ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Երգենք ու պարենք մայրենիով» մրցույթի հաղթողները պարգևատրվել են

Մարտի 26, 2026
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Երգենք ու պարենք մայրենիով» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթի հաղթող և խրախուսման ներկայացված մասնակից դպրոցների պարգևատրման արարողությունը:

Մրցույթը կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Լեզվի կոմիտեի համատեղ ջանքերով՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ: Մրցույթին մասնակցել է շուրջ 500 դպրոց, հաղթող է ճանաչվել 10 դպրոց, խրախուսվել են նաև ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող 2 հաստատություններ:

Պարգևները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Դպրոցները պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով, Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակում տպագրված պատկերագրքով ու գեղարվեստական գրքերով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով նմանօրինակ մրցույթներին ակտիվ մասնակցելու և հետաքրքրություն ցուցաբերելու համար:

«ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած այսպիսի մրցույթների նպատակն է առանձնահատուկ տեսանելի դարձնել նախ Մայրենիի օրը, ինչպես նաև խթանել ու խրախուսել, որ մեր սովորողներն ավելի շատ ճանաչեն ազգային մշակույթը, սովորեն կարևոր իրադարձությունների մասին՝ որպես յուրօրինակ կրթական գործընթաց»,- ասել է նախարարը՝ շնորհակալություն հայտնելով դպրոցներին՝ ակտիվ մասնակցության և ներկայացված հետաքրքիր տեսանյութերի համար։

Նրա խոսքով՝ դպրոցների ներկայացրած տեսանյութերն ընդգծել են Մայրենի լեզվի օրվա խորհուրդը, մայրենի լեզուների բազմազանությունը և տարբերությունները, որոնք հարստացնում են մեր երկրի մշակութային կյանքը։

Շնորհակալական խոսքով են հանդես եկել նաև աշակերտներն ու ուսուցիչները: Նրանք հատկապես կարևորել են մրցույթի շրջանակում ավանդականը նորովի ներկայացնելու, իրենց ստեղծագործական ներուժն ի ցույց դնելու հնարավորության և այդկերպ՝ սովորողներին ոգևորելու համար:

Միջոցառման մասնակից աշակերտները հանդես են եկել կատարումներով՝ ներկայացնելով ազգային երգի, երաժշտության ստեղծագործություններ, իսկ Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները ներկաներին սովորեցրել են ժեստերի լեզվով բարևել և շնորհակալություն հայտնել:

Օրվա շրջանակում Ազգային պատկերասրահում աշակերտների համար կազմակերպվել է շրջայց բոլոր ցուցասրահներում: Նախարար Ժաննա Անդրեասյանը ևս ծանոթացել է ցուցադրություններին:

Հայաստանի ազգային պատկերասրահում նախարարը և դպրոցականները ծանոթացել են նաև Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հնչող պատկերներ» լայնածավալ հետահայաց ցուցահանդեսին, (VR) գործիքների միջոցով հայտնվել Գրիգոր Աղասյանի արվեստանոցում՝ կատարելով վիրտուալ շրջայց։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն