ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարարի հետ քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Մարտի 27, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն և Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է մշակութային համագործակցության կարևորությունը և մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացած «Երաժշտական Բաթումի» մշակութային ծրագիրը, որի շրջանակում ելույթ են ունեցել Աջարիայի պետական «Բաթումի» անսամբլը և Բաթումիի պետական նվագախումբը։
Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը շարունակաբար զարգանում է՝ հիմնվելով ոչ միայն համատեղ ծրագրերի, այլև ձևավորված ռազմավարական գործընկերության վրա, ինչը հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցության շրջանակներն ու կյանքի կոչել նոր նախաձեռնություններ։

Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ տարվա ամռանը Երևանում անցկացվել են Վրաստանի մշակույթի օրեր, իսկ այս տարվա աշնանը նախատեսվում է Վրաստանում կազմակերպել Հայաստանի մշակույթի օրեր։

Կարևորելով մշակութային երկխոսությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ դրա կարևոր բաղադրիչներից է թատրոնը և շնորհավորել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ: Նա առանձնացրել է Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի գործունեությունը և կարևորել այնտեղ իրականացվող հիմնանորոգման աշխատանքները։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկու երկրների թատերական կազմակերպությունների միջև համագործակցության խորացմանը և հյուրախաղերի կազմակերպմանը։ ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև դիտարկել Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Բաթումիի դրամատիկական թատրոնի մեջ համագործակցության հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ Վանաձորը և Բաթումին հանդիսանում են քույր քաղաքներ:

Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ երկու երկրների միջև մշակութային համագործակցությունը զարգանում է՝ խթանելով մշակութային դիվանագիտությունը, որը կարևոր կամուրջ է բարեկամ և հարևան ժողովուրդների միջև։

Պաշտոնական այցի շրջանակում Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կոմիտասի ինստիտուտ-թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց և այլ կրթամշակութային հաստատություններ։ Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարարը նշել է, որ հնարավորություն է ունեցել լսելու բազմաթիվ տաղանդավոր հայ երեխաների։

Կողմերը կարևորել են նաև երիտասարդ սերնդի ներգրավվածությունը մշակութային գործընթացներում՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են երկկողմ կապերի խորացմանը, փոխըմբռնման ամրապնդմանը և մշակութային արժեքների փոխանակմանը։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ այս օրերին էլ Վրաստանի Թելավի քաղաքում անցկացվում է Հայաստան֊Վրաստան երիտասարդական ճամբար, որին Հայաստանից մասնակցում են ներկայացուցիչներ ակտիվ երիտասարդական շրջանակներից, ՀՀ բուհերի ուսանողներ, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ստեղծած և ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններ հաճախող ակտիվ երիտասարդներ:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն