ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ՝ այցելելով մարզի մի շարք կրթական և մարզական հաստատություններ։ Նախարարին ուղեկցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Ժաննա Անդրեասյանը նախ եղել է Գյումրու թիվ 41 և թիվ 19 հիմնական դպրոցներում, որոնք հիմնանորոգվել են Կառավարության՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցի և 500 մանկապարտեզի ծրագրի շրջանակում:
Ժաննա Անդրեասյանը շրջել է դասասենյակներում, ծանոթացել ուսումնական միջավայրին, զրուցել ուսուցիչների և սովորողների հետ:
Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցում շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, և անձնակազմն օրերս է տեղափոխվել նորակառույց շենք։ Ծրագրի արժեքը կազմել է 332 մլն 991 հազար դրամ։ Դպրոցն արդեն ապահովված է նաև նոր ուսումնական գույքով։ Դպրոցում սովորում է 711 աշակերտ: Նախարարը շրջել է վերանորոգված շենքում, ծանոթացել դասասենյակների, ԲՏՃՄ լաբորատորիաների և ընդհանուր օգտագործման տարածքների պայմաններին։
Քննարկվել են կրթական միջավայրի արդիականացմանն ու ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Դպրոցն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ։
Ժաննա Անդրեասյանը նաև հետևել է ֆիզիկայի լաբորատորիայում իրականացվող ուսումնական գործընթացին և հետաքրքրվել աշակերտների տպավորություններով նոր պայմաններից՝ կարևորելով գործնական ուսումնառության դերը կրթության որակի բարձրացման գործում։
9-րդ դասարանի աշակերտների հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ավարտական քննությունների նոր ձևաչափը։ 2025–2026 ուսումնական տարվա ավարտին ՀՀ բոլոր դպրոցների 9-րդ դասարանի սովորողները «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների ավարտական քննությունները կհանձնեն էսսեի ձևաչափով՝ երկու առարկաների բովանդակությունն ինտեգրող գրավոր աշխատանքի միջոցով։ Այս փոփոխությունը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչով սահմանված կարողունակությունների ձևավորման անհրաժեշտությամբ։
Դիմելով աշակերտներին՝ նախարարն ընդգծել է․ «Մենք բոլորս սովորելու գործընթացում ենք։ Եթե այսօր ինչ-որ բանում դժվարանում եք, դա չի նշանակում, որ վաղն էլ նույնը կլինի։ Կարևոր է փորձել և աշխատել։ Նոր մոտեցման նպատակը անգիր սովորեցնելը չէ․ դուք կարդում եք փոխկապակցված պատմական և գրական նյութեր, վերլուծում եք և ներկայացնում ձեր սեփական մտքերը։ Այստեղ չկա «ճիշտ» կամ «սխալ» պատասխան․ կարևորն այն է, թե ինչպես եք մտածում և ինչ եզրահանգումների եք գալիս։ Սա հայոց լեզվի քննություն չէ․ մենք քերականություն չենք ստուգում, այլ ցանկանում ենք գնահատել ձեր վերլուծական կարողությունները։ Այսօր տեղեկատվությունը հասանելի է բոլորին, բայց կարևորն այն է, թե ինչպես եք այն հասկանում և մեկնաբանում։ Վստահ եմ՝ ձեզանից յուրաքանչյուրի մոտ ամեն ինչ լավ կստացվի»։
Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում ևս հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, դպրոցը հագեցվել է նոր գույքով: Գարնանային արձակուրդներից հետո աշակերտները հնարավորություն կունենան շարունակելու ուսումնառությունը վերանորոգված, ժամանակակից և հարմարավետ պայմաններում։ Դպրոցի վերանորոգմանը հատկացվել է 383 մլն 400 հազար դրամ։
ԿԳՄՍ նախարարն այցելել է նաև Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ: ԿԳՄՍ նախարարության՝ վերջին շրջանում իրականացվող նախաձեռնության շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը և մարզի դպրոցականները՝ գիտաշխատողների ուղեկցությամբ, շրջել են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող գիտական ծրագրերին և ընթացիկ հետազոտություններին, որի ընթացքում աշակերտները մասնագետներին ուղղել են իրենց հուզող հարցերը:
Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է աշակերտների մասնագիտական կողմնորոշմամբ, ապագա ծրագրերով և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։
Նշենք, որ գիտական կառույցներ այցելելու նախաձեռնության նպատակն է խթանել աշակերտների հետաքրքրությունը գիտության նկատմամբ և հնարավորություն ընձեռել նրանց անմիջականորեն ծանոթանալու գիտահետազոտական գործունեությանը։ Այցերը լինելու են շարունակական:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Ուսումնական նախագիծ. «Հայկական գինին՝ որպես ազգային ինքնության խորհրդանիշ» Բաղադրիչ Նկարագրություն Թեմա Հայկական գինեգործություն Առարկա(ներ) Հայոց պատմություն, Անգլերեն Թիրախային դասարան 9-րդ դասարան Տևողություն և ժամկետ 15 շաբաթ (2025-2026
Արտադասարանական լեզվական խաղերը՝ որպես խոսքի զարգացմանը նպաստող հետաքրքիր միջոց, ներառում են տարբեր խաղեր ու վարժություններ, որոնք նպաստում են երեխաների և պատանիների լեզվական ունակությունների, մտածողության և խոսքի զարգացմանը: Այսպիսի խաղերը ոչ…
Կրթության մեջ լեզվաբառարանական զարգացման ու խոսքի հմտությունների բարելավումը հանդիսանում է կրթական համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը: Դպրոցական կրթության ընթացքում աշակերտների լեզվաբառարանական զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ այն հանդիսանում է…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց