ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

Հուլիսի 3, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, որն առանցքային նշանակություն ունի սպորտում գրանցվող հաջողությունների և դրանց շարունակականության համար, և այս ուղղությամբ աշխատանքի կարևոր մաս է մարզադպրոցների, մարզիչների վերապատրաստումը։

«2023 թվականին առաջին անգամ անցկացվել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորում, որում ներառված էին նաև մարզադպրոցների մարզիչները: Այս գործընթացի մասնակցության ցուցանիշները և ստացված արդյունքները հավելյալ վկայում են այն մասին, որ վերապատրաստման գործող կարգը վերանայելու է, և նոր վերապատրաստումներ իրականացնելու անհրաժեշտություն կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ երկու տարվա ատեստավորման արդյունքներով 12 մարզաձևերից ատեստավորմանը մասնակցել են 272 մարզիչ-մանկավարժներ կամ այդ մարզաձևերի մարզիչների շուրջ 22.64%-ը: Նրանցից ատեստավորվել է 55-ը կամ այս մարզաձևերի մարզիչների ընդհանուր թվի շուրջ 5%-ը, ինչը բավական ցածր ցուցանիշ է։

«Ակնհայտ է, որ մարզչական գործունեությունը մարզիչներից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացում, և այդ իմաստով կանոնավոր գործիքակազմի բացակայությունը խոչընդոտում է նաև առաջխաղացմանն ու մասնագիտական աճին։ Այս խնդիրների կարգավորման նպատակով նախաձեռնել ենք վերապատրաստման այս ծրագիրը, որի նպատակն է՝ ապահովել մարզիչների պրակտիկ փորձի շարունակականությունը և միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախատեսվում է ըստ համապատասխան մարզաձևերի հրավիրել արտերկրի բարձրակարգ մասնագետների, որոնք կիրականացնեն վերապատրաստումները։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շահառու են մարզադպրոցներում աշխատող ավելի քան 2100 մարզիչներ: Վերապատրաստումն իրականացվելու է ամեն տարի՝ երեք օր տևողությամբ ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով, միջազգային ֆեդերացիաների կողմից մշակված ծրագրերի ու չափորոշիչների համաձայն:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ հաշվի կառնվեն տարբեր մարզաձևերով զբաղվողների վիճակագրությունը, ըստ այդմ՝ կընտրվի նաև յուրաքանչյուր տարվա համար վերապատրաստումների ուղղությունը: Ծրագիրը կիրականացվի մարզական ֆեդերացիաների հետ համատեղ՝ գործնական պարապմունքներն ու տեսական դասընթացները իրականացնելով համապատասխան հագեցվածություն ունեցող սպորտային կազմակերպությունում:

«2018-ի հետ համեմատ՝ նախորդ տարի ՀՀ պետական բյուջեից 3,5 անգամ ավելի միջոցներ են հատկացվել սպորտի ոլորտին: Մեծ ծավալով ենթակառուցվածքների զարգացման աշխատանք է արվում, տարբեր մրցաշարեր են կազմակերպվում: Եթե զուգահեռ չիրականացվեն նաև կարողությունների զարգացման և որակի ապահովման ուղղությամբ աշխատանքներ, կարծում եմ՝ ակնկալվող ընդհանուր արդյունքները թերի կլինեն: Այս ուղղությամբ ծրագիրը շատ կարևոր է՝ ամբողջական մոտեցում ունենալու տեսանկյունից»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է մասնագիտական կարողությունների զարգացմանը և միջազգային չափանիշներին համահունչ համակարգի գործարկմանն ուղղված նոր ընթացակարգը՝ շեշտելով, որ այն կարող է նպաստել նաև շահառուների վստահության մեծացմանը:

ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ վերապատրաստումներն ունենալու են իրենց դրական ազդեցությունը թե՛ ատեստավորման արդյունքների, և թե՛ նաև մարզիչների ավելի ակտիվ ներգրավվածության տեսանկյունից: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ մարզերի և Երևանի՝ առաջին անգամ կազմված մարզական վարկանիշային սանդղակին, որը մի քանի հիմնական բաղադրիչների վրա է հիմնված, այդ թվում՝ մարզիչների կամավոր ատեստավորման ցուցանիշների:

«Հաշվի են առնվում նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների կամավոր ատեստավորման ցուցանիշները, մարզադպրոցներում ընդգրկված երեխաների թիվը, ինչպես նաև ԿԳՄՍՆ կողմից կազմակերպվող միջոցառումներին և մրցաշարերին մասնակցող սովորողների համամասնությունը տվյալ մարզի ընդհանուր աշակերտների թվի հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ վերապատրաստման ծրագիրը կկազմի ամբողջական գործընթացի մաս՝ նպաստելով հետաքրքրության մեծացմանը և մասնակիցների թվաքանակի աճին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԴԱՍԱՊԼԱՆ 21 (LESSON PLAN) ,English 11 Unit 4: READING CORNER (pp. 85–86)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 85–86) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ընթերցանության տարբեր ռազմավարությունների (Skimming, Scanning, Detailed Reading) ձևավորում, տեքստի հիմնական…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 20 (LESSON PLAN) ,English 11Unit 4: PAST PERFECT CONTINUOUS (pp. 83–84)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «PAST PERFECT CONTINUOUS» (էջ 83–84) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Past Perfect Continuous (Անցյալ վաղակատար շարունակական) ժամանակաձևի կառուցվածքի, իմաստային…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 19 (LESSON PLAN) ,English 11Unit 4: GRAMMAR CORNER (pp. 80–81)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 80–81) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Քերականական կառույցների ճանաչում, աստիճանական յուրացում և ճիշտ կիրառում պարզ նախադասությունների…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 18 (LESSON PLAN) ,English 11Topic 4: ECOLOGY (pp. 74–75)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 4: ECOLOGY» (էջ 74–75) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Էկոլոգիային, շրջակա միջավայրի պահպանությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բառապաշարի…

  • ԴԱՍԱՊԼԱՆ 17 (LESSON PLAN) ,English 11,THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS (p. 73)

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հերմինե ջան, ահա էջ 73-ի («THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS») թեմայով դասապլանը՝ նույն ձևաչափով (ArmEdu ֆորումի ներածություն, առանց նկարների/էմոջիների, մեկ տողով բառապաշար, 5, 10, 15 րոպեանոց փուլերով): Դարձվածքները (idioms) և…