ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լրացուցիչ հատկացումներ՝ մշակույթի ոլորտի ծրագրերին

Նոյեմբերի 27, 2025
Մշակութային լուրեր

Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակների արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ։

«Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոների մրցանակաբաշխություններին մասնակցած և մրցանակի արժանացած մշակույթի գործիչների դրամական խրախուսում» միջոցառման շրջանակում 2025 թվականին հատկացվել է 75 մլն 486 հազար դրամ՝ 13 մշակույթի գործիչների խրախուսման համար։ Հաշի առնելով, որ հայտատուների թվում կան նաև 6 ստեղծագործական կազմակերպություններ, ծրագրով նախատեսված ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովելու համար անհրաժեշտ է 31 մլն 995 հազար դրամի լրացուցիչ ֆինանսավորում։

Արվեստի ոլորտում գործող վերոնշյալ 6 կազմակերպությունները մասնակցել են ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի N 305-Լ որոշմամբ հաստատված միջազգային հեղինակավոր հարթակներին, մասնավորապես՝

  1. «Այսօր-Պլյուս Ֆիլմ արտադրություն» արտադրական կոոպերատիվի «Բոբո» լիամետրաժ, վավերագրական ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ-ի (FIAPF) կողմից որակավորված Գոայի 55-րդ միջազգային կինոփառատոնին` «Վերականգնված դասականներ» բաժնում և Կահիրեի 45-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Կահիրեի դասականներ» բաժնում: Նույն կազմակերպության կողմից արտադրված «Դոն Կիխոտին սպասելիս» լիամետրաժ, վավերագրական ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ-ի (FIAPF) կողմից որակավորված Գոայի 55-րդ միջազգային կինոփառատոնին «Համաշխարհային կինո» բաժնում:
  2. «Էդգար Բաղդասարյան ֆիլմ պրոդակշն» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ-ի (FIAPF) կողմից որակավորված Կերալայի 29-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Համաշխարհային կինո» ծրագրում և Բենգալուրուի 16-րդ միջազգային կինոփառատոնին՝ «Համաշխարհային կինո» ծրագրում։
  3. «Բումերանգ մեդիա.ամ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» լիամետրաժ խաղարկային-վավերագրական ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ -ի (FIAPF) կողմից որակավորված Մար դել Պլատայի 39-րդ միջազգային կինոփառատոնին՝ պաշտոնական ծրագրում հատուկ պրեմիերա, և «Համայնապատկեր. Հարգանքի տուրք Սերգեյ Փարաջանովին» բաժնում /լատինաամերիկյան պրեմիերա/:
  4. «ԱրտՍտեպ-ստուդիա» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Ձմեռն անվերջ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը մասնակցել է ՖԻԱՊՖ-ի (FIAPF) կողմից որակավորված Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին «La Cinef» ծրագրում և արժանացել է երրորդ մրցանակի:
  5. «Միհր ստեղծագործողների միություն» ՀԿ-ի «ՄԻՀՐ» թատերախումբը «Պանդխտության երգը» ժամանակակից պարային ներկայացմամբ մասնակցել է «Ավինյոն» միջազգային թատերական փառատոնին:
  6. «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ն «Ստեղծարար դրախտ. զորացնելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին» ծրագրով մասնակցել է «Եվրոպա Նոստրա» համաեվրոպական կազմակերպության մրցանակաբաշխությանը և հաղթող է ճանաչվել մշակութային ժառանգության պահպանման անվանակարգում:

Կառավարության նույն որոշմամբ նախատեսվում է նաև լրացուցիչ ֆինանսավորում հատկացնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ «Թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագրի» իրականացման նպատակով։ Ըստ այդմ` թատրոնին ֆինանսավորման նոր մոդելի շրջանակում կտրվի 258 մլն 743 հազար դրամ ֆինանսավորում, որից 200 մլն դրամը ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 869-Ն որոշմամբ արդեն հատկացվել է։ Մնացած 58 մլն 743 հազար դրամը կհատկացվի վերաբաշխման արդյունքում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն