ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Վերականգնումից հետո Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան

Փետրվարի 8, 2026
Մշակութային լուրեր

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը հանդես է գալիս նոր հայեցակարգով՝ որպես Հայկական գործվածքի թանգարան՝ ներկայացնելով հայկական գեղարվեստական գործվածքի բազմադարյա ավանդույթներն ու դրանց շարունակական զարգացումը։

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, այսօր տեղի է ունեցել թանգարանի պաշտոնական վերաբացումը, որը նշանավորվել է Հայաստանում առաջին գործվածքի թանգարանի գործունեության ազդարարմամբ։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը, Հովհաննես Շարամբեյանի ընտանիքի անդամներ, այդ թվում՝ թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Թանգարանի շենքը վերականգնվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով: Մինչ հիմնանորոգման աշխատանքները պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված թանգարանի շենքը վթարային վիճակում էր։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է թանգարանի բացման առիթով՝ նշեով, որ ներդրված ջանքերը ցանկալի արդյունք են ապահովել. «Այս հրաշալի թանգարանային միջավայրը ամենաարժանի նվերն է Հովհաննես Շարամբեյանի հարյուրամյակին: Սա նաև մեր երախտիքն է Շարամբեյանի հիշատակին, ինչպես նաև հանձնառությունը՝ շարունակելու նրա սկսած մեծ գործը։

Թանգարանի շենքը պատմության և մշակույթի հուշարձան է, որի վերականգնման աշխատանքներն իրականացվել են ամենայն զգուշությամբ և նրբանկատությամբ՝ հաշվի առնելով պատմական շենքի պահպանման բոլոր կանոնները»:

Նախարարը շնորհակալություն է հայտնել թանգարանի վերականգնման աշխատանքներում ընդգրկված բոլոր մասնագետներին՝ սկսած շինարարներից մինչև թանգարանային նոր ցուցադրության կազմակերպիչներ:

«Հայկական գործվածքի պատմությունը տեսանելի դարձնելն ունի առանձնահատուկ նշանակություն, և մենք սա շարունակական աշխատանք ենք դարձնելու։ Հայկական գործվածքի պատմության ներկայացումը հիանալի հնարավորություն է մեր երեխաների, զբոսաշրջիկների, ցանկացած քաղաքացու համար՝ գալու և առնչվելու արվեստի այս տեսակի հետ»,- ասել է նախարարը:

Հայկական գործվածքի թանգարանի մշտական ցուցադրության համադրողներն են Հովհաննես Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Վան Աշուղաթոյանը և գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանը: Նարեկ Վան Աշուղաթոյանը ներկայացրել է թանգարանի ստեղծման պատմությունն ու ցուցադրության մանրամասները:

«Հաշվի առնելով, որ Ժողովրդական արվեստների թանգարանի նմուշների մեծ մասը գործվածքներ են, ցանկացանք առաջարկել Հայաստանի համար բացառիկ և նորարար գաղափար՝ հիմնել գործվածքի թանգարան: Իմ պապն այս շենքի վերջին բնակիչն էր, և այս տարածքն ինձ համար պարզապես թանգարան չէ, այլ հարազատ օջախ, որտեղ նորից լույս է վառվել»,- ասել է Նարեկ Վան Աշուղաթոյանը:

Հայկական գործվածքի թանգարանը ներկայացնում է գորգն ու կարպետը, ասեղնագործությունը, ժանյակը՝ տարբեր դպրոցներով, տեխնիկաներով, զարգացման փուլերով և կիրառական ձևերով։ Բացի ժողովրդական արվեստների թանգարանի նմուշներից, վերաբացված թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանի և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» նմուշներ:

Նոր ցուցադրությունում առանձնահատուկ տեղ է հատկացված Հովհաննես Շարամբեյանի դիլիջանյան թեմատիկ գեղանկարներին, որոնք հանդես են գալիս որպես գեղարվեստական վավերագրեր՝ պահպանելով քաղաքի պատմական միջավայրն ու կոլորիտը։

Հայկական գործվածքի թանգարանը նախատեսում է դառնալ ոչ միայն ցուցադրական տարածք, այլև կենդանի մշակութային միջավայր։ Թանգարանի տարածքում կկազմակերպվեն վարպետության դասեր, բացօթյա միջոցառումներ, ցուցահանդես-վաճառքներ՝ ժողովրդական վարպետների մասնակցությամբ, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը միտված ավանդական տոներ, ծեսեր, ազգային երգ ու պարի ներկայացումներ։

Կարևոր ուղղություն է նաև կրթական բաղադրիչը․ թանգարանը կհանդիսանա կրթական ռեսուրս դպրոցականների, ուսանողների և լայն հանրության համար՝ նպաստելով մշակութային ժառանգության արժևորմանը։

Նոր մասնագիտացված ցուցադրությունը կխթանի նաև Դիլիջանի զբոսաշրջային գրավչության բարձրացումը։ Վերականգնված շենքի նախագիծը և ցուցադրության հստակ կառուցվածքը հնարավորություն կտան այցելուներին կարճ ժամանակում ամբողջական պատկերացում կազմել հայկական գործվածքի հարուստ ժառանգության մասին։

Հայկական գործվածքի թանգարանը նպատակ ունի դառնալ Դիլիջանի մշակութային ակտիվ կենտրոններից մեկը՝ միավորելով պատմությունը, արվեստը, կրթությունն ու ժամանակակից մշակութային գործընթացները։

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին՝ վաստակավոր նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ, հայ ժողովրդական մշակույթի հմուտ գիտակ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ ։ Շենքը կառուցել է Սամսոն Բեկ-Հարությունյանը։ Այն եղել է իշխանուհի Մարիամ Թումանյանի ամառանոցը, որը բնակվել է Թիֆլիսում, իսկ ամռան ամիսներն անցկացրել այս շենքում։ Տան վերջին բնակիչը եղել է Հովհաննես Շարամբեյանը, որի նախաձեռնությամբ էլ շենքը վերածվել է Ժողովրդական արվեստի թանգարանի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…