ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով

Փետրվարի 5, 2026
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ նշանավորելով երկու հաստատությունների միջև պատմական գործընկերության սկիզբը։

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը և Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը:

Բեռլինի «Նոյես թանգարանում» փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

Համագործակցության շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի համատեղ ցուցադրություն՝ Բեռլինի «Թանգարանային կղզու» մի շարք թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով, որոնց մի մասը կցուցադրվի առաջին անգամ։ Ցուցադրությունը նվիրված է «Թանգարանային կղզու» հիմնադրման 200-ամյակին և առաջին անգամ է նման ծավալով իրականացվում արտերկրում։ Նշենք, որ Բեռլինի նախապատմության և վաղ պատմության թանգարանը ևս ներառված է Գերմանիայի «Թանգարանային կղզում»:

2027 թվականին նախատեսվում է փոխադարձ ցուցադրություն Բեռլինում, որի շրջանակում «Թանգարանային կղզում» առաջին անգամ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի գանձերը։

Թանգարանների համագործակցությունը սկսվել է 2021 թվականից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն