Ուսանողների միջազգային օրվա առիթով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Երևանի պետական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ՝ շնորհավորելու տոնի կապակցությամբ և քննարկելու նրանց հուզող հարցերը:
Հանդիպմանը ներկա են եղել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ:
«Այսպիսի օրերը ոչ միայն միմյանց շնորհավորելու առիթ են, այլև հնարավորություն՝ խոսելու այն հարցերից, որոնք հուզում են Հայաստանի տարբեր բուհերում սովորող ուսանողներին: Ամենակարևոր ռեսուրսը ժամանակն է, և այն պետք է արդյունավետ օգտագործել՝ լինելով հնարավորինս պահանջկոտ կրթության որակի հանդեպ»,- դիմելով ուսանողներին՝ ասել է նախարարը:
Նրա ընդգծմամբ՝ ուսանողների ամբողջական ներգրավվածությունը կրթության գործընթացին պետք է լինի ազդակ կրթությունը կազմակերպող բոլոր կառույցների և պատասխանատուների համար՝ իրականությունից չկտրվելու և կրթության որակը շարունակաբար բարելավելու առումով: Նախարարը շեշտել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս ուսանողական միությունների ձևաչափով համախմբվել և ներկայացնել սեփական շահերը, ինչպես նաև ուսանողական կյանքն ու փորձառությունը դարձնել ավելի բովանդակալից:
Ուսանողներից մեկի հարցին ի պատասխան՝ նախարարն անդրադարձել է ակադեմիական քաղաքի կառուցման ընթացքին. ««Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման առաջին փուլի շրջանակում 2027 թվականից նախատեսվում է մեկնարկել 3600 ուսանողի համար ժամանակակից և հարմարավետ բնակելի ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Զուգահեռաբար կընթանան նաև տեխնոլոգիական կլաստերի ստեղծման և անհրաժեշտ ինժեներական ենթակառուցվածքների ապահովման գործընթացները։ Այս առիթով այսօր նաև հուշագիր է ստորագրվելու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ»:
Ամփոփելով խոսքը՝ նախարարը շնորհավորել է ուսանողներին տոնի կապակցությամբ, մաղթել հետևողականություն՝ իրենց առջև դրված խնդիրները բարձրացնելու և կրթական իրավունքները լիարժեք իրացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների տարաբնույթ հարցերին, որոնք վերաբերել են բակալավրիատում և մագիստրատուրայում անվճար տեղերի ավելացմանը, տարկետման հնարավորություններին, ակադեմիական ազատությանը, ուսումնառությունն աշխատանքի հետ համատեղելու ձևաչափերին, փորձնակների ինստիտուտի ներդրման արդյունավետությանը, PISA-ի արդյունքների բարելավմանը, հանրակրթության ոլորտում նոր չափորոշիչների ներդրմանը, ընդունելության համակարգի փոփոխությանը և այլն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…