ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի կինոյի հիմնադրամի ու Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի կազմակերպմամբ (ICA) Երևանում անցկացվել է «Կինոարդյունաբերության ֆորում 2026»-ը:
Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանը և Հայաստանում Գյոթե ինստիտուտի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը։
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ ֆորումը համախմբել է Հայաստանի և միջազգային կինոոլորտի ներկայացուցիչներին, պետական կառույցների, մասնագիտական կազմակերպությունների և Սփյուռքի ներկայացուցիչներին՝ քննարկելու հայկական կինոարդյունաբերության զարգացման հեռանկարները, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։
Նրա խոսքով՝ կինոն ոչ միայն մշակութային ինքնարտահայտման միջոց է, այլև երկրի ստեղծագործական ներուժի, մշակութային ինքնության և միջազգային ներկայության կարևոր բաղադրիչ։ Միաժամանակ, այն տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման և միջազգային համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ ունեցող ոլորտ է։
«Այս տեսանկյունից Հայաստանի կինոարդյունաբերության զարգացումը պահանջում է համակարգված և երկարաժամկետ մոտեցում։ Պետության առաջնահերթություններից են կինոարտադրության համար բարենպաստ և մրցունակ միջավայրի ձևավորումը, ոլորտի պետական աջակցության մեխանիզմների կատարելագործումը, միջազգային համարտադրությունների խթանումը և հայկական կինոյի հասանելիության ու միջազգային տեսանելիության բարձրացումը։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ ոլորտի կայուն զարգացումը հնարավոր չէ ապահովել միայն պետական նախաձեռնություններով։ Անհրաժեշտ է պետական կառույցների, կինոարտադրողների, մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և մասնագիտական համայնքի արդյունավետ համագործակցությունը։
Հենց այս առումով կարևորում ենք այս համաժողովի անցկացումը։ Առաջիկա երկու օրերի ընթացքում համաժողովի շրջանակում կքննարկվեն ոլորտի ֆինանսավորման և իրավական կարգավորման հարցերը, կինոարտադրության ենթակառուցվածքների, միջազգային համարտադրության, մասնագիտական կրթության զարգացման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման և Սփյուռքի ներգրավման հնարավորությունները։ Համաժողովի հիմնական ակնկալիքը գործնական և իրատեսական առաջարկությունների ձևավորումն է, որոնք կարող են հիմք դառնալ Հայաստանի կինոարդյունաբերության 2026–2030 թվականների զարգացման ճանապարհային քարտեզի մշակման համար։ Մեզ համար սկզբունքային է, որ ոլորտի զարգացման ուղղությունները ձևավորվեն մասնագիտական հանրության մասնակցությամբ՝ հիմնվելով Հայաստանի իրական հնարավորությունների, ոլորտի կարիքների և միջազգային հաջողված փորձի վրա»,- նշել է նախարարի տեղակալը և վստահություն հայտնել, որ ներկա մասնագետների փորձն ու գիտելիքները հնարավորություն կտան ոչ միայն գնահատելու ծառացած խնդիրները, այլև բացահայտելու այն հնարավորությունները, որոնց միջոցով Հայաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը միջազգային կինոարդյունաբերության մեջ։
Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կինոյի հիմնադրամին և Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդին համաժողովի կազմակերպման, ինչպես նաև միջազգային գործընկերներին և բոլոր մասնակիցներին՝ նախաձեռնությանը միանալու և իրենց մասնագիտական փորձը կիսելու պատրաստակամության համար։
Ֆորումի ընթացքում մասնագետները քննարկել են կինոքաղաքականության, ֆինանսավորման, կինոյի ոլորտում իրավական դաշտի խնդիրները: Անդրադարձ է կատարվել նաև համարտադրությանը, կինոարտադրության ենթակառուցվածքներին, միջազգային տարածմանը, կրթությանն ու ներդրումներին։
Համաժողովի արդյունքների հիման վրա կմշակվի ռազմավարական առաջարկությունների փաթեթ՝ ուղղված 2026–2030 թվականների կինոլորտի զարգացման ճանապարհային քարտեզի ձևավորմանը։ Առաջարկությունները կներկայացվեն ոլորտի շահագրգիռ կողմերին, գործող կազմակերպություններին և պետական կառույցներին։
Համաժողովը դիտարկվում է որպես համակարգված գործընթաց՝ ուղղված հայկական կինոարդյունաբերության ամրապնդմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և հայկական կինոյի միջազգային տեսանելիության բարձրացմանը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…