ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Արհեստական բանականության օրեր Հայաստանում. 16 միջոցառում, 159 դպրոցի մասնակցություն

Նոյեմբերի 19, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը մասնակցել է «Արհեստական բանականության օրեր 2026» համապետական նախաձեռնությանը, որն անցկացվել է «Ներառական ապագա՝ բոլորի մասնակցությամբ» խորագրով։

«ԱԲ օրեր 2026»-ը կազմակերպել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ԿԶՆ նորարարական կենտրոնը՝ ԿԳՄՍ և ԲՏԱԱԲ նախարարությունների հետ համագործակցությամբ։  Նախաձեռնությանը միացել է 159 դպրոց։

ՄԱԶԾ-ի 12 գործընկեր կազմակերպություն անցկացրել է 16 միջոցառում՝ անվճար բաց դասեր, վերապատրաստումներ, գործնական աշխատարաններ, ֆորումներ և քննարկումներ։ 
«Պատրաստ ԱԲ-ին. կրթությունը, աշխատանքը և կյանքը Հայաստանում՝ արհեստական բանականության դարաշրջանում» երկրորդ քննարկմանը Աննա Բաբաջանյանն անդրադարձել է ուսուցման գործընթացում ԱԲ կիրառման խնդրին՝ մասնավորապես, թե ինչպես պետք է դպրոցը փոխի ուսուցման ու գնահատման ձևերը, ինչ աջակցություն է անհրաժեշտ մարզերի ուսուցիչներին։ Կարևորվել են նաև  ԱԲ կարգավորման, նորարարության և հանրային վստահության, պետական համակարգերում ԱԲ-ի անվտանգ, թափանցիկ ու մարդակենտրոն կիրառման հարցերը։ 

Միջոցառման շրջանակում Երևանի և  մարզերի ներկայացուցիչները քննարկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` ԱԲ գրագիտությունը, կիբեռանվտանգությունը, ԱԲ կառավարման սկզբունքներն ու հանրային քաղաքականությունը, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունn ԱԲ-ի ապագայի շուրջ հանրային երկխոսությանը։ 

«ԱԲ օրեր 2026»-ի գլխավոր միջոցառումը՝ «ԱԲ Ագորա»-ն (AI Agora), անցկացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում։ Հին Հունաստանի ագորայի օրինակով՝ Ազգային պատկերասրահում բացվել է «Ճնշման ցուցիչ» (Index of Pressure) ինստալյացիան՝ պատկերասրահի առաջին ցուցադրությունը, որը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով։ Այն բաց կլինի մինչև նոյեմբերի 29-ը։

«ԱԲ օրեր 2026»-ի գործընկեր կազմակերպություններն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամը (ISTC), «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» հիմնադրամը (MIC Armenia), CyHub Armenia-ն, Տեխնոլոգիական կրթության հիմնադրամը (TEF), «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն (APY), «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամը (Teach For Armenia), Հայաստանի մանուկների հիմնադրամը (COAF), TUMO Labs-ը, Plug and Play Armenia-ն և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)։ Նախաձեռնությունը համաֆինանսավորել են Նորվեգիայի զարգացման համագործակցության գործակալությունը (Norad) և Ավստրիայի զարգացման գործակալությունը (ԱԶԳ)։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն