ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է հայտնի բարերար, մշակութային գործիչ Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին և նրան փոխանցել պետական բարձր պարգևը՝ Մովսես Խորենացու մեդալը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև նորաստեղծ գորգարվեստի թանգարանին առնչվող մի շարք հարցեր և առաջիկա հեռանկարներ:
Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Լևոն Դեր Բեդրոսսյանին մշակութային ժառանգության պահպանման, զարգացման, ներկայացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նախարարը նշել է, որ այդ բոլոր բնորոշումները լիովին արտացոլում են Լևոն Դեր Բեդրոսսյանի կատարած բացառիկ աշխատանքը։
«Ձեր ներդրումը բարձր գնահատելու և արժևորելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների և նվիրումի համար Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է պետական բարձր պարգև։ Ձեր գործունեությունը կարևոր է մեր երկրի անկախության և պետականության ամրապնդման ճանապարհին։ Այս պարգևը Հայաստանում Ձեր իրականացրած մեծածավալ ներդրման արժանի գնահատանքն է»,- նշել է նախարարը և վստահություն հայտնել, որ բարերարի աջակցությամբ ստեղծված գորգարվեստի թանգարանը կփոխանցվի սերունդներին, իսկ Հայաստան այցելող օտարերկրյա հյուրերի համար կդառնա երկիրը բացահայտելու հրաշալի վայր։
Լևոն Դեր Բեդրոսսյանը երախտագիտություն է հայտնել բարձր գնահատականի համար և ընդգծել, որ այս առիթն իրեն հնարավորություն է տվել հետադարձ հայացք նետել անցած ճանապարհին, վերարժևորել, թե ինչպես սկսվեց այս գործընթացը և ինչ արդյունքի է հասել այսօր, ինչն իրեն մեծ բավարարվածություն է պատճառում։
«Համատեղ ջանքերով հնարավոր է դառնում հիմնել որակյալ մշակութային կառույցներ: Վստահ եմ, որ սա միայն սկիզբն է, և հասունացել է հավաքական ջանքերով ծաղկելու ու զարգանալու ժամանակը: Հայտնի ճշմարտություն է՝ «Մեկ ծաղկով գարուն չի գա», և այս նախաձեռնությունը պետք է շարունակվի հազարավոր նոր քայլերով»,- նշել է Լևոն Դեր Բեդրոսսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում գորգարվեստի թանգարան հիմնելու վերաբերյալ։
Համաձայն հուշագրի՝ բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանը Հայաստանի Հանրապետությանը կնվիրաբերի ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող անշարժ գույքը, ինչպես նաև բարերարի անձնական հավաքածուն՝ Հայաստանում գորգարվեստի թանգարանի ստեղծման նպատակով։
Նախաձեռնությունը բացառիկ նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է ստեղծում ձևավորելու մշակութային նոր կենտրոն՝ նվիրված հայկական գորգարվեստին և մշակութային արժեք ներկայացնող առարկաներին: Այն կծառայի ոչ միայն որպես թանգարան, այլև որպես կրթամշակութային կարևոր հարթակ, որտեղ կիրականացվեն թեմատիկ ցուցադրություններ, վարպետաց դասեր, կրթական ծրագրեր և այլ մշակութային միջոցառումներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…