ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվել է մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը

Մարտի 19, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարության ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Մշակութային և կրթական իրավունքներին առնչվող բաղադրիչը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Որակյալ կրթության ապահովման շարունակական աշխատանքներ՝ սկսած ենթակառուցվածքներից

ԿԳՄՍ նախարարը կարևորել է հարցի քննարկումը՝ ընդգծելով, որ երկրորդ տարին անընդմեջ Մարդու իրավունքների հանձնաժողովում քննարկվում են Կառավարության ծրագրի այն կարևոր կետերը, որոնք կապված են տարբեր իրավունքների պաշտպանության և ապահովման ուղղությամբ Կառավարության հանձնառությունների հետ։

Նրա խոսքով՝ այս համատեքստում թերևս կարևորագույնը որակյալ կրթության իրավունքն է, որի շուրջ իրականացվում են շարունակական աշխատանքներ։ Նախարարը նշել է, որ բոլոր երեխաների համար որակյալ կրթության ապահովմանն ուղղված ամենամեծ քայլերից է 300 դպրոցների և 500 մանկապարտեզների վերակառուցման ծրագիրը: Նա նշել է, որ այն այժմ գտնվում է հանգրվանային փուլում, քանի որ ընթացիկ տարին ծրագրի ավարտական տարին է, և սահմանված ցուցանիշները պետք է դառնան իրողություն։

Նախարարի խոսքով՝ նախորդ տարի աշխատանքներ են իրականացվել 320 դպրոցներում և 490 մանկապարտեզներում, իսկ այս պահին արդեն ավարտվել են ավելի քան 120 դպրոցների և ավելի քան 300 մանկապարտեզների շինարարական կամ վերանորոգման աշխատանքները։ Մինչև տարեվերջ, ինչպես նախատեսված է, կարձանագրվեն սահմանված թվերը, ինչը նշանակում է, որ հազարավոր երեխաների համար կրթության անվտանգ և պատշաճ միջավայրը կդառնա իրականություն։ Ժաննա Անդրեասյանը նաև շեշտել է, որ նոր դպրոցները բացվում են գրեթե ամեն օր՝ հաշվի առնելով, որ շինարարական գործընթացները մեկնարկել են նախորդ տարիներին և պահանջում են ժամանակ ավարտին հասցվելու համար։

2026 թվականի ընթացքում պարբերաբար աշխատանքներն ավարտվում են նոր հաստատություններում, և ծրագիրը մոտենում է իր եզրափակիչ, կարևոր փուլին։ Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է նաև, որ դպրոցներն ապահովվում են ամբողջական նոր գույքով՝ առանձնահատուկ ընդգծելով դպրոցական լաբորատորիաների տրամադրումը։ Նախորդ տարվա վերջի դրությամբ շուրջ 800 դպրոց արդեն ապահովվել է բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներով, իսկ ընթացիկ տարում իրականացվում են մնացած գնումները, և առաջիկա ամիսներին մյուս դպրոցները նույնպես կստանան անհրաժեշտ լաբորատորիաները։ Սա, ըստ նախարարի, էապես փոխում է կրթության իրականացման պայմանները և բարձրացնում որակյալ կրթության հասանելիությունը։

«Այս աշխատանքը շարունակական է, քանի որ դպրոցական ենթակառուցվածքները երկար տարիներ եղել են մաշված, և 300 դպրոցը չի լուծում ամբողջ խնդիրը։ Արդեն քննարկվում է հաջորդ 300 դպրոցների ծրագիրը՝ նպատակ ունենալով ապահովել պատշաճ պայմաններ բոլոր դպրոցներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Կրթության իրավունքի ապահովման տեսանկյունից նախարարը կարևորել է նաև աշակերտների մասնակցությունը ոլորտում իրականացվող գործընթացներին և որոշումների կայացմանը։ Նա հիշեցրել է, որ նախարարին կից գործում է աշակերտական խորհուրդ, որտեղ ընդգրկված են աշակերտներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Խորհրդում քննարկվում են տարբեր հարցեր, այդ թվում՝ աշակերտների նախաձեռնությամբ, և այդ ձևաչափը հնարավորություն է տալիս նրանց ձայնը դարձնել ավելի լսելի։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ նախորդ տարի կազմակերպվել է նաև աշակերտական համաժողով, որին մասնակցել է ավելի քան 180 սովորող։ Նրանք ներկայացրել են իրենց հետաքրքրող և հուզող հարցերը։ Նախարարի կարծիքով՝ կրթության իրավունքի մասին խոսելիս կարևոր է հասկանալ, որ սովորողները կրթական գործընթացի լիարժեք մասնակիցներ են, և անհրաժեշտ է գտնել նրանց լսելու արդյունավետ մեխանիզմներ։

«Դպրոցական մակարդակում կարևոր է նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և նրանց կրթական համակարգ վերադարձնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Այս նպատակով գործում է միջգերատեսչական համակարգված համագործակցություն, որի արդյունքում բազմաթիվ երեխաներ վերադարձվել են կրթական համակարգ: Այս ուղղությունը շարունակում է մնալ նախարարության առաջնահերթություններից»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ կրթությունից դուրս մնալու պատճառները հիմնականում սոցիալական են:

Նախարարը նաև ընդգծել է ուսուցիչների հասանելիության կարևորությունը՝ որպես կրթության իրավունքի ապահովման առանցքային բաղադրիչ։ Նա նշել է, որ վերջերս կայացած Հանրային ոլորտի նորարարության համաժողովում ԿԳՄՍ նախարարությունն արժանացել է մրցանակի «Մարդակենտրոն նորարարություն» անվանակարգում։ Այս ձեռքբերման հիմքում դրված է գյուղական բնակավայրերի դպրոցներում ուսուցիչների պակասը հեռավար դասավանդման միջոցով լրացնելուն միտված ծրագիրը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ ծրագրի շրջանակում շուրջ 250 դպրոցներում մոտ 10 000 աշակերտ հնարավորություն է ստանում ուսումնասիրել այն առարկաները, որոնք ուսուցչի բացակայության պատճառով չէին ուսումնասիրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել ծրագրում ներգրավված ուսուցիչներին՝ նշելով, որ շուրջ 400 ուսուցիչ տարբեր բնակավայրերից միանում են և իրականացնում հեռավար դասավանդում։ Նա ընդգծել է, որ այս մոտեցումը վերջնական լուծում չէ, այլ միջանկյալ՝ մինչև ուսուցչի ֆիզիկական ներկայության ապահովումը դպրոցներում։

Միևնույն ժամանակ, արձանագրվել է զգալի առաջընթաց. մասնավորապես՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման և վարձատրության քաղաքականության արդյունքում դպրոցներ են մուտք գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ 2024–2025 թվականներին, որոնց կեսից ավելին աշխատում է գյուղական դպրոցներում։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նոր ուսուցիչների շուրջ 80 տոկոսը մինչև 45 տարեկան են, ինչը վկայում է, որ իրականացվող քաղաքականությունները արդյունավետ են, և երիտասարդները հետաքրքրված են ոլորտով՝ տեսնելով առաջարկվող աշխատանքի պայմաններն ու վարձատրությունը։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև «Դպրոցական սնունդ» ծրագրին՝ շեշտելով. «Կառավարությունն ամեն օր ապահովում է բոլոր մարզերում մեկից չորրորդ դասարանների և նախակրթարանների շուրջ 107000 երեխաների առողջ սնունդը, ինչը նաև արմատավորում է առողջ սննդի վարքականոնը: Նախարարը ներկայացրել է նաև նախորդ տարի փորձարկված «Կաթը դպրոցներին» ծրագիրը, որի նպատակը, ըստ նրա, երեխաների շրջանում կաթ խմելու, կաթնամթերք օգտագործելու վարքականոնը տարածելն է:

Մանկապարտեզներում գրանցվել է ԿԱՊԿՈւ երեխաների ընդգրկվածության 38% աճ

Կրթության իրավունքի տեսանկյունից Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախադպրոցական կրթության հասանելիության ապահովումը. 2021 թ. համեմատ 17%-ով աճել է նախադպրոցական կրթության համակարգում երեքից հինգ տարեկանների ընդգրկվածությունը՝ ապահովելով 81 % ընդգրկվածություն: Ընթացքի մեջ է 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման ծրագիրը, որը կապահովի այդ տարիքի երեխաների 85 տոկոսի ընդգրկվածության թիրախային ցուցանիշը։ Ըստ նրա՝ իրականացված աշխատանքների արդյունքում էապես կրճատվել է նախադպրոցական ծառայություններ չունեցող բնակավայրերի թիվը։ 2025 թվականի դրությամբ 1011 բնակավայրերից նախադպրոցական ծառայություններ չկան միայն 87-ում․ 2023-ին այս ցուցանիշը 229 է եղել։

«Ուզում եմ հատկապես ընդգծել մանկապարտեզներում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկումը։ Սա շատ կարևոր խնդիր է։ Հաճախ մենք խոսում ենք ներառականության խնդիրներից դպրոցի մակարդակում։ Բոլոր այդ խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն, եթե արդեն մանկապարտեզներում մենք ունենանք համապատասխան մոտեցումներն ու ծառայությունները: Պետք է ասեմ, որ սա մեր ամենամեծ աճ գրանցող ծրագրերից մեկն է. 2023 թվականի նկատմամբ մանկապարտեզներում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության 38% աճ ունենք՝ շուրջ 1800 երեխաների մասին է խոսքը: 2022-ին մեկնարկային թիվը 91 երեխա էր»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Նա անդրադարձել է նախորդ տարի մեկնարկած մսուրի ծառայությունների ընդլայնման ծրագրին: Այս պահին Վանաձորում, Հրազդանում, Գյումրիում և Երևանում գործող մսուրի խմբեր են գործում մեկ տարեկանների համար, և ծրագիրը, նախարարի գնահատմամբ, հաջողված է:

Քոլեջների 3000 ուսանող կրթաթոշակի շահառու է

Քոլեջներում սովորում է ավելի քան 47700 ուսանող, ինչը 2018-ի նկատմամբ 36%-ով ավելի է: 2025-ն աննախադեպ է եղել դիմելիության առումով. 16497 ուսանող ընդունվել է քոլեջ: Այս արդյունքը Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետական քաղաքականության հետևանք է: Այս համատեքստում նա անդրադարձել է 2023 թվականից ներդրված 50000 դրամի կրթաթոշակի ծրագրին՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության բնագավառներում. ծրագրի շահառու են ավելի քան 3000 ուսանողներ:

Բարեփոխումները ստեղծում են հնարավորություն՝ Հայաստանում միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն ստանալու

Բարձրագույն կրթության ուղղությամբ նախորդ տարի կատարած կարևորագույն աշխատանքներից ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ընդունումը, որը ձևավորել է լիարժեք իրավական շրջանակ ոլորտի բարեփոխումների համար։

«Ակադեմիական քաղաք» խոշոր ծրագրի իրագործումը շարունակվում է․ 2025 թվականին էական առաջընթաց է արձանագրվել նախապատրաստական փուլի ամփոփման, իրականացման փուլի մեկնարկի առումով։ Ներկայում գլխավոր հատակագիծը համալիր փորձաքննության փուլում է, միաժամանակ աշխատանք է տարվում ենթակառուցվածքների, մրցույթների կազմակերպման ուղղությամբ։ Ծրագիրը, ըստ նախարարի, ուսանողներին հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությունում միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն ստանալ և զբաղվել հետազոտությամբ: Կրթությունը գրավիչ է դառնալու նաև արտերկրի ուսանողների համար՝ որպես համալսարանների զարգացման ևս մեկ խթան:

Ոլորտի ձեռքբերումներից նախարարը շեշտադրել է նախորդ տարի առաջին անգամ գործարկված արտերկրի ուսանողների՝ թվային հարթակի միջոցով բուհեր ընդունելության գործընթացը: Ըստ այդմ՝ միայն օտարազգի քաղաքացիների հայտերի քանակը 2024 թվականի համեմատ 2025-ին աճել է 90 %-ով: Իսկ ընդհանուր առմամբ օտարերկրյա դիմորդների ընդհանուր թիվը աճել է 38%-ով: Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև բուհական մակարդակում գերակա ուղղություններով կրթաթոշակի տրամադրման ծրագրից։

2023 թվականի մանկավարժական ծրագրերի համար ներդրված բնագիտական առարկաների ցանկին 2024 թվականից ավելացել են նաև ագրարային ոլորտի որոշ մասնագիտություններ, ինչի արդյունքում այս ուղղություններով սովորողներն ավելի բարձր կրթաթոշակ են ստանում. ըստ առաջադիմության՝ սահմանված է ամսական 70 հազար դրամ կրթաթոշակ: Արդյունքում՝ Մանկավարժական համալսարանի ընդունելության ցուցանիշը բարելավվել է 75.8%-ով, Ագրարային համալսարանի ընդունելության ցուցանիշը՝ 15.7%-ով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն