ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր նախաձեռնություններ Վարպետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարվա ընթացքում

Սեպտեմբերի 10, 2025
Մշակութային լուրեր

Վարպետի ծննդյան 150-ամյակի հոբելյանական տարում տուն-թանգարանը պատրաստ է այցելուներին ընդունել նոր նախաձեռնություններով:

Տարին կանցնի յուրահատուկ ցուցադրություններով, որոնք կբացահայտեն Վարպետի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը նոր տեսանկյունից։ Թանգարանում կկազմակերպվեն նաև բազմազան ու հետաքրքիր կրթական ծրագրեր՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար․ երեխաները հնարավորություն կունենան ինտերակտիվ խաղերի միջոցով բացահայտել Վարպետի աշխարհը։

Ի՞նչ կրթական ծրագրերի կարելի է մասնակցել Վարպետի տանը

️ «Ազգային երգը»

Երեխաները ծանոթանում են ազգային և պետական խորհրդանիշերին, ընթերցում «Ազգային երգը» ստեղծագործությունը, կատարում ազգային երգ, պար և մասնակցում ինտերակտիվ խաղի:

Ծրագիրը նախատեսված է 5-9-րդ դասարանների աշակերտների համար:

️️ «Էպոսի հետքերով»

Վարպետի տանն էպոսի թեմայով կան արժեքավոր նմուշներ: Երեխաները սահիկաշարի միջոցով ծանոթանում են հայոց էպոսին, քննարկում և մասնակցում «Ճի՞շտ, թե՞ սխալ» ինտերակտիվ խաղ-մրցույթին:

Ծրագիրը նախատեսված է 6-12-րդ դասարանների աշակերտների համար:

️️ «Վարպետը, ես և մայրաքաղաք Անին»

Երեխաներն Անիի մասին Վարպետի թողած հուշերի հետքերով երևակայական շրջայց են կատարում հայոց հինավուրց մայրաքաղաքում, այնուհետև հատուկ պատրաստված դետալների օգնությամբ վերակերտում Անիի Մայր տաճարը, պարիսպները, Մետաքսի ճանապարհի մի փոքր հատված, իսկ ավարտին գրառում են կատարում Անիի տպավորությունների մատյանում:

Ծրագիրը նախատեսված է 5-12-րդ դասարանների աշակերտների համար:

️ «Սևանը Հայաստանի աչքն է»

Երեխաները ծանոթանում են Սևանի նկատմամբ մեծ սիրո վերաբերյալ Իսահակյանի թողած հուշերին, տեղեկանում Սևանին սպառնացող վտանգների մասին, այնուհետև թանգարանի աշխատակցի օգնությամբ պատրաստում Սևանի մանրակերտը:

Ծրագիրը նախատեսված է 5-7-րդ դասարանների աշակերտների համար:

️️ «Թանգարանը քո ձեռքերում»

Երեխաները շրջում են թանգարանում` փորձելով գտնել քարտերի վրա պատկերված նմուշները: Նրանք բացահայտում են Իսահակյանի կյանքի ողջ ընթացքը` վաղ մանկությունից մինչև կյանքի ավարտը, որից հետո ունկնդրում են նրա բանաստեղծություններից երկուսը և փորձում վերարտադրել ինտերակտիվ եղանակով:

Ծրագիրը նախատեսված է 7-12-րդ դասարանների աշակերտների համար:

️️ «Նամականի»

Երկխոսության միջոցով երեխաները ծանոթանում են նամակի պատմությանը, Իսահակյանի նամակներին, այնուհետև կարդում և քննարկում նախապես իրենց

գրած նամակները, որոնք ուղղված են Վարպետին: Ավարտին երեխաները ստանում են պատասխան նամակներ, որոնք որպես պատգամ տանում են իրենց հետ:

Ծրագիրը նախատեսված է 6-9-րդ դասարանների աշակերտների համար:

️️ «Ի՞նչ է ասում առակը»

Ինտերակտիվ միջավայրում երեխաները ծանոթանում են ժողովրդական իմաստություններին, տեղեկանում, թե ի՞նչ է «պատմում» առակը: Դիդակտիկ խաղի միջոցով քննարկում են Իսահակյանի առակները, այնուհետև Վարպետի հարկի տակ պատրաստում իրենց առաջին գիրքը:

Ծրագիրը նախատեսված է 2-6-րդ դասարանների աշակերտների համար:

️️ «Արևի մոտ»

Երեխաներն ընթերցում և քննարկում են Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը, այնուհետև իրենց

երևակայությամբ ստեղծում հեքիաթի հերոսի համար ցանկալի միջավայր` օգտագործելով գունավոր թղթեր, ներկեր, մատիտներ: Ծրագրի ավարտին երեխաներն իրենց ցանկությունների և մաղթանքների թերթիկները փակցնում են ստեղծված աշխատանքին:

Ծրագիրը նախատեսված է 1-4-րդ դասարանների աշակերտների համար:

️️ «Եղնիկը»

Երեխաները լսում և քննարկում են համանուն պատմվածքը, հարցերի միջոցով վերապատմում բովանդակությունը, խաղում ինտերակտիվ և զվարճալի խաղ` վայրի և ընտանի կենդանիների մասին: Ծրագրի երկրորդ հատվածում ապլիկացիոն եղանակով ստեղծում են անտառի գեղեցիկ պատկեր, որտեղ երազում էր ապրել եղնիկը, ծառի տերևների վրա գրում ու փակցնում են իրենց ցանկությունները` ուղղված բնության պաշտպանությանը։ Երեխաները փորձում են բացահայտել բնությանը սպառնացող մի շարք խնդիրների առաջացման պատճառները և գտնել լուծումներ:

Ծրագիրը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և 1-3-րդ դասարանների աշակերտների համար:

«Վարպետը»

Կրթական ծրագիրը ներկայացվում է ֆիլմի տեսքով: Այստեղ Իսահակյանը պատմում է իր կյանքի ճանապարհի մասին։ Անիմացիոն պատկերներով ներկայացվում են նոր մանրամասներ Վարպետի կյանքից: Ավարտին Իսահակյանի կերպարով ստեղծված տիկնիկը երկխոսություն է սկսում երեխաների հետ:

Ծրագիրը նախատեսված է 5-12-րդ դասարանների աշակերտների համար:

️️ «Սոֆյա Քոչարյան»

Ֆիլմը պատմում է Իսահակյանի կնոջ կյանքի և գործունեության մասին` ներկայացնելով հայ կնոջ կերպարը, ով լավ մայր էր, լավ ընկեր և խորհրդատու:

Ծրագիրը նախատեսված է ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար:

«Ալագյազի մանիներ»

Մուլտֆիլմը ներկայացնում է Իսահակյանի համանուն պոեմը, որտեղ գեղեցիկ կերպով ներկայացված է Վարդավառի տոնակատարությունը։ Մուլտֆիլմում ցուցադրվում են ազգային ծեսերը, խաղերը, երգերն ու պարերը։

Մուլտֆիլմի դիտմանը հաջորդում են հետաքրքիր քննարկումը և հայկական ավանդական քոչարին։

Ծրագիրը նախատեսված է 1-6-րդ դասարանների աշակերտների համար։

Դպրոցական բաժանորդային տոմսով կարելի է մասնակցել հետևյալ ծրագրերին.

  • «Ավետիք Իսահակյան» ֆիլմի դիտում
  • Վարպետի մասին վավերագրական ֆիլմում հնչում է Իսահակյանի ձայնը, ցուցադրվում են նրա հոբելյանական միջոցառումից պատառիկներ։
  • «Սաադիի վերջին գարունը» պատմվածքի ընթերցում և քննարկում
  • Հավերժական սիրո մասին այս գեղեցիկ ստեղծագործությունը սովորեցնում է գնահատել կյանքի գեղեցկությունը և փիլիսոփայորեն մոտենալ կյանքին։
  • «Աբու-Լալա Մահարի» պոեմի ստեղծագործական պատմություն
  • Պոեմը Իսահակյանի ստեղծագործության գլուխգործոցն է, որի ուսումնասիրումը թույլ է տալիս բացահատելու Վարպետի փիլիսոփայությունը կյանքի հանդեպ։
  • «Գետակի վրա թեքվել է ուռին…» բանաստեղծության ստեղծման պատմություն, ընթերցում, քննարկում և կարաոկե տարբերակով երգի կատարում
  • Իսահակյանի բազում բանաստեղծություններ վերածվել են երգի։ Այս գեղեցիկ բանաստեղծությունն էլ ունի հետաքրքիր պատմություն և հնչում է շատ գեղեցիկ։ Երգի ունկնդրումն ու կատարումը առանձնակի հետաքրքիր է դարձնում կրթական ծրագիրը։
  • «Ամենապիտանի բանը» հեքիաթի ընթերցում և քննարկում
  • Այս հեքիաթի միջոցով կարելի է հասկանալ թագավորի իմաստությունն ու նվիրվածությունը։
  • «Երջանիկ խրճիթը» և «Մի մկան պատմություն» ստեղծագործությունների հիման վրա ստեղծված «Դե՛, անիմացրու» տեսահոլովակների դիտում։
  • Երեխաների կողմից ստեղծված փոքրիկ հոլովակները ավելի հետաքրքիր և մատչելի են դարձնում Իսահակյանի ստեղծագործությունները։

Սիրով սպասում ենք Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում