ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովում

Նոյեմբերի 27, 2025
Լուրեր կազմակերպություններից

Հարգելի՛ գործընկերներ,

Հարգարժա՛ն պարոն Տիենդրեբեոգո,

Հարգարժա՛ն պարոնայք դեսպաններ,

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ողջունում եմ ձեզ՝ «Մշակութային խաչմերուկ» երևանյան միջազգային համաժողովին՝ նվիրված ՅՈւՆԵՍԿՕ-ի 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։ Կարևորելով կոնվենցիայի նշանակությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ սերտ համագործակցությամբ, ձեռնամուխ են եղել այս համաժողովի կազմակերպմանը։ Ուզում եմ նախևառաջ նշել, որ Հայաստանը կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը բոլոր ձևաչափերով՝ ոչ միայն ներառելով հայկական մշակութային ժառանգությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի նյութական և ոչ նյութական ցուցակներում, «Աշխարհի հիշողություն» ծրագրում, այլև հոբելյանական տարեթվերի ցանկում: Այս իմաստով կցանկանայի առանձնակի շեշտադրել Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված հոբելյանական երկու կարևոր միջոցառումներ. 2024 թվականին՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին և 2025 թվականին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին:

2019, 2020 և 2023 թվականներին Հայաստանը հայտեր է գրանցել «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները», «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» և «Գյումրիի դարբնության ավանդույթը» ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու համար: Ի դեպ, մեր համաժողովի շրջանակում նախատեսվում է «Գյումրիի դարբնության ավանդույթը» նամականիշի մարումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Հայաստանից ընդգրկված են 7 հայտեր, որոնցից 2-ի՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը» և «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» հայտերն ընդգրկվել են 2025 թվականին: ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» գրանցամատյանում 2023 թվականին ներառվել է Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն և 2025 թվականին՝ Մխիթար Գոշի «Գիրք դատաստանի» («Դատաստանագիրք հայոց») աշխատությունը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը կոնֆերանսներ կազմակերպելու համատեքստում ևս կրում է շարունակական բնույթ և ունի իր պատմությունը: Դրա վկայությունն են 2009, 2012 և 2015 թվականներին կազմակերպված տարածաշրջանային նախորդ համաժողովները։

Մեզ համար մեծ պատիվ է և, իհարկե, պատասխանատվություն, որ Հայաստանն ընտրվել է Կոնվենցիայի կիրարկումն ապահովող բյուրոյի փոխնախագահ և Կոնվենցիայի կոմիտեի անդամ՝ 2025-2029 թվականների համար։

Մեր երկրի համար մեծ պատիվ է կազմակերպել այս կարևոր միջազգային իրադարձությունը Երևանում, որտեղ մշակույթը և արվեստը բոլոր ժամանակներում հանդիսացել են ոգեշնչման և ուժի աղբյուր։

Մենք համոզված ենք՝ հոբելյանական այս տարեթվի նշումը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում՝ բարձրացնելու 2005 թվականի Կոնվենցիայի և դրա կյանքի կոչման շնորհիվ գրանցված առաջընթացի մասին լայն լսարանների իրազեկման մակարդակը:

2005 թվականի ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիան դարձել է միջազգային մշակութային համագործակցության առանցքային փաստաթղթերից: Հայաստանը հպարտությամբ է նշում, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է Կոնվենցիայի դրույթների կիրարկման գործին: Մենք ներդնում ենք ծրագրեր, որոնք ուղղված են ստեղծարար արդյունաբերությունների ու մշակութային ձեռնարկատիրությունների զարգացմանը, ինչպես նաև միջազգային համագործակցությանն ու մշակութային կյանքին ներառականության ընդգրկվածությանը: Օրինակ՝ «Կողք կողքի» ներառական փառատոնը հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները, իսկ Կառավարության աջակցության շնորհիվ մշակութային ծրագրերը հասանելի են նաև առավել խոցելի խմբերին:

«Տերյան» մշակութային կենտրոնի «My way» նախագիծը ներառվել է 2024 թվականի ՅՈւՆԵՍԿՕ-ի Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի ցանկում: «My way» նախագիծը միտված է խթանելու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց արհեստագործական արտադրության հմտությունները: «My way»-ի շրջանակում ստեղծվելու է միջազգային առցանց շուկա մուտք գործելու մասնագիտական վեբկայք՝ նախատեսված հատուկ կարիքներ ունեցող մարդկանց և արտադրության մեջ ներգրավված հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստեղծված մշակութային բարիքների առաջմղման համար։ Նախագծի տևողությունը 17 ամիս է։

Առանձնահատուկ ուշադրություն հատկացվում է անկախ արվեստագետների համար պայմանների ստեղծմանը, երիտասարդների աջակցմանը, մարզային նախաձեռնությունների զարգացմանն ու ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանմանը: 2019 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է դրամաշնորհային ծրագրեր, որոնց շնորհիվ տարեկան ավելի քան 60 կազմակերպություններ և 400 արվեստագետներ կարող են ներկայացնել իրենց ստեղծարար նախագծերը՝ երաժշտական, թատերական, գրական, այդ թվում՝ միջազգային մշակութային միջոցառումների շրջանակներում:

Քաղաքացիական հասարակության, անկախ կազմակերպությունների, ստեղծագործական միավորումների և միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը նպաստում է մշակույթների միջև կենդանի երկխոսության զարգացմանը, մասնակցության նոր ձևերի ստեղծմանը և մշակութային փոխանակման նոր հորիզոնների ընդլայնմանը:

Երբ մենք խոսում ենք մշակութային բազմազանության ձևերի պահպանման և զարգացման մասին, մենք պետք է հիշենք, որ այդ ամենը հնարավոր է կյանքի կոչել այդ ձևերը կրող մարդկանց, ժողովուրդների և համայնքների օգնությամբ: Մենք պետք է անենք հնարավոր ամենը, նրանց գործունեության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու և մշակութային բազմազանությունը պահպանելու համար:

Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով պայմանավորված, պատմականորեն յուրատեսակ խաչմերուկ է հանդիսացել հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք մշակութային, տնտեսական և քաղաքական ուղիների համար: Եվ այսօր էլ մենք ջանք չենք խնայում՝ լինելու խաչմերուկ ոչ միայն մեր աշխարհագրական դիրքով պայմանավորված: Դրա վառ ապացույցն է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, մեր հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով պետությունների ինքնիշխանության, սեփական տարածքներով անցնող ենթակառուցվածքների նկատմամբ իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը ձևավորում է տարածաշրջանային նոր մտածողություն: Այս նախաձեռնությունն ունի լիարժեք ներուժ՝ վերածվելու մշակութային խաչմերուկի: Խաչմերուկ, որտեղ հատվում են ոչ միայն ճանապարհները, այլև մարդկային կապերը և գաղափարները՝ բացելով դռներ դեպի խաղաղ ու կայուն ապագա մեր տարածաշրջանի և ողջ աշխարհի համար, առհասարակ:

Այսօր, երբ աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ գլոբալ ճգնաժամերից մինչև մշակութային ժառանգության կորուստ, մենք պետք է գիտակցենք, որ հենց մշակույթն է միավորում մարդկանց և ներշնչում արարման: Ահա սա է 2005 թվականի Կոնվենցիայի իրական էությունն ու ոգին:

Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել ՅՈւՆԵՍԿՕ-ին, բոլոր մասնակից պետություններին, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին, որոնք իրենց ջանքերով և նվիրվածությամբ հնարավոր են դարձնում Կոնվենցիայի նպատակների կյանքի կոչումն ու առաջմղումը:

Համոզված եմ, որ Երևանի համաժողովը հիանալի հարթակ կդառնա միջազգային մշակութային համագործակցության զարգացմանը, ժողովուրդների միջև երկխոսության ամրապնդմանը և մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պահպանմանն ուղղված փորձի փոխանակման և նոր գաղափարների ստեղծման համար:

Բարի գալուստ Հայաստան՝ հնագույն մշակույթի և հյուրընկալության երկիր։ Կցանկանայի, որ այս հոբելյանական տարին ազդարարեր մեր համատեղ ճանապարհի նոր փուլի մեկնարկը՝ հանուն մշակույթի, հանուն մարդկության, հանուն ապագայի և հանուն խաղաղության։

Շնորհակալություն ուշադրության համար և բարի երթ համաժողովին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Տվյալների վերլուծություն և վիճակագրություն

    Թեմայի հեղինակ՝ Shushanik Dallaqyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ՝ «Տվյալների վերլուծություն և վիճակագրություն» վերնագրով թեման և հուսով եմ, որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կկատարեք մեջբերումներ ու առաջարկություններ: Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է՝…

  • Նախագծային աշխատանքներում խնդրադրման և դրա ձևակերպման ռազմավարության կարևորությունը

    Թեմայի հեղինակ՝ Lilit Ghazaryan

    Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…

  • իմ ընտանիքի պատմությունը

    Թեմայի հեղինակ՝ Կարինե Ալեքսանյան

    Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…

  • 21-ՐԴ ԴԱՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Արամյան Աննա

    Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…

  • Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ

    Թեմայի հեղինակ՝ Մայա Վարդանյան

    Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…