ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ուսուցիչների հետ հերթական անգամ քննարկվել են ոլորտային հարցեր

Հոկտեմբերի 10, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները և լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները:

Մանկավարժներն առանձնակի անդրադարձել են տնօրենի, ուսուցչի թափուր տեղի և «Տարվա լավագույնները» մրցույթների կարգերին, վերջինիս հայտերի ներկայացման ընթացքին՝ դրանց շուրջ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու հուզող հարցերը:

Մանկավարժներին հետաքրքրել են նաև ավարտական և միասնական քննությունների առաջիկա ձևաչափը և բովանդակությունը: Նախարարի խոսքով՝ դրանք նախատեսվում է փոփոխել միայն բովանդակության առումով՝ համապատասխանեցնելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին. գործընթացի վերաբերյալ կիրականացվի պատշաճ իրազեկում:

Մանկավարժները դրական են արձագանքել դպրոցական բաժանորդային ծրագրին՝ ընդգծելով, որ դպրոցներն առավելագույնս օգտվում են ծրագրից, և երեխաները բավականաչափ հետաքրքրված են:

Հանդիպման առանցքում էին նաև կամավոր ատեստավորմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է եղել հոգեբանների համար նախատեսված գրականության ցանկին, դրույքաչափին, «Ֆիզկուլտուրա» առարկայի հարցաշարին: Քննարկվել են նաև համայնքային, մարզային մրցաշարերում դպրոցական թիմերին ավելի շատ խրախուսելու հնարավորությունները:

Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրանց դիտարկումներն ու առաջարկները մեծապես նպաստում են ոլորտի բարելավմանը և կրթական համակարգի զարգացմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն