ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նախադպրոցական կրթության մասնագետների աշխատաժողով՝ «Անվտանգ և ապահով մանկապարտեզ»

Դեկտեմբերի 13, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անցկացվում է նախադպրոցական կրթության ոլորտի ներկայացուցիչների աշխատաժողովը, որն այս տարի կրում է «Անվտանգ և ապահով մանկապարտեզ» խորագիրը: Աշխատաժողովը կազմակերպվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ:

Երևանի պետական համալսարանում այսօր տեղի է ունեցել աշխատաժողովի հանրապետական փուլը. բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շուրջ 700 ներկայացուցիչներ:

Մինչ բացման արարողությունը հյուրերը ծանոթացել են նաև աշխատաժողովի շրջանակում կազմակերպված էքսպոյին, որտեղ նախադպրոցական ուսումնական հաստատությունները ներկայացրել են դիդակտիկ աշխատանքներ, մեթոդական ուղեցույցներ և այլն:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով նախադպրոցական ուսումնական հաստատության յուրաքանչյուր ներկայացուցչի մասնակցությունը. «Այս աշխատաժողովը միտված է վերաարժևորելու, վերաիմաստավորելու և մեր երեխաների զարգացման գործընթացում վերահաստատելու նախադպրոցական կրթության դերը։ Նախադպրոցական կրթությունը երեխայի զարգացման ամենակարևոր օղակներից է և կախված այն հանգամանքից, թե մենք ինչ բովանդակություն և ինչպիսի կառուցվածք ենք դնում այդ փուլում, որոշվում են նաև դպրոցական կրթության հաջողությունը, ընդհանուր առմամբ, երեխայի ամբողջական ներուժի և պոտենցիալի զարգացումը: Այս նպատակով նախադպրոցական ծառայությունների հասանելիությունը Կառավարության սահմանած առաջնահերթություններից է: Ներկայում լայն թափով իրականացվող 500 մանկապարտեզների նորոգման, բարեկարգման և կառուցման ծրագիրը հասանելի է դարձնում երեխաներին կրթության այս բաղադրիչը»:

Նախարարը հիշեցրել է՝ Կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրով սահմանված է թիրախ, որ նախադպրոցական կրթությունն առնվազն մեկ տարի պետք է պարտադիր համարվի։ Նա հարցը կարևորել է հատկապես կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու տեսանկյունից և հավելել, որ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի նոր կարգավորումներից հետո այսօր արդեն շուրջ 2000 ԿԱՊԿՈՒ երեխաներ հաճախում են մանկապարտեզ: Նա ընդգծել է՝ փոփոխությունների փաթեթ է շրջանառվում նաև նախադպրոցական կրթության նոր չափորոշչի շրջանակում:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և ընդգծել՝ նախադպրոցական մանկավարժությունը նվիրում և սրտացավություն է պահանջում, որը պետք է զուգորդվի ճիշտ մեթոդական ուղղորդմամբ և մասնագիտական զարգացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:

Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ աճել է տարակարգի դիմած նախադպրոցական մասնագետների թիվը, սակայն խրախուսման մեխանիզմները պետք է շարունակաբար բարելավվեն և նորացվեն՝ բարձրացնելու աշխատակիցների մոտիվացիան:

Նա առանձնակի կարևորել է աշխատաժողովի խորագիրը՝ «Անվտանգ և ապահով մանկապարտեզ»: Անվտանգ և ապահով կրթական միջավայրը մեծացնում է յուրաքանչյուրի պատասխանատվությունը՝ երեխայի հետ ճիշտ վարվելու, երեխային ճանաչելու, նրա կարիքները գնահատելու, նրա զարգացմանը համապատասխան որոշումներ կայացնելու, դժվար խնդիրների պարագայում մասնագիտական աջակցության տրամադրելու առումով: Ըստ նախարարի՝ անվտանգության ու ապահովության զգացողությունը առաջանային նախադրյալ է, որպեսզի երեխան սիրով հաճախի մանկապարտեզ։ Ժաննա Անդրեասյանն այս համատեքստում կարևորել է աշխատանքը նաև ծնողական համայնքի հետ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև գործընկերներին՝ ընդգծելով՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներգրավվածությունը բոլոր բարեփոխումներում խիստ վճռորոշ է: Ամփոփելով խոսքը՝ նա հաջող ընթացք և արդյունավետ քննարկումներ է մաղթել համաժողովին:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը ևս հանդես է եկել ողջույնի խոսքով՝ բարձր գնահատելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների ամենօրյա աշխատանքը: Նա ևս կարևորել է կրթության դերը վաղ մանկության շրջանում՝ ընդգծելով որևէ երեխայի՝ այս փուլից դուրս չմնալու հանգամանքը:

Հիմնական զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ «Դեպի անվտանգ և ապահով մանկապարտեզ» թեմայով: Նա ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ սկսած շինարարական աշխատանքներից ու ենթակառուցվածքների ստեղծումից մինչև մասնագիտական զարգացման ծրագրեր: Զեկույցում Արաքսիա Սվաջյանը խոսել է նաև ոլորտի խնդիրներից, նախանշել դրանց ուղղված միասնական աշխատանքներն ու լուծումները:

Աշխատաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որը վարել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, ինչպես նաև աշխատարաններ՝ անվտանգ և ապահով միջավայր ստեղծելու թեմայով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…