Բելգիայի թագուհի Մաթիլդան Հայաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի պետական համալսարան:
ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում նա հանդիպել է բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ինչպես նաև Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Տնտեսագիտության և կառավարման, Կենսաբանության ֆակուլտետների ուսանողների հետ։ Քննարկմանը նրանք ներկայացրել են իրենց գաղափարներն ու մոտեցումները՝ կապված կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորությունների հետ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին և կարևորել նրա այցը Հայաստանի Հանրապետություն, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Բելգիայի թագուհին՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման նպատակների ջատագով, կարևոր դեր է խաղում համաշխարհային օրակարգում՝ խթանելով կրթության, սոցիալական համերաշխության և կայուն զարգացման արժեքները:
«Կայուն զարգացման արժեքները լիովին համապատասխանում են Հայաստանի ազգային առաջնահերթություններին, մասնավորապես՝ կրթության և երիտասարդության հզորացման ոլորտներում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը, որոնք արտացոլված են ԿԳՄՍՆ ռազմավարական քաղաքականության փաստաթղթերում և ոլորտային ծրագրերում:
Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ Բելգիայի թագուհու այցը կամրապնդի երկկողմ համագործակցությունը և կբացի նոր հնարավորություններ կայուն զարգացման նպատակների իրականացման համար:
«Մեր ջանքերը հատկապես կենտրոնացած են ներառական և որակյալ կրթության ապահովման, նորարարության և հետազոտությունների խթանման, մշակութային բազմազանության խթանման և երիտասարդության մասնակցության խրախուսման վրա, որոնք բոլորն էլ կայուն զարգացման կարևոր բաղադրիչներ են»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Բելգիայի թագուհին իր ելույթում շեշտել է՝ կրթությունը յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է:
«Կրթությունը նպաստում է անհատականության զարգացմանը՝ դառնալով միլիարդավոր մարդկանց ավելի լավ ապագայի բանալին։ Կրթությունն աղքատության և մարգինալացման դեմ պայքարի ամենաարդյունավետ գործիքներից է. Միավորված ազգերի կազմակերպությունը կրթությունը հռչակել է կայուն զարգացման գերակա նպատակներից մեկը, որը պետք է իրականացվի մինչև 2030 թվականը»,- նշել է Բելգիայի թագուհին և հավելել, որ կրթված երիտասարդություն ունենալը հսկայական ներուժ է:
Նրա կարծիքով՝ որակյալ, ժամանակի պահանջներին համապատասխան և բոլորին հասանելի կրթությունը պետք է լինի առաջնահերթություն, քանի որ հանդիսանում է սոցիալական պետության և մարդկային կապիտալի զարգացման հիմքը։
«Հատկապես աղջիկների և կանանց համար կրթությունը նաև կարևոր միջոց է հզորացման և սեռական խտրականության դեմ պայքարի հարցում։ Ես վաղն այցելելու եմ նախադպրոցական հաստատություն՝ ընդգծելու բոլոր երեխաների կրթությունը վաղ փուլում սկսելու կարևորությունը»,-ասել է Բելգիայի թագուհին:
Նրա խոսքով` կրթական համակարգերը վերջին տարիներին հսկայական և բարդ մարտահրավերների են բախվել. օրինակ՝ հինգ տարի առաջ COVID-ը խանգարեց և բազմաթիվ խնդիրներ առաջացրեց, հակամարտության գոտիներում ևս դասավանդման գործընթացի ընդհատումներ են եղել` երիտասարդներին դարձնելով ավելի խոցելի:
Բելգիայի թագուհին անդրադարձել է նաև ուսուցման վրա արհեստական բանականության ազդեցությանը` հիշեցնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. «Տեխնոլոգիան պետք է լինի մեր ծառան, այլ ոչ թե տերը»:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով բարձրաստիճան հյուրին, ներկայացրել է մայր բուհի գործունեությունը, իրականացվող ծրագրերն ու վերջին տարիների ձեռքբերումները։
«ԵՊՀ-ն իր առաքելության շրջանակում լուծում է տարբեր խնդիրներ, որոնք ներառում են որակյալ կրթություն, հետազոտություններ և նորարարություններ, ինչպես նաև հասարակությանը ծառայությունների մատուցում: Որպես Հայաստանի հիմնական ակադեմիական և հետազոտական կենտրոն՝ ԵՊՀ-ն գիտակցում է իր պատասխանատվությունն ու հանձնառությունը կայուն զարգացման սկզբունքների և գաղափարների խթանման գործում, մասնավորապես՝ կրթական և հետազոտական գործունեության միջոցով»,- ասել է ԵՊՀ ռեկտորը։
Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը համալսարանի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև աշխատակիցների անունից Բելգիայի թագուհուն հանձնել է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի հուշադրամ։
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպումից հետո Երևանի պետական համալսարանի ռեկտորի աշխատասենյակում անցկացվել է քննարկում, որի ժամանակ Բելգիայի թագուհին ավելի անմիջական քննարկումներ է ունեցել մի քանի ուսանողների հետ։ Այս հանդիպումը հնարավորություն է տվել ծանոթանալու ուսանողների գաղափարներին և կարծիքներին, ինչպես նաև խոսելու կայուն զարգացման նպատակներին ուղղված նախաձեռնությունների մասին։
ՀՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում Բելգիայի թագուհի Մաթիլդան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Բարձրաստիճան հյուրերը շրջել են կենտրոնում, ծանոթացել կառույցի գործունեությանը, հետաքրքրվել իրականացվող կրթական ծրագրերով, զրուցել սովորողների հետ: Նրանք հետևել են նաև Թումոյի երաժշտական նախագիծ «Զրանգի» բենդի կատարումներին։
Որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան՝ Բելգիայի թագուհու աշխատանքային այցը ՀՀ կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան