ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

COP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդել

Հոկտեմբերի 19, 2026
Միջազգային լուրեր

ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) «Մերիդիան» կենտրոնում համատեղ կազմակերպել են «Կրթությունը՝ որպես կենսաբազմազանության պահպանման և կայուն պարենային համակարգերի զարգացման շարժիչ ուժ» խորագրով քննարկում։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հայաստանի դպրոցական սննդի փորձը՝ որպես երեխաների առողջ սնուցմանը, որակյալ կրթությանը, տեղական գյուղատնտեսության զարգացմանն ու կենսաբազմազանության պահպանմանը նպաստող արդյունավետ մոդել։

Բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթը։

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ կրթական համակարգը հիմնարար դերակատարություն ունի պարենային անվտանգության և կենսաբազմազանության ապահովման գործում։ Նրա խոսքով՝ դրա վառ ապացույցներից են COP17-ի Կանաչ գոտում ներկայացված դպրոցականների և ուսանողների նախաձեռնությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են կրթության միջոցով ձևավորվող գիտելիքներն ու հմտությունները նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանը։

Նախարարը կարևորել է Հայաստանի «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջողված փորձը՝ ընդգծելով, որ միջազգային գործընկերությամբ մեկնարկած նախաձեռնությունը ներկայում ամբողջությամբ ֆինանսավորում է պետությունը։ Այսօր Հայաստանի մարզերի 1-4-րդ դասարանների ավելի քան 100 հազար երեխաներ պետական բյուջեի միջոցներով առողջ սնունդ են ստանում։

«Ծրագրի նշանակությունը չի սահմանափակվում միայն երեխաների սննդի ապահովմամբ. այն աստիճանաբար դարձել է նաև կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ՝ նպաստելով առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ Ծրագրի բովանդակությունը ներառված է «Առողջ ապրելակերպ» պարտադիր դասընթացում, որտեղ առողջ սնվելու բաղադրիչը գիտելիքների ու հմտությունների ամբողջություն է դիտվում»,- ընդգծել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նորակառույց բոլոր դպրոցներում հատուկ ուշադրություն է դարձվում  դպրոցական սննդի կազմակերպման, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ենթակառուցվածքների ապահովմանը։ 

Այս համատեքստում նա կարևորել է դպրոցական այգիների և ջերմատների ստեղծումը, որոնք, ըստ հնարավորության, պետք է դառնան դպրոցական առօրյայի անբաժանելի մասը։

Նախարարի համոզմամբ՝ այդպիսի միջավայրերում երեխաները հնարավորություն են ստանում ոչ միայն տեսական գիտելիքներ ձեռք բերելու, այլև գործնականում մասնակցելու այգիների և ջերմատների խնամքին՝ զարգացնելով բնության նկատմամբ պատասխանատու վերաբերմունք և կայուն զարգացմանն ուղղված հմտություններ։ Այսպիսով՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը նպաստում է նաև համայնքային զարգացմանը և կայուն զարգացման սկզբունքների տարածմանը։

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով այցելելու Հայաստանի դպրոցներ և ծանոթանալու «Կենսաբազմազանությունից մինչև դպրոցական ափսե» փորձառությանը՝ տեսնելով կենսաբազմազանության պահպանման, կրթության և առողջ սնուցման փոխկապակցվածությունը։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է «Դպրոցական սնունդ» ազգային ծրագրի հաջողված փորձի միջազգային տարածումը և պատրաստ է աջակցելու այն երկրներին, որոնք նոր են սկսում այս համակարգի ներդրումն ու զարգացումը։

«Որպես Դպրոցական սննդի համաշխարհային կոալիցիային միացած երկիր՝ Հայաստանն ունի հանձնառություն և պատասխանատվություն՝ տարածելու այս կարևոր գաղափարներն ու աջակցելու միջազգային գործընկերներին»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկին՝ հետևողական աշխատանքի և արձանագրված արդյունքների համար։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Մեթյու Հոլինգվորթն ընդգծել է, որ Հայաստանը դպրոցական սննդի ոլորտում միջազգային առաջատարներից է և արձանագրել է բարձր արդյունքներ։ Նրա խոսքով՝ Հայաստանում իրականացվող ծրագիրը ոչ միայն ապահովում է երեխաների առողջ սնուցումը, այլև նպաստում է կրթության որակի բարելավմանը, տեղական գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանն ու կենսաբազմազանության պահպանմանը։

«Հայաստանն այս ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկն է։ Մեր դերն է աջակցել Հայաստանի կառավարությանը, որպեսզի երեխաները դեռ վաղ տարիքից սովորեն առողջ սնվելու կարևորության մասին, ճանաչեն տեղական պարենային համակարգերը և գիտակցված ընտրություն կատարեն։ Սա հայկական ծրագիր է, որում ընդգրկված է 107 հազար երեխա․ այս ծրագիրը երկարաժամկետ հեռանկարում մեծ փոփոխություններ է բերելու երկրին»,- նշել է Մեթյու Հոլինգվորթը՝ կարևորելով Հայաստանի հաջողված փորձի միջազգային տարածումը։

Հաջորդիվ անցկացված բարձր մակարդակի քննարկմանը մասնակցել են Հայաստանի, Բրազիլիայի, Կամբոջայի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի, Ղրղզստանի և Ռուանդայի պատվիրակները՝ ներկայացնելով իրենց երկրների փորձը և քաղաքական հանձնառությունները։

Միջոցառումն անցկացվել է երկու թեմատիկ քննարկմամբ՝ քաղաքական առաջնորդություն՝ հանուն կենսաբազմազանության, պարենային անվտանգության և մարդկային կապիտալի և դպրոցական սնունդը՝ որպես համակարգային փոփոխությունների հարթակ խորագրերով:

Պանելային քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ինչպես նաև գործընկեր երկրների նախարարների տեղակալներ և բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…