ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայաստանում մեդիագրագիտության շաբաթ է

Նոյեմբերի 10, 2025
Լուրեր կազմակերպություններից

Նոյեմբերի 8-15-ը Հայաստանում մեդիագրագիտության շաբաթ է: Մեդիագրագիտության շաբաթվա պաշտոնական բացումն ազդարարվել է թեմատիկ կոնֆերանսով, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Երիտասարդները գործելիս» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառումը ամենօրյա աշխատանքի խտացումն է՝ քննարկելու նոր գաղափարներ ու մոտեցումներ։ Անդրադառնալով իրականացված փոփոխություններին՝ Ժաննա Անդրեասյանն ասել է․ «Օրինակ հինգ տարի առաջ դպրոցների կարողությունները մեդիայի օգտագործման, դրա հանդեպ պատասխանատվության առումով, անհամեմատելի են այսօրվա իրավիճակի հետ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ այն, ինչ ունենք, բավարար է․ սա նշանակում է՝ միասին ճանապարհ ենք անցնում։ Մենք ուզում ենք, որ կրթական համակարգը ձևավորի մրցունակ և պատասխանատու քաղաքացիների․ Հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությունը կառուցված է այս գաղափարի շուրջ։ Թվային քաղաքացիության հայեցակարգը դառնում է պատասխանատու քաղաքացիության պարտադիր բաղադրիչը, քանի որ մեր կյանքը վաղուց արդեն, բացի ֆիզիկական միջավայրից, կազմակերպվում է նաև թվային և առցանց միջավայրերում։ Ուստի, մեր վարքը թվային տիրույթում չպետք է տարբերվի հանրային համակեցության կանոններից»։

Նա հիշեցրել է, որ այս ուսումնական տարին ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է անվտանգ և ապահով կրթության տարի, որի շատ կարևոր բաղադրիչներից են կիբերանվտանգությունը, թվային տարածքում անհրաժեշտ հիգիենայի կանոնների պահպանումը, անձնական տվյալների պաշտպանությունը։ «Մենք ունենք մեթոդաբանության, կարողությունների զարգացման շարունակական կարիք․ ուրախ եմ, որ ուսուցիչների վերապատրաստումները, տարբեր ուղեցույցներն ու ձեռնարկները մասնագիտական զարգացման գործընթացի կարևոր մաս են։ Այս պահին գործընկերների հետ աշխատում ենք նաև կրթության մեջ արհեստական բանականության, թվային գրագիտության գործիքակազմերի մշակման և կիրառման ուղղությամբ։ Պետք է նկատել նաև, որ թվային տիրույթը միայն ռիսկ ու վտանգ չէ, այն մարդկանց տալիս է շատ լայն հնարավորություններ, որոնք պետք է կարողանալ ճիշտ օգտագործել։ Դպրոցը հենց այն վայրն է, որտեղ կարող է ծավալվել ցանկացած խոսակցություն, որովհետև եթե սովորողին հետաքրքրող թեմային առնչվող խոսակցությունը դպրոցում չծավալվի, այն տեղի կունենա այլ վայրում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մեդիայի գործիքների մասին խոսակցությունը ևս պետք է մեթոդաբանորեն և մանկավարժորեն ճիշտ ուղղորդվի դպրոցում, որպեսզի աշակերտները առավելագույն օգուտ քաղեն դրանց ընձեռած հնարավորություններից»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին շարունակական համագործակցության համար։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ևս կարևորել է միջոցառման անցկացումը և նշել է, որ Եվրոպական միության համար մեդիագրագիտությունը ռազմավարական նշանակություն ունի ժողովրդավարական դիմակայունության, թափանցիկության և քաղաքացիական մասնակցության ամրապնդման գործում․ ««Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շնորհիվ երիտասարդ առաջնորդներ, մանկավարժներ և կազմակերպություններ ձեռք են բերել փաստերի ստուգման, բովանդակության ստեղծման, թվային քաղաքացիության և համայնքային ներգրավվածության գործնական հմտություններ՝ նպաստելով Հայաստանի տեղեկատվական դիմակայունության բարձրացմանը»։

Կոնֆերանսի շրջանակում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, համաժամանակյա աշխատարաններ՝ նախատեսված ուսուցիչների, դասավանդողների, փաստեր ստուգողների, երիտասարդների համար։ Հայաստանում մեդիագրագիտության շաբաթն անցկացվում է արդեն ութերորդ անգամ Եվրոպական միության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի աջակցությամբ: Այս տարի այն կրում է «Մեդիագրագիտություն և պատասխանատու թվային քաղաքացիություն» խորագիրը։ Մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումներին կարելի է ծանոթանալ mediainitiatives.am կայքում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…