ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է Համապարփակ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում կատարվող աշխատանքները

Դեկտեմբերի 8, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առցանց ձևաչափով մասնակցել է ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 7-րդ տարեկան հանդիպմանը՝ ներկայացնելով կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում Եվրոպական միության հետ իրականացվող (այդ թվում՝ առաջնահերթաբար Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ` CEPA) շրջանակում) ԿԳՄՍՆ համակարգմամբ կատարված և շարունակվող աշխատանքները։

Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով ԿԳՄՍ ոլորտներում սահմանված է 30 միջոցառում՝ 4-ը՝ գիտության, 17-ը՝ կրթության, 4-ը՝ երիտասարդության և 5-ը՝ մշակույթի ուղղություններով։ Ներկայում վերանայվում է CEPA ճանապարհային քարտեզը, որտեղ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներին վերաբերող 5 հիմնական միջոցառումներ են նախատեսված` ոլորտների բարեփոխման առումով ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացման առաջնահերթությունների թիրախային շեշտադրմամբ:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Եվրոպական միության աջակցությունը 2022 թվականի նոյեմբերին ընդունված ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի մշակման և նաև իրականացման գործում, մասնավորապես՝ անդրադառնալով ԵՄ աջակցությամբ ETF-ի (European Training Foundation) կողմից տարածաշրջանային ծրագրի շրջանակում կրթության ռազմավարության մասով իրականացվող գնահատումներին։ Այս համատեքստում նա անդրադարձել է ներկայում գործող ԵՄ բյուջետային աջակցությանը՝ ծրագրով նախանշված թիրախներից զատ ընդգծելով տեխնիկական աջակցությունը (Technical Assitance) համակարգող ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դերը թե՛ ռազմավարության վերանայման, թե՛ դրա գործնական իրականացման փուլերում։ Անդրադառնալով առհասարակ կրթական բարեփոխումներում ԵՄ դերակատարմանը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն առանձնահատուկ շեշտել է «ԵՄ-ն հանուն նորարարության (EU4Innovation)» ծրագիրը՝ որպես հանրակրթության բովանդակային բարեփոխումների հիմնական խթան։ Նաև այս ծրագրի շնորհիվ է մեկնարկել կրթական ծրագրերի և չափորոշիչների արմատական վերանայումը՝ գիտելիքահեն մոդելից անցում կատարելով կարողունակությունների վրա հիմնված և արդյունքահեն մոտեցման։ Որպես ծրագրի երկրորդ առանցքային բաղադրիչ՝ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «ԵՄ-ԹՈՒՄՈ կոնվերգացիոն կենտրոնի ստեղծումը (EU-TUMO Convergence Center)»-ը՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման առումով. ԵՄ աջակցությամբ ստեղծագործական և տեխնոլոգիական կրթության առաջատար հարթակներից մեկի` Թումոյի կրթական ծրագրերն ընդլայնվում են՝ ընդգրկելով նաև 18+ տարիքի երիտասարդներին և ձևավորելով նոր կրթական արտադրանք, որը հնարավոր կլինի արտահանել գործընկեր երկրներ։

Արթուր Մարտիրոսյանն առանձնահատուկ կարևորել է Հայաստանի մասնակցությանը «Erasmus+» ծրագրին՝ նշելով, որ ՀՀ մի շարք բուհեր ոչ միայն մասնակցում են, այլև ղեկավարում տարածաշրջանային նախագծեր՝ համագործակցելով Արևելյան գործընկերության և ԵՄ համալսարանների հետ։ «Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման» ծրագրով ներկայում ընթացքի մեջ է 14 նախագիծ, որոնցից 7-ը համակարգում են ՀՀ բուհերը, իսկ ընդհանուր առմամբ՝ ծրագրում ներգրավված է ավելի քան 30 հայկական կազմակերպություն։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է նաև, որ վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքն առավել ազատական է. այն թույլ է տալիս դասընթացների և ծրագրերի իրականացում օտար լեզուներով և նպաստում է համակարգի միջազգայնացմանը՝ համահունչ Բոլոնիայի գործընթացին։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որը միավորում է գիտական և կրթական ներուժը և նպատակ ունի ստեղծել մրցունակ ենթակառուցվածք։

Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է նաև «Հորիզոն Եվրոպա» գիտության ոլորտի ծրագրում` վերջին տարիներին զգալիորեն բարելավվելով արդյունքները՝ շնորհիվ պետական ուշադրության։ 2021–2025 թթ․ ներկայացվել է 177 հայտ, ստորագրվել 26 դրամաշնորհային պայմանագիր՝ 8.11 մլն եվրո ընդհանուր բյուջեով։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է նաև՝ մասնագիտական կրթության ոլորտում Հայաստանը մասնակցում է Տորինոյի գործընթացին՝ ETF–ի աջակցությամբ, ինչպես նաև համագործակցում է GIZ-ի և այլ գործընկերների հետ։

Նախարարի տեղակալը կարևորել է ՀՀ-ԵՄ կրթական բարեփոխումների շուրջ շարունակական երկխոսության հարթակի գործունեությունը, որը նիստեր է հրավիրում տարին երկու անգամ ՝ մեկտեղելով կրթության ոլորտի բարեփոխումներին մասնակից զարգացման գործընկերներին։

Մշակույթի ոլորտում համագործակցության առումով Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ԵՄ և անդամ երկրների դերը «Մշակույթի պահպանության և զարգացման 2023–2027» ռազմավարության իրականացման ուղղությամբ` ընդգծելով ներկայում գործարկված ԵՄ անդամ երկրների մշակութային կառույցների համագործակցությունը՝ Team Europe ձևաչափով։ Գյոթե ինստիտուտի կողմից համակարգվող այս խումբը զգալի դերակատարում ունի մշակույթի ոլորտում ՀՀ-ԵՄ երկխոսության կայացման մեջ՝ ի դեմս պարբերաբար կազմակերպվող քննարկումների։ Նախարարի տեղակալը կարևորել է «ԵՄ-ն Հայաստանի համար» ծրագիրը՝ հատկապես դրա ստեղծարար արդյունաբերության բաղադրիչի, որն իրականացվում է ՀԲԸՄ-ի կողմից «Կատապուլտ» անվանմամբ՝ նպաստելով Հայաստանի ստեղծարար արդյունաբերության զարգացմանը։ Ծրագրի արդյունքներից է նաև Հայկական մշակութային ասոցիացիայի (ACA) ստեղծումը՝ որպես մշակույթի ոլորտում քաղաքացիական հասարակության միավորված հարթակ։

Արթուր Մարտիրոսյանը գոհունակություն է հայտնել ԵՄ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի անդամակցությամբ ձեռք բերված հաջողությունների համար` նշելով, որ թեև ներկայում Հայաստանը մասնակցում է միայն Creative Europe բաղադրիչին, սակայն պատրաստակամ է մասնակցել նաև «Մեդիա» բաղադրիչին: Նրա տեղեկացմամբ` այս ուղղությամբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության աջակցությամբ կատարվել է նախնական ուսումնասիրություն։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև Հայաստանի մասնակցությունը EU4Culture ծրագրին, որը խթանում է տեղական ինքնակառավարման մարմինների դերը մշակութային քաղաքականության ձևավորման գործում։

Անդրադառնալով երիտասարդության ոլորտին` ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ԵՄ-ն աջակցությամբ մշակվել և վերջերս ընդունվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» նոր օրենքը, որը խթանում է երիտասարդական կենտրոնների հիմնումը ՀՀ մարզերում։ Տեղեկացնելով կենտրոնների ստեղծման ընթացքի մասին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենտրոնի գործունեության ուղեցույցի հիմունքում դրված են եվրոպական, մասնավորապես՝ ԵԽ չափորոշիչները, և որ այդ ուղեցույցը և, առհասարակ, օրենքը մշակելու համար ուսումնասիրվել է Հայաստանի հետ համադրելի փորձառություն ունեցող եվրոպական մի շարք երկրների փորձը։ Նա նաև նշել է՝ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է նաև EU4Youth ծրագրին, որն ուղղված է երիտասարդների ձեռներեցության զարգացմանը, գործազրկության նվազեցմանը և նրանց մասնակցության խթանմանը հանրային որոշումների կայացման գործընթացում։

Ամփոփելով խոսքը՝ Արթուր Մարտիրիսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում բազմաշերտ և արդյունավետ համագործակցության համար։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…