ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2025 թ․ կատարողական․ սպորտ և երիտասարդություն․ սպորտային ենթակառուցվածքների և երիտասարդական կենտրոնների ստեղծում

Մարտի 17, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության 2021-2026 ծրագրի՝ 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։

Անդրադառնալով սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված մեծածավալ աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, ինչպես նաև երիտասարդության ոլորտը կարգավորող օրենքի ընդունումը։

Տիպային մարզահամալիրների կառուցում մարզերում

Նրա խոսքով՝ մասնավոր հատվածի հետ գործընկերությամբ Եղեգնաձոր, Մարտունի և Արարատ քաղաքներում իրականացվում են տիպային մարզահամալիրների նախագծման աշխատանքներ։ Այս պահին արդեն ընթացքի մեջ են փորձաքննությունները և շինարարական մրցույթների հայտարարման գործընթացները։

ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգի մարզադաշտ Վանաձորում և Իջևանում

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 2029 թվականի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնության համատեղ հայտից հետո, որը ներկայացվել է Վրաստանի ֆեդերացիայի հետ, ակտիվ աշխատանք է իրականացվում մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ուղղությամբ։ Նախորդ տարվանից արդեն պայմանագիր է ստորագրվել միջազգային փորձառու կազմակերպության հետ, որն իրականացնում է Վանաձորի մարզադաշտի՝ ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգի մարզադաշտի վերակառուցման նախագծումը և ծրագրի կառավարումը։ Բացի այդ՝ որոշվել է ևս մեկ մարզադաշտ կառուցել Իջևանում։ Նշված մարզադաշտերը նախատեսված են առնվազն 10,000 հանդիսականի համար և կարող են դառնալ ոչ միայն սպորտային, այլև բազմաֆունկցիոնալ կարևոր կենտրոններ՝ նպաստելով համայնքների ակտիվացմանը, տուրիստական հոսքերի աճին և տնտեսական զարգացմանը։

Անվճար լողի պարապմունքներ դպրոցականների համար

Մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ իրականացվում է երեխաների լողի պարապմունքների ծրագիրը, որը ֆինանսավորում է պետության կողմից։ 2025 թվականին ծրագրից օգտվել է շուրջ 200 շահառու։ 2026 թվականին նախատեսվում է ընդլայնել մարզաձևերի շրջանակը՝ ներառելով նաև հրաձգություն, դահուկային սպորտ և այլ ուղղություններ։

Անցկացվել է «Վարչապետի գավաթ» սիրողական 5 մրցաշար

«Շարունակվել են աշխատանքները մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ։ Այս համատեքստում կարևոր են «Վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերը, որոնք նախորդ տարի անցկացվել են հինգ ուղղություններով՝ ավելի քան 25 հազար մասնակցի ընդգրկմամբ։ Դպրոցների շուրջ 42%-ը մասնակցել է առնվազն մեկ մրցաշարի։ Առաջին անգամ կազմակերպվել են նաև բասկետբոլի և վոլեյբոլի լիգաներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել և կշարունակվեն նաև այս տարի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Ընդհանուր առմամբ՝ նախորդ տարի շուրջ 100 սպորտային ենթակառուցվածքների ծրագրեր են իրականացվել՝ չհաշված դպրոցները, որտեղ ևս ակտիվ աշխատանքներ են տարվում մարզադահլիճների և բացօթյա մարզահրապարակների հիմնման ուղղությամբ։

Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար

Անդրադառնալով բարձր նվաճումների սպորտին՝ նախարարը նշել է, որ գործում է Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին նախապատրաստության աջակցության ծրագիրը, որի շրջանակում մարզիկները, մարզիչները և նրանց աջակցող անձնակազմը ստանում են ամենամսյա սպորտային նպաստ։

«Նախորդ տարին ակտիվ էր նաև միջազգային մրցաշարերի կազմակերպման առումով. այս տարի ևս աշխատանքները շարունակվում են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը

Նախորդ տարի ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որից հետո մեկնարկել են ոլորտի իրավական կարգավորման նոր գործընթացները։ 2022–2025 թվականներին մարզերում ստեղծվել և գործում են ինը երիտասարդական կենտրոններ։ Նախորդ տարի դրանք շուրջ 33 հազար երիտասարդների համար դարձել են քննարկումների և միջոցառումների հարթակ։ Նախորդ տարի ձևավորվել է ևս հինգ երիտասարդական կենտրոն. աշխատանքներն այս տարի ևս շարունակվելու են՝ մինչև տարվա վերջ ձևավորելով ևս 11 երիտասարդական կենտրոն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն