ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հարգանքի տուրք՝ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հիշատակին

Մարտի 9, 2026
Լուրեր կազմակերպություններից

Մարտի 8-ին լրացել է հայ ականավոր լեզվաբան, բառարանագիր Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը։

Օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, ինչպես նաև ակադեմիկոսի ընտանիքի անդամներն այցելել են նրա շիրիմին և ծաղիկներ խոնարհել՝ հարգանքի տուրք մատուցելով հայագիտության նշանավոր երախտավորի հիշատակին։

Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հատուկ հանձնաժողով՝ անվանի գիտնականի հոբելյանը պատշաճ կերպով նշելու և նրա գիտական ժառանգությունն արժևորելու նպատակով։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հոբելյանական տարին կարևոր հնարավորություն է ոչ միայն գիտնականի հիշատակը հարգելու, այլև նրա գործունեության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։

«Այսօր շատ կարևոր է խոսել մեր լեզվի մասին և իրականացնել լեզվի կենսունակությանն ուղղված ծրագրեր։ Այդ քննարկումների առանցքում նաև Հրաչյա Աճառյանի ժառանգությունն է, քանի որ բազմաթիվ հարցեր և լեզվաբանական մոտեցումներ, որոնց շուրջ այսօր աշխատում ենք, գալիս են հենց նրա գիտական գործունեությունից։ Այդ ամենը կարևոր է նաև լեզվաբանության զարգացման տեսանկյունից։ Այն, ինչ Աճառյանն իր ժամանակում արեց հայոց լեզվի համար, առաջադեմ էր, և այսօր մեզ համար մեծ պատասխանատվություն է այդ ժառանգության պահպանումը։ Եթե նա կարողացավ իր ժամանակի պայմաններում այդպիսի մեծ աշխատանք կատարել, ապա մենք ևս պարտավոր ենք շարունակել այդ ուղին»,– նշել է Ժաննա Անդրեասյանը։

Ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել գիտնականի գիտական ժառանգության պահպանման և հանրայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար։ Նրանք նշել են, որ վերջին տարիներին դպրոցներում և երիտասարդության շրջանում նկատվում է Աճառյանի գործունեության նկատմամբ հետաքրքրության և իրազեկվածության նկատելի աճ։ Ընտանիքի ներկայացուցիչները նաև պատրաստակամություն են հայտնել ցուցադրությունների կազմակերպման համար տրամադրել անհրաժեշտ օժանդակ նյութեր և աջակցել կազմակերպչական աշխատանքներին։

Քննարկվել են նաև «Աճառյան 150» հոբելյանական տարվա շրջանակում նախատեսվող միջոցառումները։ Դրանց թվում են միջազգային գիտաժողովի անցկացում, գիտական աշխատարանների և տարբեր կրթական նախաձեռնությունների իրականացում, դպրոցներում ընթերցումների և ճանաչողական ծրագրերի կազմակերպում, ինչպես նաև ցուցադրություն՝ Գրականության և արվեստի թանգարանի և Մատենադարանի համագործակցությամբ։ Հոբելյանական տարվա միջոցառումների ամբողջական ծրագիրը կքննարկվի և կհաստատվի ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի առաջիկա նիստում։

Հատկանշական է, որ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026–2027 թվականների օրացույցում»: Այս համատեքստում ընդգծվել է նաև համապատասխան միջոցառումների կազմակերպման կարևորությունը՝ գիտնականի գործունեությունն առավել լայն շրջանակներում ներկայացնելու նպատակով։

Հրաչյա Աճառյանը (1876–1953) հայ և համաշխարհային լեզվաբանական մտքի բացառիկ ներկայացուցիչներից է, որի գիտական ժառանգությունը հիմնարար նշանակություն ունի հումանիտար գիտությունների զարգացման համար։ Աճառյանի բազմակողմանի գիտական գործունեությունն ընդգրկում է հայոց լեզվի գրեթե բոլոր հիմնական բնագավառները՝ բարբառագիտություն, պատմահամեմատական լեզվաբանություն, բառագիտություն, քերականություն, անունաբանություն և հայ գրերի պատմություն։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…