ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թ. եզրափակիչ գալա համերգ

Նոյեմբերի 18, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ նոյեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում կկայանա «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի 2025 թվականի եզրափակիչ գալա համերգը։ Ծրագիրն իրականացնում է «Հարմոնիում» ՀԿ-ն:

Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ծրագրի ղեկավար՝ դաշնակահար, ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սերգեյ Քեչեկը։

Գալա համերգը նպատակային ծրագրի կարևոր մասն է, որի ընթացքում ներկայացվում են տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, առաջընթացը և ծրագրի մասնակիցների ստեղծագործական ու կատարողական ձեռքբերումները։ 2025 թ. համերգային ծրագրում կհնչեն հայ և արևմտաեվրոպական հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ:

«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագիրն ուղղված է 11–20 տարեկան բացառիկ տաղանդավոր երաժիշտ-կատարողների (դաշնամուր, ջութակ, թավջութակ) զարգացմանը, կատարողական հմտությունների խորացմանը և միջազգային ասպարեզում նրանց մրցունակության բարձրացմանը։ 2025 թվականին իրականացվել են անհատական դասընթացներ, վարպետության դասեր, համերգային ելույթներ և մասնագիտական խորհրդատվություն՝ ներգրավելով ոլորտի առաջատար մասնագետներին։

2025 թ. ծրագրում ընդգրկված են նոր անդամներ, որոնց հաջողությունները փաստում են նախաձեռնության արդյունավետությունն ու դրա շարունակականության կարևորությունը:

Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդներին, զարգացնել և կատարելագործել նրանց մասնագիտական և բեմական կարողությունները, խրախուսել միջազգային մրցույթներին, փառատոներին և նախագծերին նրանց մասնակցությունը, ձևավորել արդյունավետ հարթակ՝ ոլորտի փորձառու երաժիշտների գիտելիքները սաներին փոխանցելու համար:

«Մեկնարկ» ծրագիրը ընդգրկված է ՀՀ կառավարության 2021–2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկում։

Ծրագրի ընթացիկ գործունեությունն ու նորությունները հասանելի են ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/meknark

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն