ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սալոն 2025» ցուցահանդեսը՝ Նկարիչների միջազգային օրվա առթիվ

Դեկտեմբերի 8, 2025
Մշակութային լուրեր

Նկարիչների միջազգային օրվա շրջանակում Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպվել է «Սալոն 2025» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Նկարիչների միության երիտասարդ և ավագ սերունդների աշխատանքները՝ գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտներում։

Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, շնորհավորելով տոնի առթիվ, նշել է. «Այսօր ցուցասրահում ներկայացված է մեր ստեղծագործական ներուժը՝ սկսնակ և փորձառու նկարիչների աշխատանքներ, որոնք աշխատում են տարբեր ոճերում և ցույց տալիս, թե ինչ նկարչական արվեստ ու հզոր մշակույթ կա Հայաստանում»:

Նա կարևորել է Հայաստանի նկարիչների աշխատանքները պատշաճ կերպով միջազգային հարթակներում ներկայացնելու հանգամանքը։ «Նախարարությունն այդ ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկել. ամիսներ անց մենք կունենանք աճուրդի տուն, որտեղ ցանկացած արվեստագետ կարող է իր գործն աճուրդի միջոցով վաճառել։ Այն կհամագործակցի աշխարհի լավագույն աճուրդի տների հետ, որպեսզի հնարավոր լինի կապ ապահովել Հայաստանի և արտերկրի միջև։ Նախատեսում ենք առավել ուժեղացնել մեր կուրատորական դպրոցը, որպեսզի համադրողները կարողանան օգնել մեր արվեստագետներին իրենց աշխատանքների հանրահռչակման գործում»,-ընդգծել է Դանիելյանը։

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանը ևս շնորհավորել է բոլոր նկարիչներին մասնագիտական տոնի առթիվ և հիշեցրել, որ տարեսկզբին իրենց առաջ խնդիր էին դրել վերանորոգել, վերազինել Արա Սարգսյանի անվան ցուցասրահը, ինչը իրենց հաջողվել է։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 14-ը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն