ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրահռչակելով Սարոյանի ժառանգությունը. հանդիպում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի նախագահի հետ

Սեպտեմբերի 10, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդունել է ԱՄՆ-ում «Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանին:

«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի հետ համագործակցությամբ ԿԳՄՍ նախարարության Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնի շրջանակում սահմանվել էր Վիլյամ Սարոյանի անվան կարճ արձակի անվանակարգ, որի հաղթողը նվեր է ստացել Վիլյամ Սարոյանի բնօրինակ գունանկարներից մեկը: Հիմնադրամը և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ևս իրականացրել են «Սարոյանական գույներ․ բառերից անդին» միջազգային ցուցադրությունը, որը ներկայացնում է Սարոյանի 100-ից ավելի նկարչական աշխատանքները:

Ողջունելով հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է համատեղ ջանքերը մեծանուն հայի՝ Վիլյամ Սարոյանի ժառանգությունը պահպանելու, տարածելու և հանրահռչակելու ուղղությամբ:

«Վիլյամ Սարոյան արվեստագետն իր անցած ճանապարհով, թողած հետքով ու ժառանգությամբ ուղենշային դեր ունի մերօրյա երիտասարդների համար: Նա իր կերպարով ապացուցում է, որ ամեն ինչ հնարավոր է իրագործել՝ հավատալով երազանքին: Մեր խնդիրն է՝ նրան ըստ պատշաճի հանրահռչակելով՝ ոգևորել երիտասարդներին և բացահայտել նոր տաղանդներ, խթանել գրահրատարակչական ոլորտը»,- ասել է Դանիել Դանիելյանը:

«Վիլյամ Սարոյան» հիմնադրամի տնօրեն Սքոթ Սեդրակյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ տպավորված է Գրքի երևանյան փառատոնի և ԳԱԹ-ում բացված ցուցադրության շրջանակում թիմային համագործակցությամբ, ինչը մատնանշում է արվեստի միասնական տեսլականը:

Անդրադառնալով Գրքի միջազգային փառատոնին՝ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ տարեցտարի այն իր մասշտաբներն ընդլայնում է ոչ միայն միջազգային հարթակներում՝ ընդգրկելով նոր գործընկերների, այլև ՀՀ մարզերում՝ մշակույթի ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում: Նշենք, որ այս տարի փառատոնը սեպտեմբերի 28-ին կանցկացվի Շիրակի մարզում, իսկ հեկտեմբերի 4-ին՝ Սյունիքի մարզում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն