ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր ԹՈՒՄՈ կենտրոնում կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» հանդիպումը:
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների և կրթության ոլորտի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգի բարեփոխումները, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները, կրթության ոլորտում Հայաստան–ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները դարձել են երկխոսության կարևոր հարթակ, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն երկու անգամ համախմբվել, քննարկել և գնահատել երկկողմ համագործակցության ընթացքն ու արդյունքները կրթության ոլորտում։
«Կարելի է վստահ ասել, որ կրթության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունն օրինակելի է։ Անցած տարիներին իրականացված բազմաթիվ բարեփոխումներ արդեն նկատելի արդյունք են ապահովել։ Հանրակրթության չափորոշչի ներդրման բարեփոխումն այն կարևոր նախաձեռնություններից է, որը ևս հնարավոր է դարձել համատեղ ջանքերի շնորհիվ։ Դրա տրամաբանական շարունակությունն է նաև բյուջետային աջակցության ներկա ծրագիրը, որն ուղղված է նույն նպատակին՝ ամրապնդել հանրակրթության նոր չափորոշչի գաղափարները և ստեղծել բարձրորակ կրթության հավասար հնարավորություններ բոլոր երեխաների համար»,– նշել է նախարարը։
Նա շնորհակալություն է հայտնել նաև ՅՈւՆԻՍԵՖ-ին՝ կրթության ռազմավարության իրականացման ամբողջ ընթացքում ցուցաբերած աջակցության և գործընթացների համակարգման համար.
«Սա թիմային մեծ աշխատանք է, որը մեզ հնարավորություն է տալիս համատեղ քննարկել ընթացիկ նախաձեռնությունները, փոխանակվել փորձով և տեսնել ծրագրերի իրական արդյունքները։ Կրթության ռազմավարությունը մեր երկրի ամենակարևոր փաստաթղթերից է. կարող ենք վստահաբար ասել՝ կրթության զարգացումը մեր պետության ռազմավարությունն է յուրաքանչյուր ոլորտում։ Սա մեծ հանձնառություն և պատասխանատվություն է, քանի որ կրթության միջոցով տալիս ենք լուծումներ հանրային և տնտեսական զարգացման բազմաթիվ խնդիրների։ Այդ նպատակին հասնելու հիմնական ճանապարհը մարդկային կապիտալի զարգացումն է, որի միջոցով հնարավոր է ապահովել մարտահրավերներն ու խնդիրները լուծելու մրցունակ ռեսուրս: Այս ճանապարհը մեզ հնարավորություն կտա մարդկային կապիտալի զարգացման միջոցով գրանցել հանրային զարգացման նոր ցուցանիշներ»:
Նախարարն անդրադարձել է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունմանը, ինչպես նաև Գիտության զարգացման ռազմավարությանը, որը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում։ Նա շնորհավորել է նաև գիտական հանրույթին՝ Գիտության միջազգային օրվա առթիվ. «Այս փուլում, երբ գիտությունն ու բարձրագույն կրթությունը դիտարկվում են որպես անքակտելի միասնություն, դրանք դարձել են պետության օրակարգի առանցքային ուղղություններ»։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն իր հերթին ընդգծել է, որ կրթության և մարդկային կապիտալի զարգացումը Հայաստանի հետ համագործակցության հիմնական առաջնահերթություններից է։ «Շատ կարևոր է երկրի կայունության համար ներդրումներ անել հմտությունների, կարողությունների զարգացման և քաղաքացիական կրթության ամրապնդման ուղղությամբ։ Կրթությունը նաև ժողովրդավարության հզորացման կարևոր գործիք է»,– ասել է դեսպանը՝ հավելելով, որ ժողովրդավարական արժեքների տարածումը և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդումը ԵՄ–Հայաստան համագործակցության հիմնասյուներից են։
Վասիլիս Մարագոսն անդրադարձել է նաև Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ երկրի տարբեր մարզերում իրականացվում են ծրագրեր՝ մեդիագրագիտության և տեղեկատվական հմտությունների զարգացման նպատակով:
«Կրթական բարեփոխումների ընթացքի գնահատումն ու ամփոփումը մեր համագործակցության կարևոր փուլերից են։ Հայաստան-ԵՄ հարաբերությունները զարգացնում են ամենշաբաթյա դինամիկ ռեժիմով»,– նշել է դեսպանը։
Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը ևս ողջունել է ներկաներին՝ ընդգծելով, որ այս հանդիպումը բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունների շարքի մի մասն է, որը հնարավորություն է տալիս քննարկելու կրթական բարեփոխումների ընթացքն ու ոլորտային նախաձեռնությունները։
«Հայաստանը կհասնի կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման միջնակետին. ՅՈւՆԻՍԵՖ-ը նախարարության կողքին է. այս ծրագրի իրականացման ողջ գործընթացում տրամադրվել է տեխնիկական աջակցություն տարբեր ուղղություններով՝ ուսուցիչների մասնագիտական զարգացում, դպրոցների կառավարման բարեփոխում, ռազմավարական պլանավորում, բյուջետավորում, մոնիթորինգ և երիտասարդության ներգրավվածություն և այլն։ Սա մեծածավալ, բայց նաև ուսուցողական փորձ է բոլորիս համար»,– նշել է Վայգանդը։
«Հայաստան-ԵՄ կրթական երկխոսության» հերթական հանդիպման շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ինչպես նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման վերաբերյալ պանելային քննարկմանը: Այնուհետև ներկայացվել են ԵՄ բյուջետային աջակցության իրականացման առաջընթացը և հետագա քայլերը, ինչպես նաև ՀՀ կրթության համակարգի արագ հայտորոշումը (RED), ԹՈՒՄՈ ծրագրերը, «Արհեստական բանականության ՍԵՐՈՒՆԴ» ծրագիրը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…