ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսային և գործադիր տնօրեն Կամիլ Նովակին, որոնք Հայաստան են ժամանել բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը հետևելու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:
Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության անցկացումը Հայաստանին վստահելու համար:
«Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հյուրընկալել 21 երկրի հավաքականների և պատվիրակությունների: Սա մեր երկրում խաղային մարզաձևերից կազմակերպվող կարևոր խոշոր միջազգային միջոցառում է: ՀՀ կառավարությունը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներդրել են բոլոր ջանքերը՝ մրցաշարն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ՖԻԲԱ Եվրոպայի հետ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի համագործակցության զարգացումը:
Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ միջազգային մրցաշարերի հյուրընկալումը ՀՀ կառավարության սպորտային քաղաքականության կարևոր ուղղություններից է, որը ներառված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024–2030 թվականների ռազմավարության մեջ։
Ներկայացնելով բասկետբոլի զարգացման և մասսայականացման ուղղությամբ իրականացված ծրագրերը՝ նախարարը նշել է՝ այս տարի ՀՀ վարչապետի հովանու ներքո առաջին անգամ անցկացվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարը, որի համայնքային փուլերին մասնակցել է շուրջ 8 հազար դպրոցական՝ ՀՀ բոլոր մարզերից։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ նախատեսվում է ապագայում նմանօրինակ մրցաշարեր անցկացնել նաև համալսարանական մակարդակում։
ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսան շնորհակալություն է հայտնել ընդունելության և Եվրոպայի Մ20 տարեկանների B դիվիզիոնի առաջնության պատշաճ կազմակերպման համար:
«Եվրոպայի 21 հավաքականներ այս օրերին վայելում են Հայաստանի հյուրընկալությունը և լավագույնս կազմակերպված մրցաշարը: ՖԻԲԱ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային և հաճելիորեն տպավորված է մրցաշարի անցկացման որակից»,- ասել է Գարբախոսան՝ ընդգծելով, որ առանց պետական աջակցության՝ նմանօրինակ խոշոր մրցաշարի անցկացումը հնարավոր չէր լինի:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սպորտային ենթակառուցվածքների բարելավման, նոր մարզահամալիրների կառուցման և վերանորոգման ծրագրերը:
«Մեր երկրում անցկացվող միջազգային մրցաշարերը դիտարկում ենք որպես ներդրում սպորտային ենթակառուցվածքների հարստացման և գույքով համալրման ուղղությամբ, որոնք անպայմանորեն նպաստելու են կոնկրետ մարզաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը», - ընդգծել է նախարարը՝ հույս հայտնելով, որ ՖԻԲԱ Եվրոպայի հետ համատեղ առաջին նախաձեռնությունը կդառնա լավ նախադեպ՝ ապագայում ավելի շատ միջազգային միջոցառումներ Հայաստանում կազմակերպելու համար։
Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության Բ դիվիզիոնի շրջանակում Հայաստանի հավաքականը հուլիսի 18-ին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ՝ 9-16-րդ տեղերի համար պայքարում։ Հանդիպումը կկայանա Սպորտի կառավարման ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 18:30-ին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…