ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ հրաձիգները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Մարտի 5, 2026
Սպորտային լուրեր

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է Գնդակային հրաձգության մեծահասակների ու երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները 4 ոսկե, 8 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել:

Հայաստանի հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը կարիերայում չորրորդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ շարժվող թիրախ-նորվալ վազք մրցաձևի կանանց պայքարում դառնալով ոսկե մեդալակիր: Եզրափակչում Մկրտչյանը 8:6 հաշվով առավելության է հասել Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Վերջինս արժանացել է արծաթին:

Նույն մրցաձևի թիմային պայքարում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացել են արծաթե մեդալին: Թիմում ընդգրկված էին Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանը և Արուսյակ Գրիգորյանը: Շարժվող թիրախ-նորմալ վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում ոսկե մեդալ էր նվաճել Լիլիթ Մկրտչյանը, իսկ արծաթե մեդալակիր էր դարձել Անահիտ Սարգսյանը:

Ավելի վաղ շարժվող թիրախ խառը վազք (տղամարդիկ, կանայք, երիտասարդներ) մրցաձևում կանանց մեծահասակների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Գոհար Հարությունյանը (370 միավոր):

Տղամարդկանց թիմը դարձել է թիմային պայքարի ոսկե մեդալակիր: Թիմում ընդգրկված են Հովհաննես Մարգարյանը, Հայկ Մինասյանը և Գոռ Խաչատրյանը: Կանանց թիմը երկրորդ տեղն է զբաղեցրել. ընդգրկված են Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Արուսյակ Գրիգորյանը:

Երիտասարդների անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճել Լիլիթ Մկրտչյանը (366 միավոր), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Յանա Հակոբյանը (362 միավոր):

Օդամղիչ ատրճանակ կանանց սոլո մրցաձևում արծաթե մեդալ է նվաճել Էլմիրա Կարապետյանը: Վերջինս, հաղթահարելով որակավորման, ապա կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակչում մրցել է Հունգարիայի ներկայացուցիչ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորի հետ և 12:15 հաշվով զիջել մրցակցին՝ դառնալով ԵԱ-ի կրկնակի արծաթե մեդալակիր:

Շարժվող թիրախ թիմային խառը (տղամարդիկ+կին) մրցաձևում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյան-Հայկ Մինասյան զույգն արժանացել է արծաթե մեդալի: Եզրափակչում նրանք մրցել են Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտորիա Ռիբալովա-Դանիլո Դանիլենկո զույգի հետ ու զիջել 6:3 հաշվով:

Մրցումային վերջին օրը Հայաստանի հավաքականն օղամղիչ ատրճանակ վարժությունում բրոնզե մեդալի համար մրցել է Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի հավաքականի եռյակում ընդգրկված Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանն ու Գևորգ Մելքոնյանը ընդհանուր հաշվարկում գերազանցելով մրցակցին 17:9 հաշվով` դարձել են առաջնության բրոնզե մեդալակիր:

Հրաձգության Եվրոպայի առաջնությանը մասնակցել են շուրջ 40 երկրի ավելի քան 450 մարզիկներ, մարզիչներ և պատվիրակներ։ Մրցումներն անցկացվել են օդամղիչ ատրճանակ, օդամղիչ հրացան և շարժվող թիրախ մրցաձևերում։ Ընդհանուր առմամբ՝ խաղարկվել է 70 լրակազմ մեդալ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն