ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

Հոկտեմբերի 7, 2026
Պաշտոնական

Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ:

Այս տոնի նպատակն է ևս մեկ անգամ արժևորել գրադարանավարի մասնագիտությունը և դերը կրթամշակութային միջավայրի ձևավորման և ընթերցանության խթանման գործում: 

Գրադարանը մարդկության պատմության ողջ ընթացքում հանդիսացել է հասարակության հոգևոր, կրթական և մշակութային կյանքի հիմնասյուներից մեկը։ Գրադարանների միջոցով սերունդները հաղորդակցվում են հազարամյակների ընթացքում ստեղծված մտավոր և մշակութային ժառանգությանը: 

Գրադարանն առանձնահատուկ կարևորություն ունի գրավոր մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, թվայնացման և հասանելիության ապահովման գործում, իսկ գրադարանավարի առաքելությունն այդ արժեքները սերունդներին փոխանցելն է։

Այսօր գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում է: Ժամանակակից գրադարանը դառնում է կրթության, հետազոտության, տեղեկատվության, մշակութային երկխոսության, համայնքային կյանքի և հանրային հաղորդակցության բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ միաժամանակ պահպանելով իր հիմնարար առաքելությունը՝ ապահովել գիտելիքի հասանելիությունը և նպաստել ընթերցանության մշակույթի ձևավորմանը, տարածմանը և զարգացմանը։  

Գրադարանը ոչ միայն ապահովում է գրքերի և տեղեկատվական ռեսուրսների հասանելիությունը, այլև ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ ընթերցանությունը կարող է դառնալ մարդու առօրյայի անբաժանելի մասը։

Գրադարանների զարգացման և արդիականացման գործընթացը պետական մշակութային քաղաքականության առանցքային ուղղություններից մեկն է: Այս համատեքստում կարևորելով գրադարանավարների դերն ու նշանակությունը՝ նախարարությունը առաջնահերթ է համարում նրանց շարունակական վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրման և փոխանակման հնարավորությունների ընդլայնումը։

Կրկին շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր գաղափարներ, մասնագիտական ձեռքբերումներ, հաջողություններ, ուժ և եռանդ մեր երկրի գրադարանային համակարգի զարգացմանը նպաստելու գործում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն