ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը

Օգոստոսի 21, 2020
Օրվա խորհուրդ

 Հայաստանի Անկախության հռչակագիրը 

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը,

ՀՌՉԱԿՈՒՄ Է

անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

1. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն՝ կրճատ՝ Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:

2. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:

3. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը՝ անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:

5. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորկան ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

6. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:

7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստություն, այդ թվում՝ ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:

8. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սուբյեկտները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:

9. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:

10. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:

11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

12. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ՝ փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:

Նյութի աղբյուրը. Հայաստանի Հանրապետության Կառավարություն

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…