ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քննարկվել են փորձաշրջան անցնող, վերջիններիս մենթոր հանդիսացող տնօրենների գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր

Հունիսի 25, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ՀՀ մարզպետարանների կրթության վարչությունների ներկայացուցիչների, փորձաշրջանով նշանակված դպրոցների տնօրենների և վերջիններիս համար որպես մենթոր հանդիսացող տնօրենների հետ:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ կառավարության 2023 թ. փետրվարի 9-ի թիվ 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի փոփոխությունները:

Արաքսիա Սվաջյանը, մասնավորապես, կարևորել է փորձաշրջանով նշանակվելու հնարավորությունը՝ որպես տնօրենին այդ մեկ տարվա ընթացքում աջակցելու, օգնելու և առաջնորդական կարողությունները զարգացնելու գործիքակազմ: Նա կոչ է արել փորձաշրջան անցնող տնօրեններին լինել հետևողական և պահանջկոտ ինչպես սեփական գործելաոճում, այնպես էլ մենթոր տնօրենից, որը պետք է նպաստի տվյալ տնօրենի մասնագիտական աճին:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև փորձաշրջան անցնող տնօրենների՝ մենթոր տնօրեններիից սպասվող ակնկալիքները:

«Առաջին հերթին ակնկալում ենք դպրոցի կրթության որակի փոփոխություն՝ չափորոշչի ներդման աշխատանքների շրջանակում գործընթացների արդյունավետության կազմակերպմամբ՝ սկսած ուսումնական պլանի մշակումից մինչև դասընթացների՝ սահմանված վերջնարդյունքների ապահովում: Մյուսը ուսուցիչների մասնագիտական զարգացման ուղղությունն է, որտեղ շատ կարևոր է մասնագիտական զարգացման համակարգերը պատկերացնելը: Երրորդը դպրոցը որպես սոցիալական միջավայր ձևավորելուն ուղղված ջանքերը պետք է լինեն»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Նա հավելել է, որ հաշվի առնելով մենթորի ներդրած ջանքերը, որոնք համակարգի զարգացման վրա մեծ ազդեցություն են ունենում, քննարկվում են դրանք ատեստավորման գործընթացում որոշիչ դարձնելու հնարավորությունները:

Նշվել է, որ ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից մշակվել է ուղեցույց, որը պետք է օժանդակի մենթոր տնօրեններին իրենց աշխատանքը կազմակերպելիս և հնարավորինս արդյունավետ ու ճկուն իրականացնելիս: Արդեն իսկ 9 դպրոցում նշանակված են փորձաշրջան անցած տնօրեններ. ևս 2-ը, որոնք հարցազրույցի փուլը հաղթահարել են, կնշանակվեն առաջիկա օրերին:

Հանդիպման ավարտին ներկաները թեմայի վերաբերյալ ուղղել են իրենց հուզող հարցերը, որոնք, մասնավորապես, վերաբերել են գնահատման չափանիշներին, մենթորների ընտրության գործընթացին և այլն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն