ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ամփոփվել են կատարված աշխատանքները

Մայիսի 8, 2018
Պաշտոնական

ՀՀ կառավարության հանձնարարականի շրջանակում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության` ավելի քան մեկ ու կես տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները: Հաշվետվությունում մասնավորապես նշվում է, որ կրթության ոլորտի զարգացման հետագա ուղղությունները նախանշելու նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն և ՀՀ ԱԺ են ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը հաստատելու մասին» և «Բարձրագույն կրթության մասին»  ՀՀ օրենքների նախագծերը: Ընդլայնվել է «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագիրը. ներկայումս  պետական բյուջեի միջոցներով ՀՀ Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում դպրոցական սնունդ է ստանում 1-4-րդ դասարանի շուրջ 30 հազար սովորող: Միաժամանակ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից շարունակվել է ծրագիրը ՀՀ մնացած մարզերում` 60 հազար սովորողի ընդգրկմամբ: Ընդլայնվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը` ընդգրկելով նաև ՀՀ Լոռու և Տավուշի մարզերը. մինչ այդ համընդհանուր ներառականությունը ներդրված էր նաև Սյունիքի մարզում: Իրականացվել են վերապատրաստումներ ներառական կրթության, երեխաների գնահատման գործիքակազմի և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի վերաբերյալ, հանրակրթական դպրոցներում ներդրվել է ուսուցչի օգնականի հաստիք: 13 դպրոցում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Ես և շրջակա աշխարհը» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառմամբ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 1600 սովորող: 1247 դպրոցի մեկական 2-րդ և 3-րդ դասարաններում ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցում` ձեռնարկատիրական  տարրերի ներառմամբ: 227 դպրոցի մեկական 10-րդ դասարաններում սեպտեմբեր ամսից ներդրվել է փորձնական ծրագիր՝ «Ձեռնարկատիրություն» առարկայի ուսուցմամբ: Վերապատրաստվել է 1247 դպրոցի 1356 ուսուցիչ: Փորձնական ծրագրում ընդգրկված է շուրջ 62900 սովորող: Սոցիալական աջակցություն ստացող 39 համայնքի 49 դպրոցի 1-12-րդ դասարանների բոլոր սովորողներն ապահովվել են անվճար դասագրքերով: Ատեստավորվել է շուրջ 7000 ուսուցիչ և առաջին աստիճանի տարակարգ է շնորհվել շուրջ 700 ուսուցչի, 2-րդ աստիճանի տարակարգ՝ շուրջ 20 ուսուցչի: Հանրակրթական դպրոցների օպտիմալացման շրջանակներում թվով 13 դպրոց վերակազմակերպվել է: Հաշվետվությունում ներկայացվել է նաև, որ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2017-2018 ուսումնական տարում անվճար համակարգում սովորող ուսանողների թիվն ավելացել է շուրջ 1000-ով: Վերապատրաստվել են ՄԿՈՒ ուսումնական հաստատությունների առնվազն 40 ղեկավար, ՄԿՈՒ հաստատությունների առնվազն 900 մանկավարժական աշխատող,չափորոշիչներ մշակող առնվազն 25 անձինք: ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ավստրիական զարգացման գործակալության միջև «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» շրջանակներում մշակվել է «Օրգանական գյուղատնտեության սկզբունքները» ուսումնական մոդուլը, ինչպես  նաև  Մոդուլի ուսումնական ծրագիրը ներկայացնող ուսուցչի ձեռնարկ: Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ (GIZ) ՄԿՈՒ 4 ուսումնական հաստատություններում փորձարարական կարգով ներդրվել է դուալ կրթական համակարգ:

Կարևորելով ապրիլյան պատերազմի մասնակիցների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացման անհրաժեշտությունը` ՀՀ բուհերի ռեկտորներին առաջարկվել է քննարկել և ուսանողների զինվորական գրքույկում համապատասխան նշման առկայության պարագայում մինչև ուսումնառության ավարտն ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար կատարել ուսման վարձի առավելագույն զեղչ` 50 տոկոս և ավելի, առանց հաշվի առնելու ուսանողի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը:

Պետության կողմից շարունակվում է իրականացվել սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում՝ 50-100%-ի չափով: 2017 թվականին փոխհատուցում ստացած ուսանողների թիվը կազմել է 2667, ուսուցման վարձավճարի փոխհատուցման գումարը՝ 655.406.105 ՀՀ դրամ: Բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճանում փոխհատուցում ստացած առաջին կուրսի ուսանողների թվաքանակը կազմել է 988: Բակալավրի կրթական աստիճանում (երկրորդից չորրորդ կուրս) փոխհատուցում ստացել են 1626 ուսանող, իսկ մագիստրոսի կրթական աստիճանում՝ 53 ուսանող:

Սոցիալական աջակցություն ստացող համայնքներում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդի համայնքում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվող ու տվյալ համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պետական կամ հավատար­մագրված ոչ պետական բուհերի համապատասխան ուսուցման ձևերով (առկա, հեռակա) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով ուսանողներին հատկացվել են զեղչեր, մասնավորապես  մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով գերա­զանց առաջադիմություն ունեցողներին` ուսման վճարի 60 և անկախ առաջադիմությունից՝ ուսման վճարի 30 տոկոսի չափով:

2016թ. սեպտեմբերից առ այսօր օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու նպատակով, միջպետական համաձայնագրերի շրջանակներում, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից գործուղվել է շուրջ ՀՀ 440 քաղաքացի: ՀՀ ուսումնական հաստատություններ ընդունվել է շուրջ 2500 օտարերկրյա քաղաքացի՝ 42 պետությունից: Ներկայումս Հայաստանում սովորում է շուրջ 3800 սփյուռքահայ, որից 530-ը՝ անվճար հիմունքներով: Նրանցից շուրջ 190-ը ստանում է մանկավարժական կրթություն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն