ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում

Հունվարի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ընդգծելով, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման մեխանիզմների կատարելագործումն ու վարձատրության բարձրացումը Կառավարության ծրագրի առաջնահերթ ուղղություններից են:

Նրա խոսքով՝ 2018 թ. ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման ընդամենը մեկ ծրագիր է գործել, որին հատկացված էր 263 միլիոն դրամ: 2025 թ. այս ուղղություններով արդեն հինգ ծրագիր է գործում. 2025-ին միայն ուսուցիչների հավելյալ խրախուսման ծրագրերի համար պետությունն ավելի քան 15 միլիարդ դրամ է հատկացրել. «Մասնագիտական զարգացումն ու վարձատրության բարձրացումը մեր կայուն ու հետևողական քաղաքականությունն են, որի արդյունքում 9602 ուսուցիչ կամ մեր ուսուցիչների 31 %-ն արդեն իսկ հաջողությամբ հաղթահարել է կամավոր ատեստավորումը և բարձր վարձատրություն է ստանում։ Կամավոր ատեստավորման այս ցուցանիշներին զուգահեռ կարևորում ենք նաև գործընթացի լավարկումը»:

Անդրադառնալով որոշմամբ առաջարկվող փոփոխություններին՝ նախարարը տեղեկացրել է՝ ուսումնական խմբակները նույնպես հաշվարկվելու են որպես ուսուցչի կողմից դասավանդվող ժամեր, և դրանց նկատմամբ ևս կիրառվելու են հավելավճարի սկզբունքները` ըստ կամավոր ատեստավորման արդյունքների:

«Հանրակրթության նոր չափորոշչի համաձայն՝ ուսուցիչները, բացի իրենց առարկաները դասավանդելուց, կարող են նաև խմբակներ վարել, նախագծային աշխատանքներ իրականացնել. այս աշխատանքները կրթության անբաժանելի և շատ կարևոր մասն են: Հետևաբար, եթե ուսուցիչը, բացի համապատասխան առարկայի դասավանդումից, նաև նախագծային աշխատանք է ղեկավարում, ապա այս ժամերը նույնպես կընդգրկվեն և համապատասխանաբար կհաշվարկվեն: Երբ ուսուցիչը երկրորդ կամ երրորդ անգամ է մասնակցում ատեստավորմանը և ցուցաբերում հավասար արդյունք, ապա ուսուցչի հավելավճարի չափը պահպանվում է և սահմանվում է հնգամյա նոր ժամկետ՝ վերջին ատեստավորումից հետո»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ եթե երկրորդ անգամ ուսուցիչն ավելի ցածր արդյունք է ցույց տալիս, ապա հավելավճարը պահպանվում է նախորդ՝ ավելի բարձր արդյունքի չափով, սակայն հնգամյա ժամկետը հաշվարկվում է նախորդ անգամվա ատեստավորման ժամկետից սկսած:

Ավելի բարձր միավորների դեպքում սահմանվում ավելի բարձր հավելավճար` վերջին ատեստավորման ժամկետից սկսած` 5 տարով:

Հաջորդ կարգավորումը բխում է «Հանրակրթության մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունից, ըստ որի՝ ուսուցչի թափուր տեղը կարող են համալրել ոլորտային բարձրագույն կրթություն ունեցող, սակայն մանկավարժի որակավորում չունեցող այն անձինք, որոնք մասնակցել են համապատասխան դասընթացների և ձեռք են բերել մանկավարժահոգեբանական հմտությունների 40-79 կրեդիտ: Առաջարկվող փոփոխությամբ դեռևս դպրոցում չաշխատող այս խմբի մասնագետների համար ևս հնարավորություն կստեղծվի մասնակցել կամավոր ատեստավորվմանը և դպրոցում աշխատանքի անցնելու դեպքում ունենալ բարձրացված դրույքաչափ և հավելավճար:

Բացի այդ՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կտրվի նաև բարձրագույն մանկավարժական կրթություն ստացող ավարտական կուրսի ուսանողներին։ Նախաձեռնությունը միտված է երիտասարդ կադրերի ներգրավմանը և նպատակ ունի ապահովել հատկապես գյուղական համայնքների դպրոցներում առկա թափուր հաստիքները:

«Յուրաքանչյուր տարի կամավոր ատեստավորման գործընթացին մասնակցում են նաև տվյալ պահին ուսուցիչ չաշխատող մարդիկ. 2025 թվականին 500-ից ավելի այդպիսի անձ մասնակցել է կամավոր ատեստավորմանը: Նրանք, արդեն ունենալով նաև ատեստավորման դրական արդյունք, դիմում են ուսուցչի աշխատանքի համար և աշխատանքի անցնում բարձր վարձատրությամբ: Այս կարգավորումները նոր հնարավորություններ կընձեռեն ու կլավարկեն ընդհանուր գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Հարցի քննարկման ժամանակ նշվել է՝ պետության կողմից ուսուցիչների մասնագիտական զարգացման և հավելյալ խրախուսման տարբեր ծրագրերի արդյունքներով ներկայում 13 ուսուցիչ ամսական շուրջ 700 հազար դրամ վարձատրություն է ստանում, 70 ուսուցիչ՝ 600-700 հազար դրամ, 220 ուսուցիչ՝ 500-600 հազար դրամ, 1362 ուսուցիչ՝ 400-500 հազար դրամ, 2952 ուսուցիչ՝ 300-400 հազար դրամ:

«Ատեստավորման վերջին փուլից հետո թվերն էապես լավարկվել են: Հավելյալ խթան ներդնելով՝ կկարողանանք գործընթացում ընդգրկել բոլոր ուսուցիչներին: Կարևոր է նշել նաև, որ ուսուցիչների շրջանում ատեստավորումից հետո մասնագիտական ցանցեր են ձևավորվել, որոնք ակտիվ համագործակցում և աջակցում են միմյանց»,- ասել է նախարարը:

Արտադպրոցական հաստատությունների մասնագետների կամավոր ատեստավորումը լավարկվում է

Անդրադառնալով Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվող փոփոխությանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ լավարկումներ են նախատեսված արտադպրոցական հաստատությունների՝ երաժշտական և արվեստի, սպորտի դպրոցների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացում:

Նախարարի տեղեկացմամբ՝ արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումն իրականացվում է 2023 թվականից` ապահովելով մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման հնարավորություն: Առաջարկվող նոր կարգավորումը սահմանում է` համատեղությամբ աշխատելու դեպքում մանկավարժները կկարողանան համատեղության վայրից նույնպես ստանալ լրավճար, եթե նույն ուղղությամբ են դասավանդում։

«Հստակեցումն այս պահին կարող է վերաբերել արդեն ատեստավորված շուրջ 290 մանկավարժների, որոնք աշխատում են արվեստի, երաժշտական, գեղարվեստի արտադպրոցական հաստատություններում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով` 2025 թվականին արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորումն իրականացվել է նոր ուղղություններով, որի արդյունքում մեծ թվով մանկավարժներ հնարավորություն են ունեցել մասնակցել գործընթացին:

Նշելով, որ ատեստավորված մանկավարժների 77.2%-ն արվեստի ոլորտի ներկայացուցիչներն են, իսկ 22.8%-ը՝ սպորտի, նախարարը հույս է հայտնել, որ մարզադպրոցների մարզիչ-մանկավարժներն այս տարի ավելի ակտիվ մասնակցություն կցուցաբերեն գործընթացին: Նա նաև տեղեկացրել է, որ կամավոր ատեստավորման դրական արդյունքների համար բոլոր մասնագետները ֆիքսված հավելավճարներ են ստանում` ըստ ցուցաբերած արդյունքի. «Քանի որ արտադպրոցական հաստատությունների, համայնքային մարզադպրոցների ու արվեստի դպրոցների մանկավարժական դրույքաչափերը տարբեր բնակավայրերում տարբեր են, նրանց համար սահմանվել է ոչ թե տոկոսային հավելավճար, ինչպես դա արվում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման դեպքում, այլ կոնկրետ ավելացումներ»:

Կամավոր ատեստավորման 90-100% արդյունքի դեպքում պետական բյուջեի միջոցներից մասնագետին տրվում է 138 300 դրամ հավելավճար, 80-89%-ի պարագայում՝ 111 500 դրամ, 70-79%-ի պարագայում՝ 80.600 դրամ հավելավճար:

Արտադպրոցական հաստատություններում դասավանդողների կամավոր ատեստավորման գործընթացը կշարունակվի նաև այս տարի` ընդգրկելով ավելի շատ ուղղություններ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային գրագիտություն. ինչպե՞ս դասականը գրականությունը դարձնել «թրենդային»

    Թեմայի հեղինակ՝ manukyanlilit-1@mail.ru

    «Դասականը դարձնել թրենդային» նշանակում է, ոչ թե փոխել ստեղծագործության բովանդակությունը, այլ փոխել դրա մատուցման ձևն ու հասանելիությունը: Այսօրվա սերունդը տեղեկատվությունը սպառում է արագ, տեսողական և ինտերակտիվ եղանակով: Որպեսզի դասական գրականությունը…

  • Տարրական դպրոց 2026. AI, eTwinning և նորարար ուսուցչի մարտահրավերները

    Թեմայի հեղինակ՝ Syuzanna Sahakyan

    Ես որպես դասվար,տեսնում եմ,թե ինչպես արագ է փոխվում կրթական միջավայրը:Այսօր ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ ,մի քանի կարևոր մտքերով,ինչպես ընտրել այնպիսի հարթակներ դասապրոցեսի ընթացքում , որոնք հիմնված են երեք սկզբունքի…

  • Նորարական տեխնոլոգիա

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք բոլորս ականատեսն ենք, թե ինչպես է կրթական համակարգի զարգացումն անխզելիորեն կապվում նորարարական տեխնոլոգիաների հետ: Սակայն սա միայն տեխնիկական հագեցվածության հարց չէ, այլ բովանդակային ու մեթոդաբանական խորը…

  • Հեռավար ուսուցում․ ժամանակակից կրթության մրցունակ ուղին

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    Հեռավար ուսուցումը վերջին տարիներին դարձել է կրթության կարևորագույն ուղղություններից մեկը՝ պայմանավորված ինչպես տեխնոլոգիական առաջընթացով, այնպես էլ գլոբալ մարտահրավերներով: Այն այլևս պարզապես ժամանակավոր լուծում չէ, այլ մրցունակ և զարգացող կրթական մոդել,…

  • 21-րդ դարի հմտությունները՝ կրթության նոր առանցքը

    Թեմայի հեղինակ՝ Անի Ավետիսյան

    21-րդ դարը բնութագրվում է արագ փոփոխություններով, տեխնոլոգիական զարգացմամբ և գլոբալ փոխկապակցվածությամբ: Այս պայմաններում կրթության հիմնական նպատակը այլևս չի սահմանափակվում միայն գիտելիքի փոխանցմամբ․ առաջնային է դառնում այն հմտությունների ձևավորումը, որոնք հնարավորություն…