ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի ելույթը «Ուսուցիչ» նախաձեռնության վերաբերյալ

Օգոստոսի 24, 2017
Հարցազրույցներ, ելույթներ

Գերաշնորհ սրբազան հայր, ԱԺ պատգամավորներ, հարգելի ռեկտորներ, ուսուցիչներ, գործընկերներ,

Օգոստոսյան խորհրդակցությունների նախաշեմին որոշում կայացվեց հանդիպել  կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի նման մասնագիտական լսարանով կարողանանք նախ ուղղորդել այդ խորհրդակցությունները, ինչպես նաև որոշակի հաշվետվություն ներկայացնել, որովհետև վերջին երկու տարիների մեր քայլերի տրամաբանությունն ի վերջո հանգեցրել են այն թեմաներին, որոնց վերաբերյալ այսօր պետք է խոսենք: Նման հանդիպման նպատակը նաև այն է, որ կրթության ոլորտի լավագույն մասնագետներին ներկայացնենք մեր հետագա քայլերի հաջորդականությունը` որոշակի արդյունքի հասնելու համար: Այսօր կներկայացվի նաև նոր նախաձեռնություն, որը պայմանականորեն անվանել ենք «Ուսուցիչ»:

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ

Շուրջ երկու տարի է, ինչ Հայաստանի կրթական համակարգը մտել է վերափոխումների նոր շրջան: Անկախության առաջին օրերից ձևավորվել է ազգային կրթական համակարգ, և բարեփոխումները կրել են շարունակական բնույթ: Արդյունքում` կարողացել ենք ձևավորել այնպիսի համակարգ, որն այսօր չափելի, ընկալելի և հասկանալի է աշխարհի համար: Առհասարակ, Հայաստանի կրթական ոլորտն ակտիվորեն ներառված է միջազգային կրթական տարածքում, մասնավորապես, եվրոպական քաղաքակրթական համակարգում, որի մեջ են մտնում նաև ԱՊՀ երկրները: Հայաստանում հանրակրթությունը 12-ամյա է, և ներդրված են չափորոշիչներ, որով այսօր առաջնորդվում է քաղաքակիրթ աշխարհը: Բարձրագույն կրթությունը Բոլոնիայի գործընթացի չափորոշչային համակարգում է, իսկ միջին մասնագիտական կրթությունը՝ միջազգայնացման և փոխճանաչման գործընթացների մեջ: Ըստ քայլերի հաջորդականության՝ սկզբում ընդունվել է Որակավորումների ազգային շրջանակը, որը հնարավորություն է տալիս կրթությունը դիտարկել իբրև մեկ ամբողջություն՝ նախադպրոցականից մինչև գիտություն և աշխատաշուկա: Մշակվել է Կրթության զարգացման պետական ծրագիրը /մինչև 2030 թվական/, որն ունի կարևոր բաղադրիչներ` հանրակրթության պետական ծրագիր, որն ամբողջությամբ կարգավորելու է այդ ոլորտի զարգացման հեռանկարները, առկա ռեսուրսներ և դրանց ճիշտ տեղաբաշխման ձևաչափ, բարձրագույն  կրթության զարգացման համալիր ծրագիր, որն իր մեջ ներառում է ռացիոնալիզացիա, համալսարան-ինստիտուտ հարաբերությունների վերանայում, կրեդիտային համակարգ, ցանցային համալսարաններ, կլաստերների ձևավորում, ինչպես նաև ՄԿՈՒ բարեփոխումների ծրագիր, որն իրականացնում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ: Միաժամանակ, այդ ամբողջ ծրագրային փաթեթի հետ միասին դրել ենք մեծ ներուժ ունեցող ծրագրերի կենսագործում, մասնավորապես, էլեկտրոնային, ֆինանսական, ձեռնարկատիրական կրթություն և ֆիզիկական կուլտուրայի բարելավում, որոնք, ըստ էության, հմտություններ զարգացնող համակարգեր են: Մեծ առաջընթաց ունենք նաև կրթության հավատարմագրման ոլորտում. ՈԱԱԿ-ն արդեն անդամակցում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցին, մշակված են հստակ մեխանիզմներ, արդյունքների ստուգման չափանիշներ և այլն: Այսինքն՝ մենք կարողացել ենք ստեղծել կրթության ձև, որն ամբողջությամբ հասկանալի և ճանաչելի է: Այսպիսով՝ ամբողջանում է բարեփոխումների այն շրջանակը, որը կիրականացվի 2018-20 թվականներին: 

Մոտակա մի քանի տարիներին պետք է անցնենք հաջորդ կարևոր փուլին՝ կրթության որակի ապահովմանը: Այն գերակա է, քանի որ առանց որակի՝ ձևը շատ արագ կաղավաղվի, և մենք կկանգնենք կոտրած տաշտակի առջև: Կրթական համակարգը հաճախ նմանեցնում են ժամացույցի. եթե դրա մի փոքրիկ օղակ չի աշխատում, ապա ժամը ցույց չի տալիս: Մենք կարողացել ենք պահպանել ամենակարևորը՝ կրթական ժամացույցն աշխատում է: Հնարավոր է այն հետ է ընկնում կամ առաջ, բայց որ համակարգը լիարժեք գործում է, դա միանշանակ է: Եվ սա այն հենքն է, որի վրա պետք է կառուցվեն հետագա բարեփոխումները: Նշեմ, որ կրթական ձեռքբերումները միայն անկախության ժամանակաշրջանով չեն պայմանավորված. դրանց հիմքում նաև այն հզոր ներուժն է, որ կուտակել է մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում և հատկապես խորհրդային շրջանում, երբ առկա էր բավականին ուժեղ գիտակրթական համակարգ: Բնականաբար, այսօր այդ ներուժը պետք է համապատասխանեցնել մեր կրթական համակարգին:

Նվաճումներին զուգահեռ՝ առկա են մի շարք մտահոգություններ, մասնավորապես, բարձրագույն կրթության համակարգում բակալավր շրջանավարտների շուրջ 70 տոկոսը հումանիտար կրթություն ունի, իսկ մյուս 30 տոկոսի մի զգալի հատվածը բաժին է ընկնում ՏՏ ոլորտին: Հետևաբար, առկա է բնական գիտությունների պահպանման լուրջ խնդիր: Հաջորդը՝ ունենք առավելագույնը 100 աշակերտ ունեցող դպրոցների մի հսկայական բանակ, ինչպես նաև 87 հազար ուսանողության սպասարկող ավելի քան 65 բուհ: Սրանք իսկապես լուրջ մարտահրավերներ են, որոնք ուղղակիորեն վտանգում են կրթության որակը:

«ՈՒՍՈՒՑԻՉ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ հիմա ամենակարևոր խնդիրը` բոլոր բարեփոխումները կմնան թղթի վրա, եթե չկարողանանք արմատապես փոխել վերաբերմունքը մեր կրթական համակարգի նվիրյալների հանդեպ: Վստահաբար մեր երկրի ամենակազմակերպված և գիտակից հատվածը շարունակում է մնալ ուսուցչական համակազմը: Շուրջ 37 հազար ուսուցիչ այսօր կատարում է իր պարտականությունները՝ մի մասն ամբողջական նվիրումով, մի մասը` դժգոհությամբ, բայց գործի կարևորության գիտակցումով, և միայն շատ փոքրաթիվ հատվածի համար է, որ կրթության բնագավառը պարզապես աշխատատեղ է: Ուսուցիչ ասելով՝ նկատի ունեմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ուսերին են վերցրել սերունդ դաստիարակելու պատասխանատվությունը և ծանրությունը: Ավելին` մինչև չկարողանանք ուղիղ և հասցեական դիտարկել այս հիմնախնդիրը և գտնել համապատասխան լուծումներ, որոնք կօգնեն բարձրացնել ուսուցչի դերակատարությունը հասարակության մեջ, մեր բոլոր ծրագրերը մեծ վտանգի տակ կլինեն: Հետևաբար, անհրաժեշտ է ուսուցչի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխություն երկու հարթությունում՝ ուսուցիչն իբրև մասնագետ և որպես մեր հասարակության ամենաակտիվ և նվիրյալ մտավորական, որի սոցիալական վիճակը և ապրելաձևը պետք է  համազոր լինեն այն առաքելությանը, որը նա կոչված է իրականացնել:  Եթե այս երկու կարևոր խնդիրները կարողանանք լուծել, ապա կարելի է ակնկալել մի վիճակ, որին մեր ժողովուրդը սովոր է եղել դարերով: Վարժապետն իրականում հայ հասարակության ամենակարևոր անձնավորությունն է եղել: 20-րդ դարի սկզբին վարժապետները նույնիսկ մեր նոր անկախությունն են կերտել: Մենք պարտավոր ենք այս ամենը վերադարձնել մեր հասարակությանը: Ուսուցչի դերի վերականգնման և արժևորման այս ճանապարհին կարիք ունենք հանրության ակտիվ մասնակցության և օգնության: Ցանկալի է, որ առաջիկա օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ մեր պաշտոնյաները, վաստակաշատ և երիտասարդ ուսուցիչներն իրենց դիտարկումները և առաջարկությունները գրավոր ներկայացնեն, որպեսզի Ուսուցչի օրը կարողանանք ծրագիրն ամբողջությամբ ներկայացնել հանրությանը: Եթե մենք այս ծրագիրը հաջողությամբ իրականացնենք, հաջորդ քայլը կլինի նմանօրինակ գործընթաց մասնագիտական կրթության ոլորտում:

Ինչ է անհրաժեշտ, որպեսզի մեր հասարակությունում ուսուցիչը վերագտնի իր արժանի տեղը: Առաջարկում եմ խնդիրը դիտարկել երկու բաղադրիչով` որակական և սոցիալական: Այն բավականին երկարատև գործընթաց է և պահանջում է լրացուցիչ ֆինանսական և այլ ռեսուրսներ: Այսօր բավականին հուսադրող վիճակ ունենք այն իմաստով, որ ուսուցչի առաքելության և նրա մասնագիտական կարողության բարձրացման ուղղությամբ առկա է մի քանի կարևոր բաղադրիչ: Առաջինը` պետությունն արդեն որոշակի գումար է ներդնում բյուջեում ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ, որի որակը, սակայն, դեռևս մեզ չի բավարարում, քանի որ այն խիստ բյուրոկրատական է, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, իսկ առկա ռեսուրսներն էլ ոչ արդյունավետ են օգտագործվում: Հետևաբար, պետք է ամբողջությամբ բարեփոխել այդ համակարգը, որին էլ կուղղվեն ԵՄ դրամաշնորհի միջոցները: Վերջինիս շրջանակում արմատապես կձևափոխվի Կրթության ազգային ինստիտուտի համակարգը: Այն կզբաղվի  երեք կարևոր սկզբունքային հարցերով. դասագրքաստեղծ գործունեություն, այն է` դասագրքերի և ուսուցչի ձեռնարկի որակի բարձրացում, ինչպես նաև աջակցող միջոցների ձևավորում, որոնց մեջ մտնում են էլեկտրոնային գրականությունը, պլանշետներով ապահովումը և այլն: Երկրորդը կրթության փիլիսոփայության հատվածն է` չափորոշիչներ, կրթակարգեր, իսկ երրորդը` ուսուցիչների վերապատրաստման նոր մեխանիզմների ներդրումը: Նշեմ, որ վերապատրաստման հարցերով պետք է զբաղվեն առավել բարձր որակ ապահովող կազմակերպությունները: Երկրորդ կարևոր հատվածը մանկավարժական կրթության որակի արմատական բարեփոխումն է և ուսուցչի մասնագիտությունն առավել մոտիվացված դարձնելը: Մանկավարժական կրթությունը պետք է հասու դարձնել ոչ միայն մասնագիտական բուհերին. վերջիններս պետք է մշակեն մեկամյա մագիստրոսական ծրագիր, որը թույլ կտա այլ մասնագետների` ձեռք բերել մանկավարժի որակավորում: Բացի այդ, որակյալ ուսուցչին պետք է ազատություն տալ: Սկզբունքորեն մեր կրթակարգն այդ հնարավորությունը տալիս է. դպրոցը կարող է 30 տոկոսի շրջանակում ընտրությունը կատարել, սակայն, ցավոք, այն չի հասնում ուսուցչին: Վերջինս պետք է կարողանա ազատորեն ընտրել իր առարկայի դասավանդման մեթոդիկան, անհատական ուսուցման մեթոդներ ներդնել, տնօրինել իր գիտելիքները և այլն: Առհասարակ, հանրակրթական համակարգում այսօր ունենք փայլուն օրինակներ, դպրոցներ, որոնց ծրագրերը և փորձը կիրառելի են ամբողջ հանրապետությունում: Սա շատ կարևոր է, քանի որ կրթական հաստատությունները պետք է առաջնորդվեն ազատ մտածողության, չափորոշիչների ընտրության և պրոֆեսիոնալիզմի սկզբունքներով: Պակաս կարևոր չէ դպրոցների կառավարման համակարգի արմատական փոփոխության խնդիրը` ուսուցչության դերի բարձրացում սեփական կրթական հաստատության կառավարման գործընթացում:

Կրթական համակարգում մենք պետք է կարողանանք հաստատել նաև որոշակի արդարություն. խոսքը նախևառաջ հավասար հնարավորությունների և իրավունքների մասին է: Նույն ծանրաբեռնվածությամբ և նույն մասնագիտությամբ ուսուցիչները չեն կարող տարբեր աշխատավարձ ստանալ միայն այն պատճառով, որ մի տեղ աշակերտների թիվը շատ է, մեկ այլ տեղ` քիչ: Հետևաբար, կարիք կա արմատապես փոխել ֆինանսավորման բանաձևը, որով կոնկրետ կգնահատենք մեկ դրույք բազային արժեքը: Եվ անկախ այն հանգամանքից, թե դասարանում քանի աշակերտ է, եթե ուսուցիչն այդ ծանրաբեռնվածությամբ աշխատում է, ուրեմն նա պետք է ստանա առնվազն բազային արժեքը: Օրինակ, լավագույն կրթական փորձ ունեցող դպրոցները կիրառում են վարձատրության այլ համակարգ: Ուսուցիչը պետք է հստակ հասկանա, թե ինչ սկզբունքով է աշխատում վարձատրության համակարգը, հետևաբար մենք պարտավոր ենք տարիֆիկացիաները մոտեցնել աշխատավարձերի քաղաքականությանը: Ուսուցիչը պետք է  իր գործունեության ընթացքում ստանա կատարելագործման մոտիվացիա, այն է` որոշակի չափանիշներ ապահովելուց հետո տարիներ չսպասի` տարակարգը փոխելու և չնչին հավելավճար ստանալու համար, այլ համոզված լինի, որ ունի աշխատանքային առաջընթացի ոչ միայն բարոյական, այլ նաև նյութական խրախուսման մեթոդոլոգիա: Մասնավորապես, եթե նրա բազայինը որոշակի գումար է, ապա երկրորդ տարակարգը պետք է կազմի կրկնակի բազային գումար և այսպես շարունակ:

Մենք պարտավոր ենք ընդլայնել նաև ուսուցչին տրամադրվող սոցիալական երաշխիքները: Օրինակ, այս համատեքստում դիտարկում ենք սահմանամերձ գոտու ուսուցիչներին ապահովագրական այլ փաթեթի տրամադրում, երիտասարդ ուսուցիչների խրախուսում, կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին մարզերում աշխատելու առաջարկ, ուսուցիչների տների վերականգնում, հողահատկացում. այսինքն` ճկուն սոցիալական փաթեթ, որը կօգնի ուսուցչի մասնագիտությունը դարձնել առավել հրապուրիչ: Չի կարող կրթության որակի պահանջ դրվել, եթե չհստակեցնենք ուսուցչին առաջարկվող սոցիալական փաթեթը և չմոտիվացնենք երիտասարդ մասնագետին: Միաժամանակ, հասարակության վստահությունը բարձրացնելու համար համակարգում պետք է մնան իրենց առաքելությունը գիտակցող մարդիկ:

Այս նախաձեռնությամբ մենք ցանկանում ենք հասնել նրան, որ մեր ուսուցիչները վստահ, հանգիստ և հպարտ ապրեն մեր երկրում: Եվ եթե որևէ տարածքում, գյուղում ինչ-որ խնդիր կա, ապա որպես հեղինակություն ուսուցչի մոտ գնան խորհրդի համար: Այս հեղինակության վերականգնման մասին է խոսքը:

Ամփոփելով` մեկ անգամ ևս ցանկանում եմ արձանագրել, որ ձևավորում ենք երկխոսության մի հարթակ, որը բաց է բոլորի համար, և այդ տարածքում արգելված է միայն այն, ինչը մոլոռանդ է, ռասսայական, վնաս է մեր ժողովրդին և ընդհանրապես քաղաքակրթությանը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մենք այնքան ուժեղ ենք և ունենք այնպիսի կայացած համակարգ, որ կարող ենք բարձրաձայնել մեզ մտահոգող բոլոր հարցերի մասին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…