ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց նիստը

Հոկտեմբերի 16, 2025
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան ընդառաջ՝ տեղի են ունեցել մշակույթի հարցերով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) առցանց փորձագիտական հանդիպումը և տարածաշրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության օրենսդրական շրջանակների, գույքագրման և փոխանցման վերաբերյալ աշխատաժողովը։

Հանդիպման նպատակը ՍԾՏՀԿ երկրների ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի փորձագետների՝ միջազգային երկխոսության հարթակի ձևավորումն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների քննարկումն էր: Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանը՝ որպես 2025-2027 թթ. ՍԾՏՀԿ մշակույթի հարցերով նախագահող երկիր:

Նիստում բացման խոսքով հանդես են եկել ՍԾՏՀԿ ՀՀ մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը, կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Դիմիտրիոս Ռալլիսը և գործադիր մենեջեր Սանդրա Վուժինովիչը: Նիստը վարել է ՀՀ կթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, օրակարգային թեմաների շուրջ զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍՆ նույն վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

Նիստի հիմնական թեմաներն էին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում իրականացվող օրենսդրական կարգավորումները, գույքագրման և փոխանցման առանձնահատկությունները: Քննարկվել են մի շարք անդամ պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման և փոխանցման քաղաքականությունները, ազգային և տարածաշրջանային մակարդակներում գործող կարգավորումները, գույքագրման մեթոդաբանությունները, ներկայացվել են դրանց կիրառմանը վերաբերող դրական փորձն ու ոչ նյութական մշակութային ժառանգության փոխանցման ձևերը։

Միջոցառումը միտված է խթանել ՍԾՏՀ տարածաշրջանային կազմակերպության անդամ պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգության արդյունավետ պահպանությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն