ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հասմիկ Ավագյանն ընդունել է գեղասահորդներ Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին

Փետրվարի 20, 2026
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր ընդունել է ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում գեղասահքի սպորտային զույգերի մրցապայքարում Հայաստանը ներկայացրած Կարինա Ակոպովային և Նիկիտա Ռախմանինին։

Ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Օլիմպիական խաղերում արժանապատիվ մասնակցության և ելույթի համար։

«Մենք արդեն ունենք Հայաստանի համար աննախադեպ արդյունք, ինչի համար շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ձեզ։ Չնայած մրցումների բարձր լարվածությանը՝ դուք արել եք առավելագույնը, և ձեր ջանքերը իզուր չեն»,– նշել է Հասմիկ Ավագյանը։

Գեղասահորդները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։ Նրանք նշել են, որ թեև նպատակ ունեին հայտնվել լավագույն տասնյակում, սակայն անկախ արդյունքից՝ Օլիմպիական խաղերում առաջին անգամ հանդես գալու հնարավորությունն արդեն իսկ համարում են մեծ ձեռքբերում և կարևոր փորձ իրենց մարզական կարիերայում։

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը երիտասարդ մարզիկներին հաջողություն է մաղթել առաջիկա մրցումներում՝ վստահություն հայտնելով, որ նրանք շարունակելու են բարձր պահել հայկական սպորտի պատիվը միջազգային հարթակներում։ Քննարկվել են նաև առաջիկա մրցաշարերի մասնակցությանը, մարզումային գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող սպորտային զույգը ձմեռային Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն