ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հուշագիր՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Լայպցիգի Ruth-Pfau-Schule բժշկական քոլեջի միջև

Հոկտեմբերի 7, 2026
Միջազգային լուրեր

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Լայպցիգի Ruth-Pfau-Schule բժշկական քոլեջի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության ոլորտում համատեղ կրթական և մասնագիտական նախաձեռնությունների իրականացման, փորձի փոխանակման և համագործակցության հետագա զարգացման նպատակով:

Արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը և Լայպցիգի փոխքաղաքապետ Սկադի Յենիկեի գլխավորած պատվիրակությունը: 

Հուշագրի նպատակն է գերմանական կողմի հետ համագործակցել ատամնատեխնիկայի ոլորտում՝ հատուկ ուշադրություն դարձնելով գիտելիքի, մասնագիտական փորձի, մասնագիտական կրթության նորարարական մոտեցումների փոխանակմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը ողջունել է նախաձեռնությունը՝ այն որակելով որպես երիտասարդների ապագային միտված կարևոր քայլ. «Սա նոր հնարավորություն է ուսանողների համար՝ յուրացնելու գերմանական փորձը: Հույս ունեմ՝ գիտելիքի փոխանցումը կլինի երկկողմանի, և կայացած երկխոսությունը կապահովի դրական արդյունք մեր ուսանողների ու մանկավարժների համար»:

Կողմերը կարևորել են հուշագրի ստորագրումը՝ որպես կրթական հաստատությունների գործունեության նոր ձեռքբերում և հույս  հայտնել, որ ստորագրված հուշագրով կմեկնարկի համագործակցությունների նոր փուլ:

Ակնկալվում է, որ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Լայպցիգի Ruth-Pfau-Schule բժշկական քոլեջի համագործակցությունը կնպաստի Հայաստանում ատամնատեխնիկայի կրթության որակի բարելավմանը, սովորողների և դասավանդողների մասնագիտական կարողությունների ամրապնդմանը, ինչպես նաև եվրոպական և հայկական մասնագիտական կրթության հաստատությունների միջև ավելի սերտ կապերի ձևավորմանը։

Մինչ ստորագրման արարողությունը ներկաները քոլեջի տնօրեն Գոհար Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել են քոլեջում, ծանոթացել գործունեությանը, զրուցել ուսանողների հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն