ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

Օգոստոսի 18, 2025
Լուրեր կազմակերպություններից

2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նոր ուստարում Հանրակրթության պետական չափորոշիչը ներդրված կլինի 1-11-րդ դասարաններում, իսկ վերջին՝ 12-րդ դասարանում այն կներդրվի հաջորդ տարվանից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ 2025-2026 ուսումնական տարին հայտարարվելու է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։ Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ստեղծել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որը ներառելու է բռնության կանխարգելման և հայտնաբերման մեխանիզմներ։ Նախատեսվում են նաև մեծածավալ վերապատրաստումներ՝ բռնության, բուլինգի և անվտանգության ապահովման թեմաներով։ Տարվա ընթացքում կկազմակերպվի նախագծային աշխատանքների հանրապետական էքսպո՝ դպրոցականների անվտանգությանը վերաբերող նախագծերով, կկազմակերպվեն բռնության ու բուլինգի մասին թատերական ներկայացումներ և ֆիլմերի դիտումներ, առողջ կենսակերպի խթանման նպատակով հանդիպումներ սպորտում հաջողությունների հասած մարզիկների հետ, աշակերտական համաժողովներ և կլոր սեղան քննարկումներ՝ «Անվտանգ և ապահով կրթություն» խորագրով։

Հանդիպմանն անդրադարձ է եղել կրթության ոլորտի մի շարք կարևոր հարցերի: Մասնավորապես, շեշտվել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տվյալների ճշգրիտ լրացման անհրաժեշտությունը և ուսուցիչների ծանրաբեռնվածության հաշվարկը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ ավելի քան 700 դպրոցներ արդեն ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ, և կարևորել դրանց ակտիվ կիրառումը բնագիտական առարկաների դասավանդման որակի բարձրացման համար:

Անդրադառնալով ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքներին՝ Արաքսիա Սվաջյանը խոսել է կամավոր ատեստավորման գործընթացի մասին, որի հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը: Նրա խոսքով՝ բոլոր առարկաներից ապահովվելու է թեստային առաջադրանքների բարդության համաչափությունը: Ուղեցույցներն այս տարի հրապարակվել են նախքան հայտագրումը, որպեսզի ուսուցիչներն ավելի լավ պատրաստվելու և ծանոթանալու հնարավորություն ունենան:

Կարևորելով հանրակրթության չափորոշի ներդրման շրջանակում իրականացվող աշխատանքները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հիմնական դպրոցի դասարանների համար նոր դասագրքերն հիմնականում առկա են՝ բացառությամբ մեկ-երկու դասագրքի: Ավագ դասարաններում մի շարք առարկաների համար նոր դասագրքեր չեն ստեղծվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կա՛մ հայտեր չեն ներկայացվել, կա՛մ ներկայացված հայտերը փորձաքննության շեմը չեն հաղթահարել: Նման դասագրքերի մրցույթները նորից են հայտարարվել: Իսկ 2025-2026 ուստարում նշված առարկաների դասավանդումն անհրաժեշտ է կազմակերպել հին դասագրքերով:

Այն առարկաները, որոնց ծրագրերն ամբողջությամբ փոխված են և չեն համապատասխանում հին դասագրքերին, կդասավանդվեն «ԿԶՆԱԿ» հիմնադրամի կողմից մշակված ուսումնական նյութերով, զուգահեռաբար դասավանդող ուսուցիչների համար կազմակերպվում են վերապատրաստումներ:

Խոսելով դպրոցներում երկարօրյա ծառայության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այն կրթության որակին և սովորողի խնդիրների լուծմանն ուղղված նոր գործիք է, որն անհրաժեշտ է առավել արդյունավետ կիրառել:

Չորրորդ և իններորդ դասարաններում՝ որպես նոր չափորոշչով ավարտողներ, քննությունները նոր ձևաչափով են կազմակերպվելու:

«ԲՏՃՄ առարկաներից իններորդ դասարանցիները կարող են ընտրել թեստային կամ նախագծային աշխատանք: Ինչ վերաբերում է «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների քննությանը, ապա այն արդեն երկու տարի է, ինչ էսսեի ձևաչափով է անցկացվում: Սովորողներին տրվում է պատմական որևէ իրադարձությանն առնչվող գրական որևէ ստեղծագործություն, որը սովորողները պետք է վերլուծեն՝ իրենց ստեղծագործական, քննադատական կարողություններին համապատասխան»,- տեղեկացրել՝ Արաքսիա Սվաջյանը՝ հավելելով, որ 12-րդ դասարանում քննություններն անցկացվելու են նույն ձևաչափով, ինչ նախորդ տարի:

Խոսելով է ՀՀ կառավարության՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման և վերակառուցման ծրագրի մասին՝ Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ Արարատի մարզում 33 դպրոց շինարարության փուլում է, որից 3-ն արդեն շահագործման են հանձնվել:

Անդրադարձ է եղել նաև առաջին դասարան չընդունված հատուկ կրթական կարիքներով երեխաների խնդիրներին: Կարևորվել է դպրոցների, ծնողների և հոգեբանների համատեղ աշխատանքը այս երեխաներին աջակցելու համար:

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում հանդիպում է տեղի ունեցել նաև նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և փոխտնօրենների հետ: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նախադպրոցական կրթության նոր չափորոշչով աշխատանքների ներդրմանը կաջակցեն 23 մենթոր նախադպրոցական հաստատություններ՝ իրականացնելով վերապատրաստումներ և մասնագիտական զարգացման աշխատանքներ:

Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ ողջ հանրապետությունում նախադպրոցական 63 մանկավարժ ունի տարակարգ, որից 11-ը՝ Արարատի մարզից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, մինչ խորհրդակցության մեկնարկը, ծանոթացել է Արարատի մարզի դպրոցների նախագծային աշխատանքների ցուցահանդեսին՝ շնորհակալություն հայտնելով էքսպոյի մասնակից աշակերտներին և նախորդ ուսումնական տարվա ընթացքում չափորոշչի ներդրումն ապահովող ուսուցչական կազմին՝ ներդրած հսկայական ջանքերի համար: «Միասին պետք է ունենանք դպրոցական այն միջավայրերը, որոնք հնարավորություն կտան ժամանակակից, արդիական, բոլոր պայմաններով հագեցած կրթություն կազմակերպել։ Ունենք այնպիսի ուսուցիչներ, որոնք տիրապետում են ժամանակակից մանկավարժության ամենաառաջադեմ և ամենաարդյունավետ մեթոդներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ կարևորելով ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացուման ծրագրերն ու աշակերտների համար բազմակողմանի կրթական ծրագրեր ներդնելու անհրաժեշտությունը:

Շնորհակալագրեր են հանձնվել «Ամսվա լավագույնները» անվանակարգի հաղթող ուսուցիչներին և Խոսրովի արգելոցում վերջերս բռնկված հրդեհի մեկուսացման աշխատանքներին մասնակցած Ուրցաձորի ու Վեդիի մի խումբ աշակերտներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն