելի ինքնավստահ և ինքնուրույն շարունակաբար աշխատել իր մասնագիտական զարգացման վրա։ Գործիքի ստեղծումից հետո կառաջարկենք վերապատրաստող կազմակերպություններին, որպեսզի նրանք ևս օգտագործեն այս միջանկայլ մեխանիզմը և վերապատրաստումների որակն ավելի բարձրացնեն, դարձնեն նպատակային, և´ ուսուցիչները, և´ վերապատրաստող կազմակերպությունները հնարավորություն կունենան իրենց աշխատանքի որակը բարձրացնելու, կաջակցենք ԿԳՄՍ նախարարությանը այս գործընթացը արդյունավետ անցկացնելու գործում։ Նմուշ օրինակ, որը սակայն մշտապես փոփոխվելու է և վերամշվելու պայմանավորված կրթական բարեփոխումներով։ Նախատեսում ենք նաև աջակցել մեթոդմիավորումներին դասալսումների վերլուծությունների համար։ Հարթակից օգտվելու հնարավորություն կստեղծվի նաև հանրակրթական դպրոցների տնօրինությանը։ Հաստատված պետական և առարկայական նոր չափորոշիչներում կարևոր դեր է հատկացված սովորողների քննադատական մտածողության զարգացմանը, նախագծեր իրականացնելուն, որը սակայն կարող է միայն իրականացնել այն ուսուցիչը որն ինքը ունի հետազոտական հմտություններ և կարողունակություններ: Չափորոշչային պահանջները իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին զարգացնել ուսուցիչների մասնագիտական և հետազոտական հմտությունները: Շատ ուսուցիչներ ի վիճակի չեն խնդիրները բացահայտելու ինքնուրույն լուծումներ առաջարկելու առավել ևս դրանք լուծելու: Ուսուցիչները պարտադիր ատեստացիոն վերապատրաստումների ժամանակ լուրջ դժվարությունների են հանդիպում հետազոտական աշխատանքեր գրելու ընթացքում, մասսայական արտագրություններ, կոռուպցիոն ռիսկեր: Վերապատրաստումները ավարտվելուց հետո ուսուցիչները մեծամասամբ ի վիճակի չեն լինում ինքնուրույն լուծումներ գտնելու, դպրոցը կենդանի օրգանիզմ է, անընդհատ նոր փոփոխությունների կարիք կզգացվի: Հետևաբար այս պահին առաջնահերթություն է ուսուցիչների հետազոտական հմտությունների զարգացումը: Նախնական փուլում մեր կողմից կիրականցվի հարցում ուսուցիչների հետ, վերապատրաստում անցած Շիրակի մարզի տարբեր շրջանների ուսուցիչների մոտ, բացահայտելու համար նրանց կրթական կարիքները, մասնավորապես հետազոտական աշխատանքներ իրականացնելիս, դասպլաններ կազմելիս: Երկրոդ փուլում ընտրված ուսուցիչների հետ ըստ իրենց կարիքների կանցկացվեն անհատական վերապատրաստումներ և հետազոտական հմտությունների զարգացման աշխատանքներ: Գործնական մասում նրանց հետ կզարգացնեք հետազոտական աշխատանքներ գրելու հմտություններ: Արդյունքում կստեղծվի հետազոտական աշխատանքների բանկ, որը հասանելի կլինի մյուս ուսուցիչներին ևս, որոնք կարող են այդ հետազոտությունների արդյունքներն օգտագործել խմբակների և նախագծային ուսուցման աշխատանքները պլանավորելիս: Բացահայտված կարիքները և առաջադրված խնդիրների լուծումները կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարություն կրթական քաղաքականության ռազմավարություններ մշակելու համար:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ