ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում երեխաները համերգներով հանդես են եկել Ֆրանսիայում

Հոկտեմբերի 1, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում ընդգրկված տաղանդավոր երեխաները սեպտեմբերի 19-24-ը համերգներով հանդես են եկել Ֆրանսիայի Լիոն և Վալանս քաղաքներում:

2025 թվականին «Քույր դպրոցներ» ծրագիրն ընդլայնել է իր գործունեության շրջանակը և առաջին անգամ հանդես եկել արտերկրում: Ֆրանսիայում գործող «Ֆրանս-Աշտարակ» մշակութային հաստատության նախագահ Լևոն Չատիկյանի հրավերով ծրագրի 10 շահառուներ, որոնք ներկայացնում են Երևանի, Գյումրիի, Աշտարակի և Կապանի երաժշտական և արվեստի դպրոցները՝ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մոնիկա Պետրոսյանի և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Գարիկ Նազարյանի գլխավորությամբ, համերգային ծրագրերով ելույթ են ունեցել Լիոն և Վալանս քաղաքներում:

«Քույր դպրոցներ» ծրագրի շահառուների համար Վալանսի երաժշտության և պարի կոնսերվատորիայում կազմակերպվել են վարպետության դասընթացներ: Կոնսերվատորիայի տնօրեն Դիդյե Վադղոն, կարևորելով ֆրանս-հայկական մշակութային կապերի ամրապնդման գործում նմանատիպ ծրագրերի իրականացումը, բարձր է գնահատել հայ պատանի երաժիշտների կատարողական մակարդակը: Նա շնորհակալություն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին՝ վստահեցնելով, որ Վալանսի կոնսերվատորիան ակտիվորեն կներգրավվի նոր ձևավորված համագործակցության ամրապնդման և փոխայցելությունների կազմակերպման ծրագրերում:

Ուղևորության շրջանակում իրականացվել են նաև ճանաչողական այցելություններ, ծրագրի մասնակիցներին ընդունել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը:

Նշենք, որ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ իրականացվող «Քույր դպրոցներ» ծրագիրն իր գործունեությունը սկսել է 2019 թվականին՝ տարիների ընթացքում իր շուրջը համախմբելով հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներին, մանկավարժներին, աշակերտներին:

Յուրաքանչյուր տարի հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների սաներն ու մանկավարժները ծրագրի շրջանակում իրականացնում են փոխայցելություններ, որոնց ընթացքում հանդես են գալիս համերգային ծրագրերով, կազմակերպվում են փորձի փոխանակման, վարպետության դասընթացների, հայրենաճանաչության տարատեսակ միջոցառումներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն